Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնն իր 70-ամյա գործունեությամբ մայրաքաղաքի կարեւոր մշակութային օջախներից է, որի դերը հայ թատերարվեստի պատմության մեջ անուրանալի է: Լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունումՙ մեծ ավանդ ունի պատանիների գեղագիտական, գաղափարական դաստիարակության գործում:
Երեկ երեկոյան պատանի հանդիսատեսի թատրոնում Արիստոֆանեսի «Ամպեր» պիեսի բեմադրությունից հետո ժամանակավորապես կդադարեցվեն ներկայացումները շենքում: Պատճառը թատրոնի շենքի վթարային վիճակն է, որը տարիներ շարունակ անհանգստացրել է թատրոնի ղեկավարությանը: 30-ականների սկզբներին կառուցված փայտե շինությունը վերանորոգման խիստ կարիք ունի: Բավականին վտանգավոր վիճակում է ճեմասրահի առաստաղը: Ակադեմիկոս Քարամյանի վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամեն անգամ ճկվածքը ավելացել է: Շենքում չի գործում հակահրդեհային ոչ մի համակարգՙ սկսած էվակուացման դռներից: Ջրագծերը, ազդանշանային համակարգերը խափանված են: Եթե շենքում կայծ բռնկվի, երեխաները փախչելու հնարավորություն չեն ունենա: Այս վտանգավոր եւ աններելի անտարբերությունը նրանից է, որ թողտվությունը մեզանում գոյության նորմ է դարձել: Թեեւ հանուն արդարության թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանը նշեց, որ անցած տարիներին Երեւանի նախկին քաղաքապետներըՙ ե՚ւ Սուրեն Աբրահամյանը, ե՚ւ Ալբերտ Բազեյանը խոստացել են օգնել թատրոնին: (Սակայն առաջինը թատրոն այցելելուց մեկ ամիս անց նշանակվել է ՆԳ նախարարի պաշտոնում, երկրորդի դեպքում էլ դարձյալ ժամանակը չներեց): Ինչեւէ: Թատրոնի շենքը մնացել է նախկին վիճակում:
«Լինսի» հիմնադրամի մշակութային վերականգնման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւանի մի շարք մշակութային օբյեկտներիՙ թատրոնների, թանգարանների, պատկերասրահների վերանորոգում: Սակայն այս ցանկում, ի զարմանս նաեւ մասնագետներիՙ պատանի հանդիսատեսի թատրոնը չէր ընդգրկված: Թատրոնի ղեկավարության եւ աշխատակազմի բողոքներն ընդհուպ ՀՀ նախագահին, տվեցին որոշակի արդյունք: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի թատրոն կատարած այցելությունից հետո հատկացվեց վերանորոգմանն անհրաժեշտ գումարի գրեթե կեսըՙ առաջնահերթ խնդիրները լուծելու համար: Սակայն շուտով «Երեւան» նախագծային ինստիտուտի սկսած աշխատանքներն ընդհատվեցին ծրագրի տնօրեն պրն Մկրտումյանի գրությունից հետոՙ այն հիմնավորումով, թե նախատեսված գումարն անհրաժեշտից շատ քիչ լինելու պատճառով կփոշիանա: Այս վերաբերմունքը բողոք եւ դժգոհություն առաջացնելովՙ զանազան ենթադրությունների տեղիք է տվել: Այս մասին մեզ տեղեկություններ տվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանը:
- Չէ՞ որ նախապես գիտեին, թե որքան գումար է անհրաժեշտ: Ինչո՞ւ համաձայնեցին: Ծրագրի աշխատակիցներն ասում են, որ մենք մեղք չունենք, վերեւներից են ստիպում, որ պատանի հանդիսատեսի թատրոնը դուրս գա այս ցուցակից: Սա շատ վտանգավոր է. ես ենթադրում եմ, որ շենքն ինչ-որ մեկին «դուր է եկել»: Ըստ երեւույթին ուզում են շենքը հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի ավերակ դառնա, որից հետո մի ինվեստոր («լավ տղա») հայտնվի ու գումարներ դնիՙ իր պայմաններն առաջարկելով: Մենք լուրջ հարցադրում ունենք պետությանըՙ պե՞տք է պատանի հանդիսատեսի թատրոնը. եթե համարում են, որ այս շենքն իր պատմությամբ, նշանակությամբ արժեք ունի, ուրեմն թող պահպանեն: Այսօր այս շենքում պատանի հանդիսատես ընդունելը պոտենցիալ հանցագործություն է: Մենք ասում ենքՙ ամեն վայրկյան շենքը կարող է փլվել, բայց շարունակում ենք աշխատել այս պայմաններում: Իբրեւ տնօրեն, ես դեմ եմ այս թողտվությանն ու անտարբերությանը: Չնայած այս վերջին օրերին քաղաքա-պետ Ռոբերտ Նազարյանն այցելեց մեզ, ծանոթացավ խնդրին, խորհրդակցություն անցկացրեց եւ խոստացավ աջակցել: Մենք կպայքարենք «Լինսի» հիմնադրամից ստանալու մեզ հասանելիք գումարը, չհաջողելու դեպքում մեր խնդիրները կփորձենք լուծել ավելի համեստ բյուջեով: Սակայն մինչ այս հարցերի կարգավորումը, թատրոնում ներկայացումները կդադարեն: Առայժմ թատրոնը կգործի, բայց միայն փակ դիտումներ կլինեն, միաժամանակ բեմահարթակներ կփնտրենք վարձակալությամբ, կարծում եմ, մյուս թատրոնները բարեհաճ կգտնվեն այս դեպքում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ