«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2001-06-02 | #102, 2001-06-05 | #103, 2001-06-06


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԵՐԵՎԱՑԻՆ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Իսկ այցելուների մեջՙ կշտանալու նպատակ ունեցողները

«Արմպրոդէքսպո-2001» միջազգային ցուցահանդեսը կարելի է համարել ամփոփիչ Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման այս փուլի համար: Այն հստակ արձանագրեց գյուղմթերքների վերամշակման արդյունաբերության մի քանի ճյուղերի կայացումն ու լուրջ գործոնի վերածվելը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Միաժամանակ երեւացին այն ոլորտները, որտեղ տեղական արտադրությունը դեռեւս ցուցադրելու ոչինչ չուներ:

Հայաստանի սննդարդյունաբերության առաջատարն, անշուշտ, ոգելից խմիչքների, մասնավորապես կոնյակի արտադրությունն է: Վերջին 2_3 տարիներին մեր ամենաէլիտար խմիչքը ոչ միայն վերանվաճեց իր սպառման ավանդական շուկան (Ռուսաստանը եւ ԱՊՀ այլ երկրները), այլ նաեւ մուտք գործեց նոր շուկաներ: Անցյալ տարի Ռուսաստանում սպառված կոնյակի կեսը եղել է հայկական արտադրության: Հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի, «Գրեյթ վելլիի», ինչպես նաեւ Երեւանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատի, «ՄԱՊ» եւ մի քանի այլ ընկերությունների կոնյակներն սկսել են վաճառվել նաեւ Հյուսիսային Ամերիկայում, լատինամերիկյան երկրներում, Եվրոպայում, Հարավ-արեւմտյան Ասիայում:

Գինու եւ օղու արտադրության բնագավառում գործող ընկերությունները բազմաթիվ են: Ներքին շուկան միանշանակ փոքր է նրանց համար: Խոշոր ընկերությունները («Վեդի ալկո», Ավշարի գինու գործարան եւ այլն) արդեն հաջողություններ ունեն արտահանման հարցում, սակայն բազմաթիվ միջին եւ փոքր ընկերությունների համար այդ խնդիրը մնում է: Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրը որոշակի ուղիներ է գտնում իր ապրանքն արտերկիր դուրս բերելու համար, որտեղ այն արագ սպառվում է, սակայն առկա հնարավորություններն ավելի մեծ են: Հարկ է նշել, որ այս ճյուղի զարգացմանը նպաստել են միջազգային մի շարք ծրագրեր եւ ընկերություններՙ «Անդրե գրուպ», ԱՄՆ գյուղդեպարտամենտ, Լինսի հիմնադրամ եւ այլն:

Արտաքին շուկայում ճանաչվելու մեծ հնարավորություններ ունեն հայկական բնական մրգահյութերը: Շնորհիվ իրենց որակական եւ համային հատկանիշներիՙ դրանք կարող են ուղղակի անփոխարինելի լինել: «Սարդարապատ», «Նոյան» եւ այլ ընկերությունների մասուրի, խնձորի, ծիրանի, դեղձի եւ այլ հյութերը հիմնականում գրավել են ներքին շուկան, սակայն առայժմ ոգելից խմիչքների համեմատ արտահանման ծավալները մեծ չեն:

Հայկական գարեջրի («Կոտայք» եւ «Կիլիկիա») հաջողությունների մասին բազմիցս է ասվել, ուստի անիմաստ է կրկնելը: Մնում է հուսալ, որ այդ ուղին չի խաթարվի:

Մրգերի, բանջարեղենի պահածոները, ջեմերը եւ այլ արտադրատեսակները դեռեւս ներքին շուկայում հաստատվելու որոշակի ճանապարհ ունեն անցնելու: Այստեղ պատճառը ոչ թե որակն է, այլՙ բարձր գինը: Պատահական չէ, որ որոշ ապրանքատեսակներ, օրինակ, տոմատի մածուկը, առավել մեծ հաջողությամբ վաճառվում են արտերկրում, քանՙ Հայաստանում: Այդուհանդերձ, աշխատանքներ պետք է կատարվեն ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Հրուշակեղենի («Գրանդ քենդի», «Դարոյինք», մսամթերքի եւ կաթնամթերքի («Էտալոն ԳԱՄԱ», «Աթենք», «Աշտարակ-կաթ», Արզնու ԹՏԽ, Լուսակերտի ֆաբրիկաներ, «Թամարա» եւ «Շանթ» եւ այլն) արտադրությամբ զբաղվող ընկերությունները չնայած ժամանակ առ ժամանակ հայտարարում են արտաքին շուկա դուրս գալու իրենց հավակնությունների մասին, առայժմ բավարարվում են ներքին շուկայով: Հիմնականում ներքին շուկայում է սպառվում նաեւ ծխախոտ արտադրող ընկերությանՙ «Գրանդ տոբակոյի» արտադրանքը: Թանկարժեք եւ էլիտար «Սիգարոն» ծխախոտները, որոնք արտադրում է համանուն ընկերությունը, ընդհակառակը, գրեթե ամբողջությամբ արտահանվում են:

Հիշատակված ընկերությունների մեծ մասի արտադրանքը ներկայացված էր «Արմպրոդէքսպո-2001»-ում: Դատելով ցուցահանդեսի մթնոլորտիցՙ ենթադրելի է, որ ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ եւ «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ սննդատեսակներն առավել ճանաչելի կդառնան աշխարհում: Սակայն, դժբախտաբար, այս ճյուղի մի շարք ապրանքատեսակներ բացակայում էին ցուցահանդեսում:

Ներկայումս Հայաստանի ներքին շուկան շարունակում է հեղեղված մնալ ներմուծված եւ կասկածելի որակով կենդանական եւ բուսական յուղերով եւ կարագներով: Խորհրդային ժամանակներում բուսական յուղ էր արտադրվում Երեւանի ձեթ-օճառի կոմբինատում, որի անարդյունավետ սեփականաշնորհման հետեւանքով կոմբինատը չկարողացավ ժամանակի պահանջներին համապատասխան արտադրանք թողարկել: Կենդանական յուղի արտադրություն կազմակերպելը եւս հնարավոր է: Սակայն անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները դեռեւս ի զորու չեն շուկայի համար յուղ արտադրել: Չնչին են նաեւ տեղական թռչնաֆաբրիկաների թողարկած հավի մսի ծավալները: Շուկայում տիրապետող են «Սադիա», «Սաբկո» եւ այլ ընկերություններից ներմուծվող արտադրանքը: Կաթի փոշին եւս ներմուծվում է: Դրա մի զգալի մասը ստացվում էր որպես մարդասիրական օգնություն, որի վրա բացակայում են պիտանելիության ժամկետները: Տեղերումՙ մարզերում կաթի փոշու արտադրության ծրագիր ուներ «Գրանդ» ընկերությունների նախագահ Հրանտ Վարդանյանը, որը, սակայն, համենայն դեպս, առայժմ չի իրականացրել: Թվարկվածներն առավել լայն սպառման սննդատեսակներն են, որոնց տեղական որակյալ արտադրության ստեղծումը եւ շահավետ կլիներ այն կազմակերպողների եւ օգտակարՙ սպառողների համար:

Վերադառնալով «Արմպրոդէքսպո-2001»-ին, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն մեր դառն իրականությունն իր տհաճ անդրադարձն ունեցավ նաեւ այս միջոցառման վրա: Իրենց արտադրանքը ներկայացնող ընկերություններն այն նաեւ հյուրասիրում էին, ինչից էլ օգտվում էին ցուցահանդեսում իրենց ստամոքսը լցնելուց բացի այլ հետաքրքրություններ չունեցողները: Ստեղծվել էր հակասական վիճակ: Եվ եթե առաջին օրն ամեն ինչ անվճար եւ առատորեն հյուրասիրվում էր, ապա հաջորդ օրերին ցուցահանդեսի մասնակիցները պարտադրված էին սահմանափակել հյուրասիրությունը: Նույնն էր նաեւ մուտքը հսկող ոստիկանների կացությունը, որոնք փորձում էին զանազանել այցելուին կշտանալու նպատակ ունեցողից: Իհարկե, ցավալի է վերջիններիս առկայությունն ընդհանրապես, եւ դա նախկին եւ ներկա իշխանավորների խղճին է ծանրացած: Սակայն միջազգային ցուցահանդեսը չի կարելի վերածել բարեգործական ճաշարանի: Դրա համար անհրաժեշտ էր այցելուների համար (բացի հրավիրվածներից) սահմանել թեկուզ խորհրդանշական (ենթադրենք 500 դրամ) վճար, ինչն, ի դեպ, գործում էր ոսկերչության եւ ակնագործության ցուցահանդեսում (1000 դրամ): Չնայած, կարծում ենք, վերջին դեպքում դրա անհրաժեշտությունը չկար: Թանկարժեք զարդերը չէին նվիրում, եւ սոված այցելուներ չկային:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4