«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2001-06-06 | #104, 2001-06-07 | #105, 2001-06-08


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Անդրադառնալով ծխախոտի հայտարարագրված վճարների փոփոխություն նախատեսող օրենքի նախագծինՙ երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ իր գլխավորած նախարարությունն արտոնություններ որեւէ մեկին չի տրամադրում եւ նման նախագիծ չի ներկայացրել: «Ես իմ կարծիքը կառավարության նիստում ասել եմ: Կա կառավարության որոշում, որը ես կամ պետք է պաշտպանեմ, կամ դուրս գամ կառավարությունից եւ իմ կարծիքը հայտնեմ: Այլ տարբերակ չեմ ընդունում: Ես պատգամավոր կամ հասարակ քաղաքացի չեմ», նշեց նա: Ի պատասխան այս խնդրի վերաբերյալ Միջազգային արժութային կազմակերպությունից Հայաստանի կառավարությանը հղած փաստաթղթի մասին իր կարծիքը հայտնելու հարցին, նախարարը հայտնեց, որ նման նամակ իրեն չի հասել: Եթե այդպիսի նամակ լիներ, ապա, նրա հավաստմամբ, կքննարկվեր:

Նախարարին բնականաբար հարցեր պետք է ուղղվեին SAC-IV վարկի, Հայաստանի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջադրած պայմանների կատարման մասին: Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ հուլիսի 24-ին Միջազգային արժութային կազմակերպության ներկայացուցիչները «կգան, կնայեն, թերությունները կցուցանեն» եւ կախված դրանից կերեւա, թե վարկի գումարները ինչպես կշարունակվեն ստացվել: Եթե հայտնաբերվի, որ պարտքեր են կուտակվել, ծախսումները ճիշտ չենք կատարել, հնարավոր է, որ ծրագիրը դադարեցվի: «Իսկ հնարավո՞ր է, որ պարտքեր կուտակվեն» հարցին նախարարը պատասխանեց, որ ամեն բան հնարավոր է, քանի դեռ արձանագրված չէ, թե պարտքը որն է: Որպես սկզբունք ընդունվել է 30 օրը, որից հետո չվճարված գումարը համարվել է պարտք:

Նյու Յորքի համաժողովից հետո ստացված ներդրումային առաջարկների մասին Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ստացվել են 100 նման առաջարկներ, որոնցից 40-ն են իրատեսական: Նախարարը չկարողացավ նշել, թե գումարային առումով ինչ կարելի է ակնակալել այդ ծրագրերից: «Կան 1 մլն դոլար, 500 հազ. դոլար արժողությամբ ծրագրեր», նշեց նա եւ ավելացրեց, որ այն տեղեկությունները, թե ներդրումային առաջարկները որքան են եւ դրանցից որոնք կարելի է իրատեսական համարել, հրապարակել է Զարգացման հայկական գործակալությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4