«Մենք չենք կարող ասելՙ գնեք «Արարատցեմենտն» առանց այնտեղ այցելելու», այսպես պարզաբանեց պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը շվեյցարական «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչների այցը ձեռնարկություն: Նա տեղեկացրեց, որ այս ընկերությանն է պատկանում նաեւ Բաքվի ցեմենտի գործարանը (բաժնետոմսերի 86 տոկոսը), լուրջ ընկերություն է, որի շրջանառությունը տարեկան 44 մլրդ շվեյցարական ֆրանկ է: Ինչ վերաբերում է աշխատավորական կոլեկտիվին վաճառելուց խուսափելու եւ հետեւաբար գործարանի տնօրեն, նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, այսպես ասած, մեկուսացնելու հարցին, Դավիթ Վարդանյանը նշեց, որ պետությունն ունի գործարանը վաճառելու մի քանի հնարավորություն, եւ թե ո՞րը կընտրիՙ պետք է որոշվի պետական շահերից ելնելով: «Կոլեկտիվի շահերը պետք է բավարարվեն ողջամտության սահմաններում», ասաց նախարարը: Վերադառնալով «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչների այցին գործարան, նա ավելացրեց, որ խնդիրներ, ի տարբերություն առաջին այցելության, չեն առաջացել:
Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց, որ «Արարատցեմենտին» հավակնում են այլ ընկերություններ եւսՙ լիբանանյան «Սիմենտը», հունական «Տիտան ցեմենտը», «բրիտանական մի ֆիրմա» եւ աշխատավորական կոլեկտիվը: Նա խուսափողական պատասխաններ տվեց մի քանի ուրիշ հարցերի, նշելով, որ չի ցանկանում այլ մանրամասներ հաղորդել:
Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ «Ազգին» տված հարցազրույցում Արամ Սարգսյանը բացասաբար էր արտահայտվել գործարանի սեփականաշնորհման վերաբերյալ, պատճառաբանելով, որ չլուծված հակամարտության եւ ճանապարհների բացակայության պայմաններում դրա գինը բարձր չի լինի: Այդուհանդերձ, «Արարատցեմենտը» կառավարության որոշմամբ ընդգրկված է 14 առաջնահերթ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում, եւ որոշակի միտում է նկատվում (դատելով նաեւ պետական գույքի կառավարման նախարարի պատասխաններից) ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին այդ գործընթացից դուրս թողնելու:
Ա. Մ.