«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2001-06-06 | #104, 2001-06-07 | #105, 2001-06-08


ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ ՈՒԺԸ

Հայաստանի նկատմամբ սփյուռքահայության հետզհետե խորացող հուսախաբության եւ սփյուռքի նկատմամբ հայաստանցիների եսակենտրոն անտարբերության պայմաններում հաճախ է անտեսվում հայկական գաղթօջախների դերը նույնիսկ համահայկական նշանակության հարցերում: Բացառությամբ նյութական բնույթի կոնկրետ ներդրումների եւ նվիրաբերությունների, հայաստանյան հասարակական կարծիքին չի հետաքրքրում գաղութահայության կյանքը, նրա զոհողություններն ազգային արմատներին կառչած մնալու գործում, նրա աշխատանքն այս կամ այնՙ նույնիսկ համազգային կարեւորագույն ոլորտներում:

Ասվածի ամենատխուր օրինակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ֆրանսահայության կատարած դերի անտեսումն էր: Հայաստանյան մամուլը նշեց այդ հաջողության բոլորՙ կարելի եւ անկարելի պատճառները, սակայն ըստ արժանվույն չգնահատեց ֆրանսահայ գաղութի դերը, ինչը, անշուշտ բացասական շեշտադրումով, արեց անգամ թուրքական մամուլը:

Անշուշտ, Ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես հայանպաստ դիրքորոշումների ապահովման գործում չպետք է գերագնահատել ֆրանսահայության դերը: Այս դեպքում բազմաթիվ գործոններՙ սկսած հայկական դիվանագիտությունից մինչեւ տարածաշրջանային եւ նույնիսկ միջազգային հարաբերություններ ու հանգամանքներ, իրենց խոշորագույն դերն ունեցան: Սակայն ֆրանսահայությունն էր, որ ստեղծեց այն բարենպաստ մթնոլորտը, որում ձեւավորվեց այդ հաջողությունը: Այդ մթնոլորտը չստեղծվեց մեկ-երկու տարում: Տասնամյակների վրա տարածվող նյութական ու բարոյական զոհողությունների, նույնիսկ անձնազոհությունների հանրագումար արդյունքն է այդ մթնոլորտը: Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում ֆրանսահայության հանձնառու դիրքորոշումները եւ մասնակցությունը, գաղթականի կարգավիճակից մինչեւ լիարժեք եւ բարեկեցիկ քաղաքացի դառնալու ֆրանսահայերի օրինակելի վարքագիծը, ֆրանսիական մշակույթին եւ արվեստին նրա փայլուն մասնակցության դրսեւորումները, տեղական կյանքին ինտեգրվելու իրողությունը, եւ վերջապես համահայկական հարցերում նրա վճռական կեցվածքը ստեղծել են այն հողը, որի վրա Հայոց ցեղասպանության եւ համահայկական բնույթի որեւէ հարցի արծարծումը այդ երկրում դիտվում է բնական եւ տրամաբանական: Պատահական չէ, որ ֆրանսիական մամուլն ընդհանրապես դրական արձագանքեց նախագահ Ժակ Շիրակի եւ նրանից առաջ Ազգային ժողովի հայանպաստ դիրքորոշումներին, հակառակ որ երկրի տնտեսության համար գոնե ժամանակավորապես նախատեսվում էին կորուստներ «հակաթուրքական» այդ դիրքորոշման հետեւանքով:

Այժմ շատ դժվար է, եթե ոչ անկարելի, վերապատմել, ի մի բերել այն զոհողությունները, որոնք հատկապես 70-ական թթ.-ից հետո բազմաթիվ ֆրանսահայեր հանձն առան հանուն իրենց ժողովրդի իրավունքների, հանուն իրենց հայրենիքի: Ժամանակը մոռացության է տալու այն բազմաթիվ ֆրանսահայերիՙ պապիկներ, տատիկներ, երիտասարդներ, ովքեր ամեն առիթով, եւ ոչ միայն ապրիլի 24-ին, Լիոնից, Վալանսից, Մարսելից կամ Դեսինից ավտոբուսներով հավաքվում էին Փարիզի այս կամ այն պետական հաստատության կամ դեսպանության առջեւ, կանգնում ժամերով, իրենց բողոքը, զայրույթը, վերջապես իրենց պահանջատիրությունը ներկայացնելու:

Առաջին հայացքից խիստ հակասական գաղութ է ֆրանսահայությունը: Հակառակ բազմաթիվ ձեռնարկումներին, այստեղ ոչ մի կերպ չի հաջողվել ամուր հիմքերի վրա դնել հայ դպրոցը, չհաշված դեռեւս գործող մի քանի վարժարանները: Հայ եկեղեցին Ֆրանսիայում բնավ չի ունեցել ազգային այն դերակատարումը, ինչն այլ գաղութներում, ինչպես Մ. Նահանգներում, ունի: Մեր ավանդական կուսակցությունները, գրեթե առանց բացառության, Ֆրանսիայում չունեն այն կշիռը, որն ունեն մի շարք այլ գաղութներում: Ընդհակառակը, ֆրանսահայությունն իր ամբողջության մեջ ապակուսակցական է հայկական առումով: Ավելինՙ նույնինքն կուսակցությունների ներսում ֆրանսահայ կուսակցական կառույցները միշտ էլ դիտվել են որպես ըմբոստ, տարականոն: (Հիշենք 30-40-ական թթ. Արշակ Չոպանյանի եւ ուրիշ ռամկավարների հակասությունները ՌԱԿ Կենտրոնական վարչության հետ: Եվ հիշենք, թե քանի անգամ է ՀՅԴ Բյուրոն լուծարել Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեները): Ըստ երեւույթին այլախոհությունը բուն ֆրանսիական արմատներ ունի:

Սակայն գլխավոր եւ կարեւորագույն հարցերում համախոհությունն է հատուկ ֆրանսահայությանը: Եվ դրա լավագույն դրսեւորումներից մեկը 1988-ի երկրաշարժից հետո ֆրանսահայության սրտացավ, անմիջական վերաբերմունքն էր դեպի աղետյալ Հայաստան: Առ այսօր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում, Ֆրանսիայի մասնաճյուղն առաջատարն է ճիշտ, տեղին ու գործնական ծրագրեր կազմելու եւ դրանք մինչեւ վերջ իրականացնելու գործում: Ոչ առատաձեռն, խնայասեր ճանաչված ֆրանսահայությունը, լումա-լումա հավաքելով գումարները, նախանձախնդիր կասկածամտությամբ հետեւելով դրանց ծախսումներին, Հայաստանում թե Արցախում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, մեզ հրաշալի օրինակ տալով եվրոպական տնտեսվարության մասին:

Պատմական մեկ այլ դրսեւորում էր ֆրանսահայության մասնակցությունը, այո, ուղղակի մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը 80-ականների վերջերին: Ոչ մեկ գաղութ տեղի միջազգային մամուլը հօգուտ այդ շարժման օգտագործելու այդքան հնարավորություն չստեղծեց, որքան ֆրանսահայ համայնքը: Եվ ոչ մեկ գաղութ այդքան մոտիկից օր-օրի չարձագանքեց, ցուցական եւ այլ դրսեւորումներով չաջակցեց այդ շարժմանը, որքան ֆրանսահայությունը:

Եվ վերջապես, համախոհության լավագույն դրսեւորումը հանդիսացավ 1994 թ. Փարիզում ստեղծված «Ապրիլ 24» կոմիտեն, որ վերջերս վերամկրտվեց «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման հանձնախումբ» (ՖՀԿՀՀ) անունով: Ավելի քան 20 կազմակերպություններ ներկայացնող այդ հանձնախումբը, Ալեքսի Գյովճյանի գլխավորությամբ, հայկական նկարագրին անսովոր կենտրոնացմամբ, լոբբիինգի աշխատանք կազմակերպեց եւ շարունակում է կազմակերպել ընդդեմ ժխտողականության (negationism) կամ ուրացումների, հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ, այժմ, դրան օրենքի գործադրման ուժ տալու, այդ գործում ներգրավելով ֆրանսիական քաղաքական գործիչների, երեսփոխանների, մտավորականության եւ մամուլի ներկայացուցիչների: Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես հայերեն գրեթե չիմացող այդ տղաներն ու աղջիկները, բոլորն էլ արդեն 3-րդ սերնդի ներկայացուցիչներ, այդքան կազմակերպ աշխատանք են տանում ի խնդիր հայկական մտահոգությունների լուծմանՙ հաղթահարելով բոլոր տեսակի խոչընդոտներն ու հուսախաբությունները: (Այսօր ՖՀԿՀՀ-ն կանգնած է ներքին կազմակերպական նոր դժվարության առջեւ, որին «Ազգը» համակողմանի կանդրադառնա առաջիկա շաբաթ):

Այժմ, արդեն 6 տասնամյակ, լույս չի տեսնում Ա. Չոպանյանի «Անահիտը», լույս չի տեսնում Հովհ. Պողոսյանի «Ապագան», սակայն փոխարենն արդեն 76 տարի իր առաքելությունն է շարունակում «Յառաջը», որը դարձել է յուրօրինակ մի ինստիտուտ, ազգային հաստատություն: Փոխարենը շարունակվում է 41 տարի առաջ Ավետիս Ալիքսանյանի հիմնադրած «Աշխարհ» շաբաթաթերթըՙ բարեփոխված դիմագծով ու մոտեցմամբ: Գործում է ՀՅԴ «Կամք» պաշտոնաթերթը: Փոխարենը երեւան են եկել բոլորովին եվրոպական տեսքով ու բովանդակությամբ «Nouvelles d՚Armenie» «France-Armenie», «AZAD» ամսագրերըՙ բոլորն էլ միտված դեպի Հայաստան, Արցախ եւ սփյուռք: Վերջին տասնամյակում լույս է տեսնում նաեւ ծավալով փոքրիկ, սակայն դերակատարությամբ մեծ մի շաբաթաթերթՙ ՀԲԸՄիության «La lettre d՚UGAB»-ը, որը խիտ եւ ամփոփՙ ֆրանսիական քաղաքական շրջանակներին տեղեկացնում է հայության եւ հատկապես ֆրանսահայության կյանքը, գլխավոր խնդիրները, դիրքորոշումները: Հաջողությամբ շարունակվում է «Այբ» շուրջօրյա ռադիոկայանի գործունեությունը, որն, ի դեպ, ամիսը 1 անգամ ուղիղ եթեր է տրամադրում Ֆրանսիայում ՀՀ դեսպանինՙ ունկնդիրների հարցերին պատասխանելու:

Այո, ֆրանսահայ մամուլն այսօր ե՚ւ ստեղծողն է, ե՚ւ արտահայտիչը ֆրանսահայ կազմակերպ ուժի: Ուժ, որը աչալուրջ վերաբերմունքի դեպքում խոստանում է ուղիղ համեմատականը լինել համաշխարհային գործընթացներում եվրոպական դերի մեծացմանըՙ հայկական իրականության համար իր օգտակար հետեւանքներով:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4