Երեկ «Ջրաշխարհի» աշխատակազմը հաճելի եռուզեռի մեջ էր, նախապատրաստական վերջին աշխատանքներն էին կատարվում, իսկ ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրելՙ թարմ տեղեկություններ հաղորդելու այս տարվա հիմնական փոփոխություն-նորությունների մասին: Ասուլիսն անցկացրին «Ջրաշխարհի» տնօրեն պրն Ջանիաշյանը, «Վալենսիա» հյուրանոցի տեր Մութալ ալ Խաթիբը եւ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ նախագահ Խ. Խաչատրյանը:
«Ջրաշխարհի» հիգիենիկ վիճակը, ջրի ախտահանումը եւ անվտանգության հարցերը մնում են ուշադրության կենտրոնում: Անընդհատ գործող ալիքը (որին կնպաստի հավելյալ II համակարգը) այցելուների համար կստեղծի ծովի հաճույքը վայելելու «պատրանք»: Ողջ շրջանի համար 3 մլն լիտր քանակությամբ օգտագործվող ջուրը լցվում է արտեզյան ջրերիցՙ մեկ անգամ: Ջուրն անհրաժեշտ քիմիկատներով հականեխվում է 4 ժամվա ընթացքում, իսկ ջրի կորուստը օրական կազմում է 2 տոկոս:
Իսկ ինչ նորություններ են սպասվում այս տարի «Ջրաշխարհի» այցելուներին: Ջրային խելահեղ պտույտների, ատրակցիոնների պատճառած զվարճանքն ու հաճույքը թերի կլինեն առանց սպասարկման պատշաճ մակարդակի: Այս հանգամանքը հաշվի առնելովՙ այստեղ աշխատանքի են ընդունվում հաճելի եւ բարեհամբույր երիտասարդներ, որոնք տիրապետում են վարվեցողության կանոններինՙ նախապես հատուկ դասընթացներ անցնելով: («Ջրաշխարհում» աշխատում է 780 մարդՙ 30000-35000 դրամ միջին աշխատավարձով. ըստ աշխատանքի մակարդակի աշխատավարձը բարձրացվում է):
Վերանորոգվում է ռեստորանը. ավելացել են սննդի կետերը: Պաղպաղականոցի փոխարեն կառուցված թոնրատունն իր հարմարություններով հաճելի կլինի ազգային ճաշատեսակների առատությամբ, հատուկ սպասարկումով եւ հետաքրքիրՙ օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Բարձրադիր նորակառույց, 2 մասնաշենքերով հյուրանոցային համալիրըՙ 5-աստղային հյուրանոցի չափանիշներին համապատասխան, (100 մարդու համար, 58 առանձնասենյակներով) շահագործման կհանձնվի մինչեւ հուլիսի 10-15-ը: 1 օրվա համար սահմանված 70 դոլարը համարվում է մատչելի: Նախատեսված է տրանսպորտային անվճար ծառայություն (օդանավակայանից հյուրանոց): Հատկապես օտարերկրյա հյուրերի համար ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնցով հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում (քանի որ բարձր գները եւ սպասարկման ցածր մակարդակը հյուրերին հիասթափեցնելու առաջին պայմանն են):
Այսօրՙ ժամը 12-ին, «Ջրաշխարհը» բացում է 2001 թ.-ի իր նոր շրջանը: Տոմսերի արժեքը 3600 դրամ է, շաբաթ, կիրակի օրերինՙ 4200 (120 սմ-ից բարձր հասակ ունեցողներին), 3100 դրամ (90-ից ներքեւ): Խմբակային այցելությունների դեպքում (ուսումնական, աշխատանքային կոլեկտիվներ, ընտանիքներ) կատարվում են զեղչեր մոտ 30 տոկոսով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ