Մատակարարված ջրի դիմաց վարձավճարների հավաքման հարցը շարունակում է մնալ համակարգի աքիլլեսյան գարշապարը: Վճարման մակարդակը խիստ ցածր է, սպասարկող ձեռնարկությունները գտնվում են ծանրագույն վիճակում, խողովակաշարերը մաշված են, ջրի կորուստներըՙ հսկայական եւ այլն: Այս խնդիրները փոխկապակցված են եւ առաջին հայացքից դժվար է որոշել, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մինչդեռ խնդիրն այնքան էլ խճողված չէ եւ նման իրավիճակից դուրս գալու փորձ արդեն ունենք:
Տարիներ առաջ համանման կացություն էր էլեկտրամատակարարման ոլորտում: Այն ժամանակ որոշվեց սկսել մատակարարված էլեկտրաէներգիայի հաշվառումից: Զանգվածաբար էլեկտրահաշվիչները դուրս բերվեցին բնակարաններից: Պատկերը հստակ արձանագրվեց, յուրաքանչյուր բաժանորդ սկսեց վճարել ըստ իր սպառած էլեկտրաէներգիայի: Հետեւաբար, ջրամատակարարման խնդիրների կարգավորման հիմքում նույնպես պետք է դրվի ջրի հաշվառման, ավելի կոնկրետՙ ջրաչափերի տեղադրման հարցը: Գոյություն ունի նաեւ կառավարության համապատասխան որոշումՙ ընդունված 1999 թ. մարտի 13-ին: Սակայն այդ որոշումը, ինչպես եւ սպասվում էր, մնաց թղթի վրա: Պատճառն այն էր, որ ջրի հաշվիչների ձեռքբերումն ու տեղադրումը ըստ որոշման պետք է կատարվեր բաժանորդների հաշվին:
Նման մոտեցումն անհեթեթ է այն պատճառով, որ նախ եւ առաջ ջրամատակարար կազմակերպությանն է անհրաժեշտ հաշվառել իր մատակարարած ապրանքիՙ տվյալ դեպքում ջրի սպառման ցուցանիշները եւ դրա դիմաց ստանալ համապատասխան վարձավճարները: Հաջորդ պատճառն այն է, որ բաժանորդների գերակշիռ մասի սոցիալական վիճակը հնարավորություն չի տալիս վճարել հաշվիչների տեղադրման համար, իսկ առանց դրանց նրանք գերադասում են ընդհանրապես չվճարել: Ճիշտ է, պետք է նշել նաեւ, որ չվճարողների հիմնական մասը ջուրը շռայլող եւ սոցիալապես ապահով խավն է:
Կառավարության վերոնշյալ որոշման արդարացի եւ իրատեսական լինելու մասին կարծիք հայտնելու խնդրանքով դիմեցինք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանին: Վերջինիս կարծիքով, միանշանակ չի կարելի ասել, թե որ տարբերակն է ճիշտՙ հաշվիչները բնակչությա՞ն, թե՞ պետության հաշվին տեղադրելը, քանի որ երկուսի ֆինանսական հնարավորությունները գրեթե նույնն են: Գագիկ Մարտիրոսյանը գտնում է, որ ցանկացած դեպքում հաշվիչը պետք է տեղադրվի: Դրանից կշահի ե՚ւ պետությունը, ե՚ւ քաղաքացին: Սակայն Ջրային տնտեսության կոմիտեի պետը գտնում է, որ հիմնական խնդիրը բնակչի գումար չունենալն է եւ առաջարկում է մեկ այլՙ այլընտրանքային տարբերակ, որն այս տարի առաջարկվելու է գյուղացիներինՙ ոռոգման ջրի մատակարարման դեպքում:
Այն էՙ բաժանորդին տրամադրել մատչելի վարկ, որի տոկոսները բանկին կվճարի ջրամատակարար ընկերությունը: Այս դեպքում, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, կշահեն բոլորըՙ ջրամատակարարը, բանկը, բաժանորդը: Անշուշտ, այս առաջարկն ավելի լավն է, քան այն, ինչ նախատեսված է կառավարության որոշմամբ: Վերջինիս լրամշակման անհրաժեշտությունը Գագիկ Մարտիրոսյանը եւս ընդունում է, եւ դատելով նրա խոսքի տրամաբանությունից, դա կարվի իր ներկայացրած առաջարկի տեսքով: Սակայն հիմնական հարցը դարձյալ չի լուծվում: Հաշվիչի տեղադրումը մնում է բաժանորդի վրա, ինչը բացի անտրամաբանական լինելուց, դարձյալ որոշումը չիրագործելու վտանգի առաջ է կանգնեցնում: Իսկ որ հաշվիչների տեղադրումը օր առաջ անհրաժեշտ է, խոստովանում է նաեւ Ջրային տնտեսության կոմիտեի պետը: Ուրեմն ի՞նչ է մնում անել: Կարծում ենք, որ կա եւս մեկ տարբերակ, որն ավելի իրատեսական է եւ շահավետ բոլոր կողմերի համար, եւ որը կարելի է կիրառել առայժմ գոնե Երեւանում:
Մայրաքաղաքում բաժանորդների թիվը 250 հազ. է: Ջրաչափերի գինը տատանվում է 20 դոլարի սահմաններում: Այսինքնՙ դրանց տեղադրման ընդհանուր արժեքը կկազմի 5 մլն դոլար: Այդ թիվը, նկատի ունենալով, որ որոշ բազմաբնակարանային շենքերում անհրաժեշտ է տեղադրել 2 հաշվիչ, կարող է փոքր-ինչ մեծ լինել: Այդուհանդերձ, դժվար չէ մի քանի տասնյակ միլիոն դոլարի վարկային ծրագրերից, որոնք տրամադրվում են ջրամատակարարման համակարգի բարելավման համար, 5 կամ 6 մլն դոլարը հատկացնել մայրաքաղաքի բնակիչների բնակարաններում հաշվիչների տեղադրմանը: Այսինքնՙ վարկը բաժանորդին տալու փոխարեն, տրվի պետությանը: Վերջինս այդ գումարով կտեղադրի հաշվիչներ եւ ջրի սակագնի մեջ կմտցնի վարկի եւ նրա տոկոսների մարման արժեքը: Ինչպես բազմատարիֆային էլեկտրական հաշվիչների եւ գազահաշվիչների տեղադրման դեպքում, կարելի է գանձել նաեւ ջրի հաշվիչի տեղադրման կանխավճարըՙ հետագայում բաժանորդին մատակարարած ջրով մարելու պայմանով: Այս տարբերակը թերեւս միակ իրատեսականն է եւ ապացուցել է իր կենսունակությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ