ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունիսի 15-ի համարում «Ազգն» անդրադարձավ թուրքական պաշտոնական «Անատոլու» գործակալության տեղեկագրությանը, ըստ որի, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի եւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիՙ ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչներն իբր հանդիպել են Հյուսիսային Իրաքի «Մախմուր» ռազմական ճամբարում:
Հայկական ժողովրդային շարժման Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը բացարձակ հերյուրանք որակեց գործակալության վերոհիշյալ տեղեկագրությունը, ընդգծելով, որ սա ընդամենը թուրքական գաղտնի ծառայության ապատեղեկատվությունն է: Այդ ընթացքում մեր խմբագրության ունեցած արխիվային տվյալները ցույց տվեցին, որ ԱՍԱԼԱ-ն իր կապերը PKK-ի հետ խզել է դեռեւս 1982-ին:
Անկախ «Անատոլու» գործակալության տեղեկագրության նկատմամբ պրն Պետրոսյանի մոտեցումից, ինչպես նաեւ ԱՍԱԼԱ-ի եւ PKK-ի կապերի խզման մասին «Ազգում» արխիվային տվյալների առկայությունից, հարկ է նշել, որ Հյուսիսային Իրաքը որպես թռիչքազերծ գոտի ամբողջությամբ վերահսկվում է Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի կողմից: Ավելին, սա այն տարածքն է, ուր թուրքական զինված ուժերն ազատ ելումուտ ունեն, թուրքական գործակալներն ամերիկյանների հետ այնտեղ վխտում են, իսկ Հյուսիսային Իրաքի քուրդ առաջնորդներ Մասուդ Բարզանին եւ Ջալալ Թալաբանին Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով են ճանապարհորդում:
Ակնհայտ է, որ թուրքական զինված ուժերի հաճախակի ներխուժումներն ապահովում են Թուրքիայի եթե ոչ լիարժեք, գոնե մասնակի ռազմական ներկայությունը Իրաքի հյուսիսում: Ուրեմն այս տարածքն անվտանգության առումով չի կարող ապահով լինել ոչ ԱՍԱԼԱ-ի, ոչ էլ PKK-ի համար: Այլ կերպՙ եթե ԱՍԱԼԱ-ն իր կապերը PKK-ի հետ խզելու փոխարեն վերահաստատելու մտադրություն ունենար, ապա հանդիպման համար շատ ավելի բարենպաստ վայր կընտրեր, քան թուրքական զինված ուժերի համար ջրի ճամփա դարձած Հյուսիսային Իրաքը:
Ուրեմն հարցը ԱՍԱԼԱ-PKK մտացածին հանդիպումը չէ, այլ թուրքական գաղտնի ծառայությունների երեւակայության արդյունք այդ հանդիպման միտումները: Ահա թե ինչու պրն Պետրոսյանը «Անատոլու» գործակալության հաղորդագրության առնչությամբ ասում է, որ նպատակը Հայաստանն իբրեւ ահաբեկչությունը պաշտպանող ու քաջալերող երկիր ներկայացնել է: Եթե մենք նրա խոսքերը համադրելու լինենք վերոհիշյալ գործակալության հաղորդագրության հետ, թե իբր PKK-ն չի շեղվել իր նպատակներից եւ մեծ կարիք ունի Հայաստանի օգնությանը եւ բարեկամությանը, ապա քրդական այս կազմակերպությունը թուրքերի համար կդառնա Հայաստանն իբրեւ ահաբեկչությունը պաշտպանող ու քաջալերող երկիր ներկայացնելու արդյունավետ միջոց:
Թուրքիայի միտումները, ինչ խոսք, Հայաստանն ահաբեկչությանն աջակցող երկիր ներկայացնելու համար PKK-ին որպես արդյունավետ միջոց օգտագործելով չեն սահմանափակվում: Հայաստանն իբրեւ ահաբեկչությանն աջակցող երկիր ներկայացնելը Թուրքիայի տեսակետից նշանակում է մասնակիորեն մեղմել իր հակահայկական քաղաքականության վատ տպավորությունը միջազգային ասպարեզում, թերեւս դրանով նպաստել հայերի նկատմամբ թուրքական թշնամանքն արդարացնելու նախադրյալների ստեղծմանը, միաժամանակ տուրք տալ այն միջազգային ուժերին, որոնք ամեն կերպ փորձում են Հայաստանը դասել քրդական գործոն ունեցող երկրների շարքը:
PKK-ին աջակցելու մեջ մեղադրելով Հայաստանինՙ Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում կոնֆլիկտային լրացուցիչ պաշար է ստեղծում այդ ընթացքում, PKK-ն էլ իր հերթին մեղադրվում է Հայաստանի հետ իբր համագործակցելու մեջ, եւ վերջապես մտացածին այդ աջակցության եւ համագործակցության մեղադրանքները Թուրքիայի ձեռքին ազդեցության հավելյալ լծակ են դառնում ինչպես Հայաստանի, այնպես էլ PKK-ի վրա ճնշում գործադրելու համար:
Թուրքական վերոհիշյալ միտումները նոր չեն: Պարզապես նորը դրանց վերստին ի հայտ բերումն է եւ զուգադիպումը վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությանը. «Թուրքիան կբարելավի իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները եւ վերջինի հետ Նախիջեւանի վերամիավորման համար անվտանգ ցամաքային միջանցք ստեղծի»: