«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2001-06-14 | #110, 2001-06-15 | #111, 2001-06-16


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՉՍՏԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՀԱՄԱՐ

Սոցիալական դժվարին կացությունը ստիպել է գյուղատնտեսության բնագավառի գիտնականներին դիմել «Ազգ» օրաթերթի խմբագրությանըՙ ներկայացնելու իրենց նամակը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

25 գիտնականների ստորագրությամբ նամակում նշելով, որ Հայաստանը ագրարային երկիր է եւ որ հանրապետության եկամտի գերակշռող մասն ապահովում է գյուղատնտեսությունը, նամակագիրներն իրենց զարմանքն ու բողոքն են հայտնում հանրապետության կառավարությանը եւ ֆինանսների նախարարությանը: Գյուղատնտեսության բնագավառի գիտնականները դժգոհում են, որ 2000 թ. հուլիսի 1-ից մինչեւ այսօր պայմանագրով նախատեսված «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակներում թեմաները կատարող գիտնականները վարձատրություն չեն ստացել:

«Մեծարգո նախագահ, դժվար է պատկերացնել, թե որքան վիրավորական է այն փաստը, որ գյուղատնտեսության բնագավառի գիտաշխատողների վարձատրությունը բյուջեում նախատեսված է այլ ծախսերի հոդվածով, որից օգտվելովՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ազգային ժողովում սպեկուլյացիայի դիմելովՙ բազմիցս հայտարարել է, որ գիտության հանդեպ աշխատավարձի պարտք չունեն: Եվ դա այն դեպքում, երբ միայն «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակներում 400-ից ավելի գիտաշխատողներ պայմանագրով նախատեսվածՙ կառավարությունից հասանելիք աշխատավարձը շուրջ մեկ տարի չեն ստացել»:

Պետբյուջեից ֆինանսավորվող բոլոր թեմաների հարյուրավոր գիտաշխատողներ չեն ստացել մի քանի ամիսների աշխատավարձը, ինչպես նաեւ արտադրության եւ լաբորատոր ուսումնասիրությունների ծախսերի գումարները:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության քմահաճ ու անտարբեր վերաբերմունքից ծայրահեղ լարված վիճակում հայտնված գիտնականները դիմում են ՀՀ նախագահինՙ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության բնագավառի գիտաշխատողների արժանապատվությունը վերականգնելու:

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, «Ագրոպրես» եւ «Ագրոգիտասփյուռ» կազմակերպությունների աշխատակիցները եւս չեն ստացել մոտ 8 ամսվա աշխատավարձը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4