«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2001-06-14 | #110, 2001-06-15 | #111, 2001-06-16


ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ

Վերջին շրջանում Լոռու մարզում, մասնավորապեսՙ Վանաձորում, ստեղծվել է քրեական բարդ իրավիճակ, որը տարբեր լրատվամիջոցների կողմից տարբեր մեկնաբանություններով է ներկայացվում:

Լոռու մարզի ՆԳ վարչությունում գրանցված տեղեկագրերով կփորձենք մանրամասն անդրադառնալ ապրիլ-մայիս ամիսներին կատարված եւ բացահայտված հանցագործություններին:

Ինչպես տեղեկացանք Լոռու մարզի ՆԳ վարչությունից, միայն այս տարվա անցած ամիսներին բացահայտվել է նախորդ տարիներին կատարված եւ չբացահայտված 39 հանցագործություն, որից 21-ը կատարվել է ոչ ակնհայտ պայմաններում:

Ընդհանրապես, գերակշռում են ալյումինի եւ գունավոր այլ մետաղների, անձնական ու պետական ունեցվածքի գողությունները, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատումների, զինծառայությունից խուսափելու դեպքերը, դժբախտ պատահարները եւ այլն: Հաճախակի են դարձել նաեւ ինքնասպանության դեպքերը: Ընդհանրապես, վերջին երկու ամիսների ամփոփագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների հիմնական մասը կապված է սոցիալական ծանր վիճակի հետ:

«Խրոնիկական» բնույթ են կրում գունավոր մետաղներ պարունակող հաղորդալարերի եւ կաբելների գողությունները, որոնց «հեղինակները» հաճախակի են հայտնվում մեկուսարանում, սակայն մշտապես ի հայտ են գալիս նորանոր «մետաղագործներ»:

Անցած երկու ամիսներին հաճախակի են «թակարդն ընկել» հետախուզվողները, որոնց մեծ մասը զորակոչից խուսափողներ են:

Ապրիլի 2-ին Վանաձորի ՆԳ բաժին բերման է ենթարկվել Կիսլովոդսկում ձերբակալված, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար հետախուզվող 26-ամյա Մհեր Հակոբյանը, իսկ ապրիլի 6-ին Վանաձորի Տարոն-2 թաղամասում հայտնաբերվել է նույնատիպ հանցագործության համար հետախուզվող Մարտուն Փոգրարյանը: Ապրիլի 8-ին Դոնի-Ռոստովից Վանաձոր է բերվել ինքնասպանության հասցնելու համար հետախուզվող Յուրիկ Կարապետյանը: Ապրիլին մեկ տասնյակից ավելի հետախուզվողներ են հայտնաբերվել եւ 7 հանցագործի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բնակարանային գողությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնց գերակշիռ մասը բացահայտվել է:

Ապրիլի 29-ին Տաշիրի Սարատովկա գյուղի ավտոմատ հեռուստակայանի դռան փականը ջարդելով, անհայտ անձինք գողացել են պալադիումի համաձուլվածքի հաղորդալարեր: Նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է ՀՀ պետեկամուտների նախարարության Գոգարանի մաքսատան աշխատակից Արամ Զաքարյանը: Հետագայում նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում Ա. Զաքարյանն իր հանցակից Քաջիկ Ստեփանյանի հետ (Վանաձոր քաղաքի բնակիչ) նմանատիպ գողություններ է կատարել Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի, Թումանյանի եւ այլ տարածաշրջանների 16 բնակավայրերից ու Վանաձորիցՙ պետությանը պատճառելով հսկայական վնաս: Ավելորդ է նշել, թե իր արժեքից որքան ցածր գնով է մետաղը որպես ջարդոն հանձնվել ձեռներեցներին:

Քրեական իրավիճակը հատկապես լարված էր մայիսին, երբ մեկը մյուսի հետեւից կատարվեցին գողություններ եւ ավազակային հարձակումներ, իսկ բնակչության շրջանում տարբեր խոսակցություններ ծավալվեցին այդ դեպքերի մասինՙ տուրք տալով նաեւ «ժողովրդական բանահյուսությանը»: Հիմնականում անդրադառնանք այդ դեպքերին: Մայիսի 2-ին Վանաձորի ՆԳ թիվ 2 բաժանմունք ահազանգ է ստացվել, որ գողություն է կատարվել Տիգրան Մեծի թիվ 38 հասցեում գտնվող «Ցենակետ» ՍՊԸ-ի դեղատնից: Ծռելով պատուհանի ճաղավանդակը եւ ջարդելով ապակին, անհայտ անձինք գողացել են դեղամիջոցներ, հաշվապահական փաստաթղթեր, մետաղական պահարանՙ փաստաթղթերով: Ըստ դեղատան տնօրենի, պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս:

Մայիսի 8-ին, ժամը 3.30-ին, Վանաձորի թիվ 1 համաբուժարան են ներխուժել դիմակավորված 2 անձ եւ հեռախոսալարով կապել պահակ Ժորժիկ Մնացականյանին: Նրանք 2-րդ հարկում ջարդել են գլխավոր հաշվապահի դուռը եւ գրասեղանի դարակից գողացել ընդամենը 2300 դրամ:

Գրեթե նույն «ձեռագրով»ՙ հաջորդ օրն ավազակային հարձակում է կատարվել Լոռու մարզպետարանի շենքի վրա, որի մասին ընթերցողներն արդեն տեղյակ են (հիմնականում գողացվել է համակարգչային տեխնիկա):

Մայիսի 17-ին, ժամը 4-5-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք հրկիզել են Վանաձորի Նժդեհի թիվ 7 եւ Մյասնիկյան թիվ 3 շենքերի բակերում կանգնեցված, Լոռու մարզի ՆԳ վարչության պետի երկու տեղակալներիՙ ԳԱԶ-2410 մակնիշի ծառայողական ավտոմեքենաները:

Մայիսի 24-ին անհայտ անձինքՙ դուռը ջարդելով, մուտք են գործել ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության Բաթումի թիվ 3 հասցեում գտնվող Լոռու մարզի վարչության պետի աշխատասենյակ եւ գողացել ֆաքսի մեկ, հեռախոսի 3 ապարատներՙ 350 հազար դրամ ընդհանուր արժեքով:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջորդ օրըՙ մայիսի 25-ին, պարզվել է, որ գողությունը կատարել է վարչության պետի վարորդ, նախկինում դատված Հովհաննես Պողոսյանը (ծնված 1965 թ.): Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:

Մայիսի 24-ին դիմակավորված անհայտ անձըՙ պատուհանը բացելով, մուտք է գործել Գուգարքի 5-րդ փողոցի թիվ 1 տուն եւ բնակչուհի Արեւհատ Գրիգորյանից հափշտակել 50 հազար դրամի ոսկեղեն ու 300 ԱՄՆ դոլար: Ավազակային հարձակման ժամանակ հանցագործը դանակով մի քանի հարված է հասցրել տանտիրուհուն:

Մայիսի 28-ին Գուգարքի ՆԳ բաժնի աշխատակիցներն իր տանը ձերբակալել են 25-ամյա Սուրեն Ալեքսանյանին, որն ավազակային հարձակման համար հետախուզվում էր անցած տարվա սեպտեմբերի 22-ից: Պարզվել է, որ մայիսի 24-ին ինքն է ավազակային հարձակում կատարել Արեւհատ Գրիգորյանի վրա: Ս. Ալեքսանյանը ձերբակալված է:

Անդրադառնանք մայիսին բացահայտված մի քանի հանցագործությունների. մայիսի 4-ին պարզվել է, որ այս տարվա հունվարի 27-ին «Մագելան» ՍՊԸ-ից կատարված թանկարժեք տնտեսական իրերի գողությունը կատարել են 26-ամյա Աշոտ Հարությունյանը եւ 41-ամյա Ռիտա Խաչատրյանը: Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:

Մայիսի 2-ին հաղորդում էր ստացվել, որ «Տարոն-606» շինկազմակերպության կողմից «Թեժ լեռ» կոչվող տարածքում կառուցվող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքից 1998-ի հուլիսին, 57 հատ ծածկի պանելներ են գողացելՙ 456 հազար դրամ արժողությամբ:

Գողությունը կատարելու համար բերման է ենթարկվել Վանաձորի բնակիչ Անդրանիկ Օհանյանը: Գողոնն առգրավված է, գործով նախաքննությունը վարում է Լոռու մարզի դատախազությունը:

Որոշակի արդյունք է տվել նաեւ պայքարը թմրամոլության դեմ: Մայիսի 15-ին Պուշկինո գյուղի բնակիչ Սերգեյ Մուրադյանի տանը հայտնաբերվել եւ առգրավվել է 7,3 գրամ «մարիխուանա» թմրանյութ, որը, ըստ տանտիրոջ, պատկանել է որդունՙ Արմենին: Վերջինս ձերբակալված է:

Մայիսի 20-ին թմրանյութ է հայտնաբերվել նաեւ Վանաձորում: Մայիսի 25-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վանաձորի ՆԳ բաժին բերման է ենթարկվել նախկինում դատված Մ. Բարաթյանը, որի մոտ հայտնաբերվել է 7,5 գրամ «մարիխուանա»: Մ. Բարաթյանը ձերբակալված է:

Ցավոք, գրանցվել են անառակաբարո գործողությունների դեպքեր, նույնիսկ հարազատ երեխայի նկատմամբ: Մայիսի 14-ին Վանաձորի ՆԳ բաժին է դիմել քաղաքի բնակչուհի Լ. Ք.-նՙ հայտնելով, որ իր հայրըՙ Ա. Ք.-ն, պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր նկատմամբ: Տրվել է դատաբժշկական ուղեգիր: Ստեղծվել են նյութեր եւ ուղարկվել Լոռու մարզի դատախազություն:

Ընդհանուր առմամբՙ մայիսին մարզում կատարված եւ ՆԳ վարչությունում գրանցված շուրջ 3 տասնյակ գողությունից բացահայտվել է 22-ը, գրանցվել է անչափահասներին գողության մեջ ներգրավելու 3 դեպք, հայտարարվել է 5 հանցագործի հետախուզում, հայտնաբերվել է 10 հետախուզվող, տարբեր պատճառներով մարմնական վնասվածք ստացած 24 քաղաքացու տրվել է դատաբժշկական ուղեգիր, գրանցվել են բռնաբարության 2, ինքնասպանության 2 եւ կավատության փորձի մեկ դեպքեր: Երեք անգամ հայտնաբերվել է ապօրինի պահվող զինամթերք, իսկ կամավոր հանձնել են 3-ը (վերջիններս ազատվել են քրեական պատասխանատվությունից): Հայտնաբերվել են 2 անհայտ կորած: Բացահայտվել են նաեւ խարդախության, պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի, յուրացման դեպքեր: Իսկ հունիս ամսվա առաջին հինգ օրերին հայտնաբերվել է 4 հետախուզվող:

Ընթերցողներն արդեն տեղյակ են հունիսի 2-ին Վանաձորի թիվ 72 շենքի մոտ Արտակ Գեւորգյանի (Դոշ Արտակ) սպանության մասին, որը մահացել է հրազենային վնասվածքներից:

Ընդհանուր գծերով այսպիսին է եղել ապրիլ-մայիս ամիսներին քրեական իրավիճակը մարզում եւ Վանաձորում: Լոռու մարզի ՆԳ վարչության ղեկավարությունը հավաստիացրեց, որ վարչության աշխատակիցները հատկապես հետեւողական գործողություններ են ծավալում մայիս ամսում եւ հունիսի սկզբինՙ վերը նշված ծանր հանցագործությունները բացահայտելու համարՙ զուգահեռ աշխատանք տանելով նաեւ նախորդ տարիներին կատարված սպանությունների ու խոշոր այլ հանցագործությունների «հեղինակներին» հայտնաբերելու:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4