«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ ՇԻՐԱԿԱՄՈՒՏՑԻ ԿԱՐԼԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Հունիսի 16-ին Շիրակամուտ գյուղի շրջակա Չիչխանի ձոր հանդամասում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, Դարբինյանների ընտանիքը անձրեւից պատսպարվել էր հաստաբուն ուռենու տակ, որը ժամը 18-ի սահմաններում կայծակնահար եղավ, երկփեղկվեց: Մարմնական վնասվածքներ ստացան ընտանիքի բոլոր հինգ անդամները: Առավել շատ տուժել են Կ. Դարբինյանը, կինըՙ Անյա Մկոյանը, եւ թոռնիկըՙ 14-ամյա Հայկը, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ: Բոլորի հագուստներն այրվել եւ ծվեն-ծվեն էին եղել:

Տուժածները գյուղի բնակչության օգնությամբ շտապ տեղափոխվեցին Սպիտակի Նորվեգական հիվանդանոց, ուր նախնական բուժօգնություն ստանալուց հետո հունիսի 18-ին տեղափոխվեցին Երեւան: Ինչպես տեղեկացանք տուժողների հարազատներիցՙ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայր հասած «Արտակարգ ալիք»-ի եւ իրավապահ մարմինների աշխատակիցները պնդել են, որ նման ուժգնության կայծակից նրանք ուղղակի հրաշքով են փրկվել:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4