Հունիսի 15-ին Լոռու մարզ ժամանեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովըՙ գործարարներից կազմված պատվիրակության հետ: Նրանց ուղեկցում էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ն. Ռիժկովն անսովոր հուզմունք ապրեց 1998-ին Սպիտակում տեղադրված իր կիսանդրին տեսնելիս, զրուցեց բնակիչների հետ, վերհիշեց 1988-ից հետո վերականգնման ծանր տարիները: Հյուրերը մոմ վառեցին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում եւ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարին:
Նիկոլայ Իվանովիչը շրջեց Սպիտակի Կենտրոն թաղամասում, տեսավ նորակառույց շենքերն ու նոր թաղամասերը: Վերջին այցելությունից հետո նա մեծ փոփոխություններ նկատեց քաղաքում, հատկապես ուրախությամբ ընդունեց քաղաքի կենտրոնի ձեւավորումը:
Սպիտակի քաղաքապետ Հ. Սարդարյանը Ռիժկովին հանձնեց Սպիտակի պատվավոր քաղաքացու հուշամեդալ, որը երախտիքի եւ առանձնահատուկ հարգանքի նշան էրՙ մեզ համար ռուս ժողովրդի հավաքական կերպար ներկայացնող անձի հանդեպ:
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը խնդրեց Ն. Ռիժկովի աջակցությունը Վանաձորի «Պրոմեթեւս-քիմպրոմ» համալիրի գազամատակարարման խնդրի իրավական կարգավորման հարցում եւ նրան հանձնեց գրավոր առաջարկը: Ն. Ռիժկովը խոստացավ Մոսկվա հասնելուն պես զբաղվել այդ հարցով եւ իր անձնական ներդրումն ունենալ Վանաձորի զարգացման համար:
Պատվիրակության այցը նաեւ գործնական բնույթ ուներ: Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմնական դրույթներին ծանոթանալուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մշտական կապ պահպանվի մեր մարզի եւ ապրանքարտադրողների միջազգային միության Մոսկվայի կազմակերպության միջեւ: Այդ աշխատանքները կիրականացնի նույն կազմակերպության անդամ «Աիր-կոմպլեկտ»-ի նախագահ, մեր հայրենակից Սամվել Մուրադյանը:
Նույն օրը Ն. Ռիժկովը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնեցին Շիրակի մարզ:
Ն. Ռիժկովը այս տարվա սեպտեմբերին պատրաստվում է դարձյալ այցելել Հայաստանՙ մասնակցելու քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությանը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ