Տեւական ժամանակ է, ինչ մեզանում սկսվել ու շարունակվում է բարոյական մի ծեծ, մի անվերջանալի թվացող բանավեճՙ կարելի՞ է մասնավորեցնել ռազմավարական նշանակության օբյեկտները: Ոմանք, օրինակ բերելով Արեւմուտքն ու հատկապես Միացյալ Նահանգները, աներկբայորեն մատնանշում ենՙ այո՚, կարելի է, նույնիսկՙ անհրաժեշտ է: Մյուսները, դարձյալ մատնանշելով նույն Արեւմուտքն ու, ասենք, Անգլիան, պնդում են, թե «այնտեղ էլ ամեն ինչ մասնավորեցված չէ», պետությունն իր ձեռքում է պահում ազգի քաղաքական, տնտեսական ու մանավանդ ռազմական անվտանգության ապահովման տեսակետից կարեւորագույն ոլորտները: Հետեւաբար, «ռազմավարական նշանակության օբյեկտների մասնավորեցման (եւ դեռՙ հախո՜ւռն) կառավարության կուրսը անթույլատրելի է»:
Ո՞վ է ճիշտ եւ ո՞վ սխալ այս բանավեճում:
Որքան էլ տարօրինակ հնչիՙ երկու պնդումներն էլ... ճի՚շտ են: Նայածՙ ո՚ր երկրում ինչպիսի ավանդույթներ են գործում, տասնամյակներով, անգամ դարերով ձեւավորված ինչպիսի՞ ըմբռնումներ կան «ռազմավարական նշանակության» օբյեկտների ու ոլորտների մասին: Խորհրդային իրականության ծնունդ հանդիսացողներիս համար պարզապես անըմբռնելի է, թե ինչպե՞ս կարող է որեւէ պետության մեջ ռազմարդյունաբերական համալիրը... պետական չլինել: Մինչդեռ քաղաքակիրթ Ֆրանսիայում, որին շատ ու շատ բաներում ուզում ենք նմանվել, մասնավոր ֆիրմաները վաղո՜ւց հաջողությամբ արտադրում են, ասենք, ռմբակոծիչներ, կործանիչներ, կալանիչ օդանավեր: Պետությունը, բանակի օդուժի կարիքները հոգալու համար, անհրաժեշտության դեպքում այդպիսի պատվեր է իջեցնում հիշյալ մասնավոր ֆիրմաներին, եւ դրանից կարծես թե ոչ մեկն էլ իրեն վատ չի զգում: Աչքներիս առաջ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը սկսում է հարմարվել համաշխարհային շուկայական տնտեսության համանման պահանջներին: Ռուս կոնստրուկտորների մշակած մի շարք գերժամանակակից ռազմական ուղղաթիռներ, օրինակՙ «Ակուլա» կոչվածները, որոնք այսօր հավասարը չունեն աշխարհում եւ շատ մասնագետների կարծիքովՙ 10 տարով առաջ են ընկել Միացյալ Նահանգներից, վաճառվում են... օտարերկրյա պատվիրատուների: Ռուսաստանի բանակը դրանց կարիքը չունի՞: Ունի, անշուշտ, բայց պետությունը... փող չունի այդպիսիք գնելու սեփական բանակի համարՙ սեփական ռազմական գործարաններից: Ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ, անգամ ատոմային սուզանավ արտադրող ձեռնարկությունը ռազմավարական նշանակություն ունի՞, թե՞ ոչ: Անշուշտ, ունի: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ ոչ քիչ երկրներում այդպիսի ձեռնարկությունը շա՜տ հանգիստ կարող է լինել... մասնավոր: Շատ պարզՙ այդպիսի ձեռնարկության եւ պետության միջեւ իրավահարաբերությունները կանոնակարգվում են հստակ գործող օրենքներով, որոնք ապահովում են տվյալ պետության ռազմավարական շահերը:
Հարցերի հարցը սա՚ էՙ մասնավորեցման, վաճառքի այս կուլտուրան ունե՞նք, թե՞ չունենք: Ռազմավարակա՞ն, թե՞ ոչ-ռազմավարական օբյեկտ ենք սեփականաշնորհում-վաճառում, տեղացո՞ւ ենք տալիս, թե՞ արտասահմանցուՙ էական չէ՚: Էականն այն է, թե այդ մասնավորեցման կամ վաճառքի պայմանագրում, որ շատ հաճախ մեր պետության անունից ստորագրում են այս կամ այն պաշտոնատարները, հայկական կողմը կարողանո՞ւմ է ամրագրել այնպիսի դրույթներ, որոնք բացառեին տվյալ օբյեկտի շահագործումից (կամ շահագործման դիտավորյալ դադարեցումից) մեր պետությանն ու ժողովրդին պատճառվելիք հնարավոր վնասները:
Բերեմ վերջին շրջանում այդքան չարչրկված բաշխիչ էլեկտրացանցերի կամ հենց թեկուզ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունների սեփականաշնորհման կամ պարզ ասածՙ վաճառքի օրինակը, որին ակնհայտորեն գնում է Հայաստանի կառավարությունը: Համաձա՞յն ենք դրան, թե՞ ոչ: Համաձայն ենք, եթե առկա են առնվազն հետեւյալ պայմաններըՙ հնարավոր գնորդը իրավունք չի ունենալու քեֆն ուզած պահին հոսանքազրկելու հայ սպառողինՙ մեկ, չի կարողանալու առանց մեր թույլտվության արտահանել մեր էլեկտրաէներգիանՙ երկու, չի կատարելու իր գնած օբյեկտների տեխնիկա-տնտեսական ցուցանիշները վատացնող փոփոխություներՙ երեք, չի վերավաճառելու առանց մեր թույլտվությանՙ չորս, երկրում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում անհապաղ Հայաստանի կառավարությանն է զիջելու դրանց գործարկման կամ գործունեությունը դադարեցնելու իրավունքըՙ հինգ: Կարելի է մտածել էլի մի քանի կետեր, որոնք լիովին երաշխավորեն մեր ռազմավարական շահերը, պրծավ-գնաց: Մի կարծեք, թե սրանք շատ «խիստ» նախապայմաններ են եւ ոչ ոք այդ պայմաններով մեր օբյեկտները չի գնի: Կգնի՚, եթե նրա հեռագնա նպատակը Հայաստանի արտադրության զարգացմանը տեւական ժամանակով նպաստելն է եւ ընդսմինՙ շահույթ ստանալը: Իսկ եթե գնողի նպատակը մեր երկրի արտադրությունը կործանելն է, կարճ ժամանակում գերշահույթ ստանալը եւ ուրիշ ոչինչ, բնականաբար, այդպիսինը վերը նշածս նախապայմաններից կխրտնի: Ավելի՚ լավ, չարամիտ դիտավորություն ունեցողի ոտքը մեր երկիր չի մտնի:
Եթե կառավարությունը կարողանա ա՚յդ կերպ սեփականաշնորհել-վաճառել ցանկացած ռազմավարական կամ ոչ-ռազմավարական օբյեկտՙ լիովին համաձայն եմ: Եթե ոչՙ համաձայն չեմ: Եվ այստեղ ուզում եմ բացեիբաց գրել այն, ինչ բոլորի շուրթերին է. Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները չեն կարողացել մինչեւ այժմ եղած խոշոր սեփականաշնորհումների ժամանակ պայմանագրային հիմունքներով ապահովել մեր պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը (Արմենտել, Կոնյակի գործարան եւ այլն), որի հետեւանքները օրավուր տեսնում ենք: Նշանակում էՙ որոշակի պաշտոնատարներ խոշոր չափերի կաշառքներ են վերցրել, քանի որ ստորագրել են մեր պետության շահերը, մեղմ ասած, հաշվի չառնող պայմանագրեր, սակայն ակնհայտորեն հոգեկան հիվանդների տեսք չունեն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ուզո՞ւմ է հիդրոկայանները կամ ԲԷՑ-երը վաճառել: Շա՚տ բարի: Թող հրապարակի այդ դեռ հնարավոր վաճառքի այն պարտադիր պայմանագրային կետերը, որոնք պետք է երաշխավորեն մեր պետության ռազմավարական շահերը եւ հանրությանը ապացուցեն, որ կոնկրետ այս կամ այն ռազմավարական օբյեկտի սեփականաշնորհման գործարքից կրկին խոշոր չափերի կաշառքի հոտ չի գալիս: Այսինքն, հասարակությունը պիտի համոզված լինի, որ կառավարությունը սեփականաշնորհման կուրսը շարունակում է ոչ թե այն բանի համար, որ երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները դարձյալ պղտոր ջրում ձուկ որսան եւ գրպանները լցնեն, այլՙ ստացված գումարները սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի ծրագրերի ուղղելու, արտադրությունը զարգացնելու, մի խոսքովՙ ծանրագույն ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ դեպքումՙ թող վաճառի, Աստված բարին տա:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ