«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2001-06-20 | #114, 2001-06-21 | #115, 2001-06-22


«ՆՈՅԵՎ ԿՈՎՉԵԳԸ» ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Սովորաբար ընդունված չէ, որ լրագրողը հարցազրույց ունենա լրագրողի հետ: Բայց Մոսկվայում լույս տեսնող «Նոյեւ կովչեգ» հայկական «ռուսալեզու» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանի հետ ծանոթ եմ տակավին Երեւանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորելու տարիներից, եւ մեզ կարող ենք թույլ տալ ինչ-որ տեղ «տնավարի» զրուցել մասնագիտական թեմայի, տվյալ դեպքում Ռուսաստանի հայ մամուլի շուրջ:

- Գրիգոր, Ռուսաստանում քանի՞ հայկական պարբերական է հրատարակվում այսօր:

- Տասից ավելի լույս են տեսնում հայաշատ տարածաշրջաններումՙ Դոնում, Ստավրոպոլում, Կրասնոդարում, Սանկտ Պետերբուրգում եւ այլուր: Դրանք ամսաթերթեր ու շաբաթաթերթեր են, հիմնականումՙ ռուսերեն:

- Իսկ Մոսկվայո՞ւմ:

- 2 ամսաթերթ եւ 3 ամսագիր:

- Խոսենք քո «Տապանի» մասին: Երկար ժամանակ բիզնեսով էիր զբաղված, ինչ պատահեց, որ ձեռնարկեցիր թերթ հրատարակելու ոչ դյուրին, ինչ-որ տեղ անշնորհակալ գործը:

- «Համատեղության կարգով» հայաստանյան «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի հատուկ թղթակիցն էի Մոլդովայում: Մի օր նրա գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը խորհուրդ տվեց թերթ ստեղծել ԱՊՀ երկրներում տարածելու համար: Կարոտել էի մասնագիտությանս եւ միտքն ինձ գրավեց: 97-ի օգոստոսին լույս տեսավ առաջին համարը: Իսկ անցյալ տարի որոշեցի գործը կենտրոնացնել Մոսկվայում. ինչ էլ որ լինի, ԱՊՀ-ի սիրտն այս քաղաքն է: 16 էջանոց ամսաթերթն այսօր տարածվում է ԱՊՀ երկրների ավելի քան 40 քաղաքներում, Մերձբալթիկայում: Տպաքանակը հասցրել ենք 31 հազարի, որից 1700-ը ուղարկում ենք Հայաստան ու Ղարաբաղ: Ունենք նաեւ պատկերազարդ գովազդային ներդիր: Ասում ենՙ թերթ հրատարակելը խնդրաշատ գործ է: Իրոք այդպես է, ուստի չեմ կարող շնորհակալություն չհայտնել երկու հիմնական «աջակիցներիս»ՙ «Յունիաստրում բանկի» հիմնադիրներից մեկինՙ Գագիկ Զաքարյանին, եւ «Օլիմպիկ-պլազա» առեւտրի տան գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանինՙ երկու գերազնիվ ազգասեր հայերին:

- Եվ ի՞նչ խնդիրներ ես դրել «երկունքիդ» առջեւ:

- Մեր ընթերցողներին ծանոթացնել հետխորհրդային տարածքում եւ մեր նախնյաց երկրում տեղի ունեցող քաղաքական-հասարակական-տնտեսական-մշակութային եւ մյուս իրադարձություններին: Նյութերի մի մասը ստանում ենք տեղերից, մի մասն էլ ինքներս ենք ստեղծում: Օգտագործում ենք լրագրական բոլոր ժանրերը: Ունենք մշտական խորագրեր:

- Այդ իմաստով ուշադրություն է գրավում «Լուրեր Բաքվից» լրատվաշարը:

- Մենք պիտի իմանա՞նք, թե ինչ են գրում նրանք մեր մասին:

- Ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունես:

- Կուզեի թերթը լույս ընծայել ամսական գոնե երկու անգամ: Եվ հետո, քանի որ հիմա Ռուսաստանում հայաստանցի հայեր շատ կան, անհրաժեշտ է ունենալ նաեւ «հայալեզու» էջեր: Գաղտնիք չէ, որ ամեն ինչ կախված է ֆինանսներից:

- Դուրս գալով ազգայինի շրջանակներից, կուզեի շոշափել մի այսպիսի հարց: Ապրում ենք Մոսկվայում եւ անմիջականորեն տեսնում ենք, թե հրեաները ինչպես են իրենց ձեռքում կենտրոնացրել Ռուսաստանի ԶԼՄ-ները եւ ինչ արդյունավետությամբ են դրանք օգտագործում ի շահ իրենց եւ ի շահ Իսրայելի: Վերջերս ընդդիմադիր «Զավտրա» թերթը պատմում էր, որ մոսկովյան պաշտոնական այցերից մեկի ժամանակ Յասեր Արաֆաթը հարցազրույց ունենալով ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկում, չի կարողացել զսպել իր զայրույթը, ասելովՙ չեմ հասկանում, ես Ռուսաստանո՞ւմ եմ , թե՞ Իսրայելում: Քեզ չի՞ թվում, որ հայերիս դատարկ հրապուրանքը հրեաներով պիտի փոխարինվի ավելի ռացիոնալ մոտեցումներով:

- Պարզ ասած, մենք պիտի շատ բան սովորենք նրանցից, եւ ոչ թե հիանանք նրանց «տաղանդավորությամբ»: Նրանց տաղանդից մենք շահ չունենք: Նրանք հսկայական գումարներ են հատկացնում ինֆորմացիոն գործունեության համար: Ուշադրություն դարձրեքՙ մամուլում, հեռուստատեսությամբ քաղաքական թե տնտեսական թեմայով ինչ «կլոր սեղան» էլ որ լինի, «շուրջը» գերազանցապես հրեաներ են:

- «Վրեմենա» կոչվող իր վերջին հաղորդումներից մեկում Վլ. Պոզները հրավիրել էր Գենադի Խազանովին, Անատոլի Չուբայսին եւ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին: Այսինքնՙ չորս հրեաները «վճռում» էին Ռուսաստանի բախտը: Թեկուզ տեսականորեն դու պատկերացնո՞ւմ ես, որ Մոսկվայում որեւէ հայ իր հաղորդմանը հրավիրի մի քանի հայի:

- Երեւի մեկին էլ չհրավիրի, եւ հենց սա է ցավալին: Լավ, Բերեզովսկի կամ Գուսինսկի Մոսկվայում մենք չունենք, բայց ունենք բազմաթիվ ճանաչված բիզնեսմեններ, որոնք կարող են օգնել տեղի հայ մամուլինՙ ընդարձակելով նրա հնարավորություններն ու ուժեղացնելով ազդեցությունը: Բայց, ավա՜ղ, նման անձնավորությունները շատ քիչ են: Կարծում եմ, ինքներս ենք մեղավոր, որ այսօր Մոսկվայում չունենք այնպիսի վառ ազգային անհատականություններ, ինչպիսիք ունեինք մի ժամանակ:

- Ես լավ եմ հիշում այդ ժամանակները, երբ հայկական միջոցառումներին գալիս էին Անաստաս Միկոյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Տիգրան Պետրոսյանը եւ ուրիշներ: Իսկ հիմա.

- Զարմանալին այն է, որ մեծ պոտենցիալ ունենք, բայց չենք կարողանում օգտագործել:

- Գուցե անընդունա՞կ ենք:

- Գուցե: Թեեւ այժմ մեծ հույսեր է ներշնչում Արա Աբրահամյանի գլխավորած Ռուսաստանի հայերի միությունը: Ես ակտիվ կապերի մեջ եմ միության հետ եւ տեսնում եմ նրա աշխատանքի իրական դրական արդյունքները: Ամենակարեւորը, Աբրահամյանը մեծ ուշադրություն է նվիրում հայաշատ տարածաշրջաններին: Իր եռանդուն գործունեությամբ նա բարձրացնում է հայերի կշիռն ու հեղինակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում թե նահանգներում: Հենց վերջերս Պյատիգորսկում Աբրահամյանի միությունը տեղի հայերի հետ նշեց Հայաստանի պետականորեն քրիստոնեացման 1700-ամյակը: Քաղաքի 25 հազարանոց ստադիոնում 35 հազար խանդավառ մարդ էր հավաքվել: Այդքան հայ մի տեղ վերջին անգամ «Հրազդանում» տեսել էի «լճացման» տարիներին: Այնպես որ, արի լավատես լինենք հայության լուսավոր ապագայի հարցում.

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4