Հակառակ թուրք քաղաքական դիտորդների կանխատեսումներին, հունիսի 22-ի որոշմամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկրում արգելեց իսլամական «Առաքինություն» կուսակցության գործունեությունը: Մինչդեռ որոշման նախօրյակին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը պատճառաբանելով, թե Մեջլիսը պատրաստվում է վերանայել սահմանադրության մի շարք հոդվածներ, առավելապես խորհրդարանական ընտրությունների եւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, անցանկալի էր համարել «Առաքինություն» կուսակցության փակումը: Նրան այդ հարցում աջակցել էր նաեւ Մեսութ Յըլմազը:
Վերոհիշյալ որոշումը Սահմանադրական դատարանում ընդունվեց ձայների 8/3 հարաբերակցությամբ: Որոշումն անձամբ հրապարակեց դատարանի նախագահ Մուսթաֆա Բումինը: Որոշման համար հիմք ընդունվեց կուսակցությանը երկրի գլխավոր դատախազության հարուցած մի քանի մեղադրանքներից «Թուրքիայի աշխարհիկ կարգերի դեմ նպատակաուղղված գործունեություն ծավալելու» մեղադրանքը: Իսկ «Բարօրություն» կուսակցության իրավաժառանգորդի պարագան, իբրեւ մեղադրանք, դատարանում մերժվեց: Ընդ որում մերժումն արձանագրվեց որոշման մեջ: Այդ ընթացքում, առաջիկա 5 տարվա համար, իրենց քաղաքական իրավունքներից զրկվեցին Մեջլիսում «Առաքինություն» կուսակցության պատգամավորներից տկն Նազլը Ըլըջաքլուն ու Բեքիր Սոբաջին: Այսպիսով, պատգամավորական թափուր տեղերի թիվը 8-ից հասավ 10-ի, իսկ անկախական պատգամավորներինըՙ 11-ից 111-ի, այն առումով, որ վերոհիշյալ կուսակցությունը Մեջլիսում ներկայացված էր 102 պատգամավորով: Թուրքիայում իսլամական «Առաքինություն» կուսակցության արգելման հետեւանքների եւ դրա միջազգային արձագանքների մասինՙ առաջիկա համարում:
Հ. Չ.