Երեկ Լոռու մարզ էին այցելել հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանը, Երեւանի մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Ալիս Ադամյանը, Սպիվակովի հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ելենա Սմբատյանը եւ ուրիշներ:
Հյուրերին Ջրաշենում դիմավորեց Լոռու մարզի ղեկավարությունը: Այստեղ տիկին Քոչարյանն այցելեց երկրորդ կարգի հաշմանդամ, բազմազավակ Ռուբիկ Այվազյանի ընտանիքին: Վերջինս ունի 8 աղջիկ եւ 1 տղա: Բ. Քոչարյանը նվերներ հանձնեց նրանց:
Այնուհետեւ հանրապետության առաջին տիկինն ու նրանց ուղեկցողներն այցելեցին Վանաձորի «Հույս» ծերանոց, ուր այսօր կա 10 տղամարդ եւ 18 կին (ընդ որում, մեկ ամուսնացած զույգ): Բ. Քոչարյանը, Ռ. Պալյանը եւ մյուսները ծանոթացան ծերանոցի պայմաններին, գոհունակություն հայտնելով հաստատության ղեկավարությանըՙ տարեցներին հոգատարությամբ շրջապատելու համար:
Բելա Քոչարյանը հեռուստացույց եւ նվերներ հանձնեց ծերանոցին:
Ապա նրանք այցելեցին թիվ 1 համաբուժարան, ուր Բ. Քոչարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կրծքագեղձի հիվանդություն ունեցող կանանց անվճար բուժխորհրդատվական ընդունելություն, մամոգրաֆիայի կենտրոնի բարձրորակ մասնագետների ուժերով: Հետազոտման էին սպասում 150 կին:
Այցելությունը եզրափակվեց թիվ 3 մշակույթի տանը, ուր տեղի ունեցավ համերգՙ մշակույթի տան երեխաների եւ Սպիվակովի հիմնադրամի թոշակառու սաների մասնակցությամբ: Համերգի վերջում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Բելա Քոչարյանին նվիրեց Փափագ Ալոյանի գեղանկարներից մեկը:
Իսկ դահլիճում ներկա վանաձորցի երեխաներին նվերներ հանձնեց հանրապետության առաջին տիկինը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ