«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ՄԻԱՅՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ...

«Հայաստան-2001. Տեռորի իշխանություն», «Մաուզերիստները», «Սարքում են», «Հերթական ահաբեկչություն», «Օդն էլ են վերցնում», «Հրդեհՙ «Հաղթանակ» զբոսայգում», «Հակասահմանադրական է, բայց կընդունվի», «Դատապարտում ենք»...

Սրանք «Հայկական ժամանակ» օրաթերթի նախորդ համարի (հունիսի 27, թիվ 111 (441) առաջին երկու էջերի վերնագրերն են: Սարսափազդու խորագրերՙ էլ ավելի սարսափազդու նյութերի, որտեղ մահափորձերը, հրկիզումները, ահաբեկչությունը, խժդժությունները, հետապնդումները, կամայական կարգադրությունները, գողությունը եւ վերջապեսՙ բռնատիրությունը հաջորդում են միմյանց եւ նկարագրում Հայաստանի ներկա կացությունըՙ մի սասափելի երկիրՙ Ռոբերտ Քոչարյանի սարսափելի իշխանության ներքո:

Մի քիչ հանգստանալուց հետո անցնում ես հաջորդՙ 3-րդ էջին: Մտածում եսՙ երեւի հայկական ապոկալիպսն այստեղ վերջ գտած կլինի: Բայց ոչ. 3-րդ էջում ներկայացվում է 5 նյութ, վերնագրերըՙ «Դ. Հարությունյանը մեզ խաբել է», «Խորհրդատուն հայտնի չէ», «Հարձակվե՞լ են, թե՞ ոչ», «Հաթաթա», «Մի՚ կտրեք մեր փողերը»: Ուրեմն խաբեբայությունները, սպառնալիքները, հարձակումները, խարդավանքները շարունակվում են: Հայաստանում ուրիշ բան չկա: Սա ինչ երկիր է դարձել: Քոչարյանն ինչո՞ւ հրաժարական չի տալիս:

Բայց չշտապենք վերջնական եզրակացության համար: Այս դժոխք դարձած երկրից փախչելուց առաջ շուռ տանք հաջորդ էջը: Գուցե այստե՞ղ հուսատու ինչ-որ բանի հանդիպենք: Այո՚, չենք սխալվել: Այս էջում կարելի է մի քիչ շունչ քաշել, կարելի է «Լավանդայում» կաշվե իրերն ու «դուբլյոնկաները» նոր մեթոդով մի քիչ մաքրել տալ, կարելի է ծանոթանալ ՀՀ առողջապահության նախարարության բազային բժշկական ուսումնարանի 2001-2002 ուստարվա ընդունելության պայմաններին, կամ էլ կարելի է մի քիչ լուծարվել, որից հետոՙ մի քիչ այցելել Վիոլետ Գրիգորյանին ու Վահրամ Մարտիրոսյանին, ավելի շուտՙ նրանց գրական հանդեսին:

Ի՞նչ անենք, որ սա գովազդային էջն է: Համենայն դեպս, մի քիչ կարելի է հանգստանալ հաջորդ էջին անցնելուց առաջ:

Հաջորդՙ 5-րդ էջը սկսվում է ուրախ տոնով. «Գործ տուր, գործ տամ, աչքերդՙ վառ, ունքերդՙ կամար»: Թվում էՙ կհաջորդի «Աղջի, քեզ համարը», կամ առնվազնՙ «Մեջքդ խաս քյամարը»: Բայց ոչ, նորից սարսափՙ «Ի գիտություն բոլոր Վահան Հարությունյանների»: Ուրեմն, մտածում ես, բանդաներն էլի են մարդ առեւանգելու, սպանելու, մանավանդ որ բանդիտները պահվում են ոչ թե Նուբարաշենի, այլՙ Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում, որտեղ ԿԳԲ-ականները շարունակ զբաղված են կալանավորներին օգնելու, վարձատրելու, գուրգուրելու աստվածահաճո գործով: Այնինչ նույն էջի մյուս հոդվածումՙ «Դիտարկումներ Նուբարաշենի մեկուսարանից», Աշոտ Բլեյանը բացատրում է, թե այնտեղ ինչպիսի՜ հնարավորություններ կան ինքնազարգացմամբ զբաղվելու, իրավագիտական հարուստ գիտելիքների տիրապետելու:

Հաջորդ էջը մշակութային է. երգիչներ, դիրիժորներ, երաժիշտներ, համերգներ: Բայց սրանք էլ մի բան չենՙ մեկմեկու կոկորդից բռնածՙ խեղդում են միմյանց: «Մենք ստեղ գողեր ենք», կրկնում է Գեղամ Գրիգորյանը Օհան Դուրյանի խոսքերը եւ ավելացնումՙ «Պավարոտին իմ ընկերն է», սակայն Հայաստան չի գա: «Տվե՚ք մեր փողերը», մյուս կողմից գոռում են ազգային օպերայի սոված երգիչները Գ. Գրիգորյանին, իսկ վերջինս չի կարողանում բարկանալ նրանց վրա: Պատկերացնո՞ւմ եք աշխարհռչակ երգչի վիճակը, որ ըստ թերթիՙ յուրաքանչյուր ներկայացման համար արտասահմանում ստանում է 50 հազար դոլար, սակայն չի կարող իր աշխատողների վրա գոռալ: Բարեբախտաբար գործին միջամտում են ավտոբուսով վրա հասնող ուսանողները, բայց սրանք էլ դժգոհ ենՙ «Ֆի՚, էս է՞լ մեզ հետ պիտի նստի»: Եվ տեղ չեն հասնում... քաղաքապետարանի պատճառով:

Հաջորդ 2 էջերը միջազգային նորություններ են, նաեւՙ 10 տոկոս զեղչով ռուսական արտադրության յուղ վաճառող մի ՍՊԸ. աստղագուշակի բանդագուշանքները եւ, անշուշտ, սկանվորդ: Ահա՚, թե ուր կարելի է փախչել այս դժոխքից:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4