«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ

Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի վերազարթոնքը սկսվեց 1990 թ.ՙ այն ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եւ այժմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի Սեւանա կղզի կատարած այցելությունից հետո: Նրա մտահղացմամբ եւ Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետի օրհնությամբ, նաեւ ՀԲԸՄ-ի աջակցությամբ վերաբացվեց եւ սկսեց գործել 1930 թ.-ից անբարեկարգ վայրի վերածված եւ իբրեւ թանգարան գործող Սեւանի դպրեվանքըՙ բավականին դժվարին պայմաններումՙ խորհրդանշելով, սակայն, մեր հոգեւոր կյանքի նոր զարթոնքը: Դպրանոցը, որ 1994 թ. վերանվանվեց Վազգենյան, այժմ ունի բարվոք պայմաններ, ուսումնական եւ ննջարանային մասնաշենքեր, հարուստ գրադարան, խոհանոց, շուտով կավարտվի նոր ննջարանային մասնաշենքի շինարարությունը:

Դպրանոցի ուսումնական տարեշրջանի փակման հանդիսությունը տեղի ունեցավ երեկ: Ավարտական լսարանի 8 շրջանավարտներ ուսումը կշարունակեն Սբ. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Դպրանոցի երգչախմբի կատարմամբ հնչեցին «Հայր մերը», «Մեր հայրենիքը», դպրանոցի օրհներգը: Տեսչական հաշվետվությամբ հանդես եկավ դպրանոցի տեսուչ Բագրատ աբղ. Գալստանյանը: «Այս դպրանոցը սոսկ ուսումնական հաստատություն չէ, այլ առաջին հերթին տուն է, եւ այդ տան առանցքը կանգուն պահողը վազգենյանցու նկարագիրն է ու պատկերը»:

Տարվա կարեւոր նվաճումներից առանձնացվեցին քառաձայն երգչախմբի կազմակերպումը (որը հունիսի 30-ին կամերային տանը կմասնակցի հոգեւոր երգի փառատոնին), լազերային սկավառակի վրա շարականների ձայնագրությունները, Մեծ եղեռնի զոհերի անկյունի ստեղծումը, ինչպես նաեւ «Սբ. Առաքելոց» տարեգրքի անդրանիկ համարի լույսընծայումը, որը կրթօջախի շրջանավարտների եւ այժմ ուսանող սաների գիտագրական ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածու է, նաեւ դպրանոցի 10-ամյա ընթացքի յուրատեսակ վավերագիրն է: Հրատարակության են պատրաստվում բազմաթիվ այլ արժեքավոր հրապարակումներ, ինչպես նաեւ 2001 թ. տարեգիրքըՙ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին: Արվում է ամեն ինչ, որպեսզի գրական, գիտական կյանքը զարգանա եւ համակարգված ընթացք ունենա:

Հանդիսության ընթացքում տարվա մեջ աչքի ընկած ուսանողներին հանձնվեցին մրցանակներ, իսկ շրջանավարտներին շնորհվեցին հատուկ խաչեր, երգչախմբի ղեկավար Շոթա Վարդանյանն արժանացավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հուշամեդալին:

Հանդիսության ավարտին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արք. Աճեմյանն իր հայրական օրհնությունը հղեց դպրանոցի սաներինՙ հորդորելով նրանց պահպանել Հայ եկեղեցու ավանդույթները, ծեսերն ու աղոթքները, հատկապես Ավետարանն իմանալ գրաբար, զարգանալ աստվածաբանության մեջ եւ Սեւանի առանձնության մեջ զարգացնել անհատական աղոթքը, ի խորոց սրտի խոսք հղել Աստծունՙ հավատքն ամուր պահելու համար, քանզի «դարեր շարունակ հոգեւոր մեր հայրերը զարգացրել են գիտությունը եւ մշակույթըՙ ճգնակեցությամբ ճնշելով մարդկային տկարությունները, զորացնելով հոգին, հոգեւոր կյանքը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4