«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

«Բանաստեղծն իր արվեստում եւս հավատարիմ է մնացել իրեն, մնացել է բանաստեղծ: Յուրաքանչյուր նկար բանաստեղծական փոխհարաբերություն է: Իր հայրենիքի, իր բանաստեղծական աշխարհի, իր հեքիաթի եւ մարդկային հարաբերությունների բանաստեղծականացումը հրաշալի է...», տարիներ առաջ այսպիսի կարծիք է արտահայտել Արեւշատ Ավագյանի մասին էդուարդաս Մեժելայտիսը:

Վերջերս Վանաձորի գեղագիտական կենտրոնում բացվեց Ա. Ավագյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել են Լոռու մարզպետարանն ու կենտրոնը:

Բանաստեղծ-գեղանկարչի մասին ջերմ խոսքեր ասացին երգահան Գագիկ Աղաբաբյանը, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, գրականագետ Մելս Սանթոյանը, գեղանկարիչ Փափագ Ալոյանը, Լոռու մարզի հանրապետական գրադարանի տնօրեն Լաերտ Մկրտչյանը եւ ուրիշներ:

Արեւշատ Ավագյանը շնորհակալություն հայտնեց իր արվեստը գնահատողներինՙ երախտագիտություն հայտնելով նաեւ կազմակերպիչներին, հատկապես տանտիրուհունՙ Կարինե Գլոյանին:

Ներկայացված գեղանկարչական եւ գրաֆիկական 24 աշխատանքները մեկ անգամ եւս հավաստում են կերպարվեստում վաղուց արդեն իր տեղը հաստատած ստեղծագործողի ինքնատիպության մասին:

Անհնար է անտարբեր անցնել «Հայոց ծովերի երազանքը», «Ձկներով աղջիկներ», «Սերունդների երթը», «Իմաստության եւ մեղքի պտուղները» եւ այլ գործերի կողքով, որոնցում տրոփում է մեր ժամանակի զգայուն արվեստագետի անհանգիստ երակը: Արվեստագետ, որն իր «հոգու երաժշտությունը» հյուսում է տիեզերքից եկող ձայներիցՙ ամուր կանգնելով այն հողի վրա, որն ամեն վայրկյան սնվում է արեւով ու լույսով:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4