Սեփական ինքնության որոնումներում, երբ մարդ-արարածն ինքն իրեն ճանաչելու, ներհայելու փորձեր է անում, ծնվում է հարցերից բարդագույնըՙ «Ո՞վ եմ ես»: Խոհափիլիսոփայական, կյանքի խորհուրդն ամփոփող այս հարցադրումով է սկսվում Սարգիս Վահագնի «Տագնապը» պատմվածքների ժողովածուն, եւ սա բնավ պատահական չէ: Հերոսներն օտարության մեջ հայտնված հայության այն մազապուրծ բեկորներից են, որոնք ճակատագրի քմահաճությամբ հայտնվել են աշխարհիՙ իրենց երբեւէ անծանոթ մի կետում, որտեղից մի նոր սկիզբ պիտի ծնվի: Աշխարհի փակ դռների առաջ կանգնած այս մարդիկ սեփական եսի կեղեքող օտարացումի մեջ փնտրում են իրենց ներքին տագնապը փարատող ճանապարհը: Մարդկության տենդագին վազքի, շինծու ժխորի բազմերանգ տարածություններում հայն իր մենակության ողբերգությունն էր վերապրումՙ նաեւ անցյալի հիշողություններով: Ողջ գիտակցական կյանքը դժվարին աշխատանքով ու խնայողություններով տուն ու տեղի, ունեցվածքի վրա «մսխած» մարդըՙ հեռավոր Աֆրիկայի Թունիս քաղաքում հաստատված միակ հայը, օր ծերության ըմբռնում է իր ապրած օրերի անհեթեթությունը: Պատահաբար հանդիպելով հայրենակցինՙ ինքնամոռաց երանության մեջ, սակայն հոգու անհուն տխրությամբ խոստովանում է. «Ի՞նչ հին ծառ, ի՞նչ նոր ճյուղեր, մեր տղա: Թոռնիկներս կսիրեմ կյանքես ավելի, խենթ կըլլամ անոնց համար, բայց ինքնզինքս ալ չեմ խաբեր: Անոնք երկուքը ֆրանսացի են, մեկն ալ իտալացի: Կը պատկանին իրենց հայրերուն» («Հայ մը Կարկեդոնի մէջ»):
Օտարության մեջ հայ մարդու տառապանքը, կարոտը, արմատների համառ որոնումները, ազգային ինքնության պահպանման շարունակելիության տեւական պարտադրանքն է: Պատմվածքների հերոսներից յուրաքանչյուրի կյանքն ուրույն պատմություն է, որոնց մեջ սակայն ընդհանուր մի տխրություն կա. աստանդական այս մարդիկ աշխարհի ամենախուլ անկյունում իսկ փնտրում են միմյանց:
Արեւմտյան արժեքներին ընտելացած եւ այդ կյանքին արդեն սովոր, տնտեսապես ապահով, խելացի, առինքնող, դանիացի կնոջ հետ երջանիկ էր թվում Արմենը, բայց բավական էր հիշողության մի փոքր վերարթնացում, որ նրա հոգու նիրհող կարոտը միանգամից պոռթկար: Իսկ առիթը հյուրասիրության սեղանն էրՙ ազգային կերակուրներով, որ մանկությունն ու մորը հիշեցրեց: «Բեր ծունկի գամ անոր առջեւ, ոտքերը, ձեռքերը համբուրեմ... անոր սուրբ ձեռքերը... մայրիկիս մաքուր, արդար, լուսե ձեռքե՜րը... մայրիկի՜ս... մայրիկի՜ս» («Այս կարոտը»):
Գեղեցիկ Մոնիքի հետ ամուսնությունը երջանկություն ու ընտանեկան ներդաշնակ կյանք էր խոստանում Գեւորգին: Սակայն տարիներ անց օտարազգի կնոջ հետ ամուսնությունը բարդույթավորում է ամուսնուն, եւ անջրպետ է առաջացնում նրանց միջեւ: Գեւորգն այն կարծիքին էր, որ իր ֆրանսուհի կինն անհաղորդ է հայի հոգու առեղծվածներին եւ բարդ ներաշխարհին: Եվ ինչպես են թեթեւանում ու չքանում Գեւորգի ներքին տագնապները, երբ կինը խորասուզվելով հայի ազգային նկարագրի, արմատների մեջ, այնպես է հասկանում հին ժողովուրդների էությունը, որ լեռան կարոտն ընկալում է իբրեւ ոգեղենացած կրոն ու հավատ, «բարձրացում դեպի աստվածություն» («Տագնապը»):
«Մենք եւ դուք» պատմվածքի հերոսը հեռավոր Կոպենհագենում սեղանի շուրջ հետաքրքրական զրույց է սկսում անծանոթ օտարերկրացու հետ: Եվ ի զարմանս լիբանանահայի, աստանդական ու վտարանդի այդ թուրքն իբրեւ առաջադեմ մտավորականության ներկայացուցիչ, իր պետության ոճրագործ քաղաքականության առաջին դատապարտողն էր ու ջատագովը «ճակատը բաց, խիղճը մաքուր եւ սիրտը տաք» մարդկության: «Եվ դու միամիտ մարդ կսպասես, որ անոնք խոստովանին երեկվա գործած ոճիրը, երբ այսօր ալ ձեռքերնին նոր ոճիրներու եւ արյունի մեջ են թաթխած»: Իր երկիրը սիրելով հանդերձՙ թուրք մտավորականը, որ նոր մտայնությունների եւ առողջ գաղափարների կրող էր, իր անաչառ վերաբերմունքն ուներ դեպի սեփական ժողովուրդը: «Ամեն անգամ, որ հայու մը հանդիպիմ, ակամա կհիշեմ մեր ախմախ Մուստաֆան: Ուզեմ-չուզեմ կբաղդատեմ զինք այն ազնվական Տիկնոջ հետ, որ հեռավոր Ամերիկայեն մեծ զոհողությամբ եկավ իր հոր տունը տեսնելու, կարոտն առնելու: Այսինքն, հոգեկան ապրումներուն, զգացումներուն միայն կարեւորություն տալով եւ անտեսելով, արհամարհելով նյութականը: Մինչ մեր Մուստաֆան, միշտ ընչաքաղց ու գետնամած թուրքը, միայն քանդել ու ավերել գիտցավ, հանուն մամոնային, իր սեփական տունին իսկ չխնայելով: Մեզի համար ցավալի բաղդատական մը, արդարեւ: Ուզեմ կամ ո՚չ, մտքիս մեջ միշտ կխորանա, կմեծնա, կտարածվի այդ բաղդատականը եւ կվերածվի մեր եւ ձեր ժողովուրդները բնորոշող հատկանիշի:
Այո՚, մենք Մուստաֆան ենք, իսկ Դուքՙ այն Տիկինը:
Մե՚նք եւ Դո՚ւք»:
Մարդկային հոգու նրբին ծալքերը թափանցելու հմտությամբ, լեզվական կոլորիտի, սեղմ, լակոնիկ ոճի, պարզ ու դիպուկ նկարագրությունների շնորհիվ արձակագրին հաջողվել է ստեղծել հոգեբանական, հետաքրքրական պատկերային իրավիճակներ եւ բավականին կենդանի կերպարներ («Կտակը», «Սրի Լանքացին»):
«Տագնապը» ժողովածուն տպագրվել է Լոս Անջելեսում, 2000 թ., որին նախորդել են Սարգիս Վահագնի մի շարք հրատարակություններըՙ «Մատանիներ», «Արմատներ» պատմվածքների ժողովածուները, «Նայիրեան մորմոք», «Աշոտ Ողորմած» թատերգությունները: Հրատարակության են պատրաստ «Արշիլ Կորքի» վեպը, հոդվածների «Արտասեւեռումներ», «Պաստառին կախարդանքը» ժողովածուները եւ այլն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ