«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2001-07-03 | #123, 2001-07-04 | #124, 2001-07-05


ԵՐԲ ՊԱՀՆ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ

Հայկ Նագգաշյանի գրական եւ հասարակական գործունեության 50-ամյակի հանդիսություն

Հետահայաց յուրաքանչյուր ստեղծագործող ավելի քննախույզ, վերլուծում-իմաստավորումով է ամբողջացնում իր անցած ճանապարհը, եւ եթե իրապես այն արժեքավոր է, ապա գնահատանքը երբեք էլ ուշացած չի լինում եւ անպայմանորեն կայանում է:

Սփյուռքահայ գրականության միջին (այժմ արդեն ավագ) սերնդի ներկայացուցիչներից Հայկ Նագգաշյանի 75 եւ գրական-հասարակական գործունեության 50-ամյակներին էր նվիրված Հայաստանի գրողների միության հուլիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած հանդիսությունը: Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, 13-րդ համագումարից հետո սա առաջին հանդիպումն է սփյուռքահայ այն գրողի հետ, որը սփյուռք-Հայաստան հարաբերությունների առումով շարունակում է երկար տարիների կամրջող-դարբնողի դերը, իսկ վերջերս Երեւանում տպագրված («Զանգակ» հրատ.) նրա «Բերքահավաք» յոթերորդ ժողովածուն դիտեց իբրեւ հայրենասիրությամբ հորդուն արժեքավոր վավերագրություն:

Ամենատարբեր գրական ժանրերով իր ստեղծագործություններով Հայկ Նագգաշյանը հայ գրականություն է ներմուծում աշխարհագրական զանազան, ամենաէկզոտիկ միջավայրերի (Լիբանան, Կիպրոս, Հորդանան, Կանադա, Արեւելյան Աֆրիկա) աշխարհն իրենց բնությամբ, մարդկանց ինքնատիպ կենցաղով, վարք ու բարքով ու հոգեբանությամբ: Սակայն նկատելին եւ առանցքայինը նրա արձակում, ըստ բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի, այն է, որ «ի հեճուկս պարտադրված թափառիկ կենսագրության, նա մնայուն է պահպանել իր նվիրումը մայրենիին ու հայրենիքին: Ուր էլ ուղղել է նա իր գրական աչքը, հոգին մնացել է կապված հայրենի եզերքին, հայ պատմությանը, հայ մարդու նկարագրին եւ ի հեճուկս կուսակցական ներհակությունների, նա հավատացել է ազգային համախմբության իր տեսիլին»:

Բեյրութում է ծնվել եւ նախնական կրթությունը ստացել Հայկ Նագգաշյանը, ապա հաճախել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատություն: Հորդանան մեկնելուց հետո վերադարձել է Բեյրութ, որտեղ ստանձնել է ՀԲԸՄ-ի կրթական հանձնախմբի քարտուղարությունը, զուգահեռաբար խմբագրական աշխատանքներ է կատարել «Զարթօնքում», ապա երկար տարիներ աշխատակցել է «Շիրակ» ամսագրին: Լինելով ՌԱԿ-ի ղեկավար դեմքերից, Հայ դատի ենթահանձնախմբի անդամՙ նա հասարակական ակտիվ ու բեղուն գործունեություն է ծավալել:

Առաջինՙ «Որսորդի ուղիներով» գիրքը լույս է տեսել բավականին ուշ, երբ նա 53 տարեկան էր: «Արեւելյան շքեղ գույներով, իրական դեպքերի» նկարագրությամբ, բնության, որսորդական արկածախնդրության նկատմամբ հետաքրքրությունների այս գրքին հաջորդում են հեղինակի «Ափրիկեան անտառներուն մէջ», «Սրբազան ծառի տակ», «Դէպի ինքնութիւն», «Բնութեան կանչը» եւ այլ ժողովածուները:

Հոբելյարի գրական, հասարակական գործունեության ընթացքի, ազգային ինքնության արմատների որոնումների, հայեցի նկարագրի պահպանման մասին էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի, Կառլեն Դալլաքյանի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ելույթները: Տպավորիչ եւ ուշագրավ էր գրող Կարպիս Սուրենյանիՙ Մելգոնյան կրթարանիՙ իրենց ուսանած տարիների «խիստ տոհմիկ ու հայեցի» մթնոլորտի մասին կարոտի ու ափսոսանքի վերհուշը:

Շնորհավորելով ՀԳՄ նորընտիր նախագահին եւ «Գէորգ Ա. Մոմճեան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոմեն Կոզմոյանինՙ երեկոն կազմակերպելու համար, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարեւորեց սփյուռքահայ մտավորականի, կուսակցական, ընկերային գործչի համար մայր հայրենիքում գնահատում ունենալը, քանի որ մնացյալը «տառապանք է, զոհողություն»: Սփյուռքի մեր մտավականների մեծ մասի անցած հիմնական ճանապարհի ընդհանուր նկարագրի մասին խոսելովՙ Հ.Ավետիքյանը Հայկ Նագգաշյանի «Բերքահավաք» գիրքը դիտեց իբրեւ արժեքավոր վկայարան, փաստագրություն իր ժամանակի անցքերի, պատմության եւ մարդկանց մասին, որը թեեւ սուբյեկտիվ, սակայն ատաղձ կարող է ծառայել ապագա պատմագիտության համար: 16-17 տարիների տեւողությամբ լիբանանյան ամենաողբալի, անիմաստ եւ ցնորական պատերազմի ժամանակագրություն է սա նաեւ, որի ընթացքում հատկապես կարեւորվում է մեր ավանդական 3 կուսակցությունների կատարած բացառիկ դերը, երբ բազմապիսի հասարակական կազմակերպությունների, անգամ եկեղեցու անգործության պարագայում, ներքին հակասություններով հանդերձ կուսակցությունները ստանձնեցին եւ պատվով կատարեցին բարդագույն երեք խնդիրՙ պահպանել գաղութի ֆիզիկական ապահովությունը, ազգային նկարագիրը եւ կապը մայր հայրենիքի հետ, եւ այդ խնդիրների իրականացման մեջ կարեւոր դեր կատարեց Հայկ Նագգաշյանը:

Բանախոսների ելույթների արանքում «Նոր անուններ» երաժշտական կազմակերպության պատանի կատարողները ներկայացրին տարբեր ստեղծագործություններ հայ եւ արեւմտյան կոմպոզիտորներից:

Երեկոյի ավարտին Հայկ Նագգաշյանը երախտագիտություն հայտնեց ՀԳՄ նախագահին, կազմակերպիչներին, բանախոսներին, հանդիսականներին, մասնավորապես նշելով, որ «Հայրենիքի մեջ դժբախտաբար ազգապահպանումի աշխատանքներ նույմպես անհրաժեշտ են. դեռեւս ձուլումը չկա, բայց այստեղ ուրիշ այլ վտանգ կաՙ հայրենիքը թողնելու, մեկնելու: Ես չեմ հիշեր հայոց պատմության մեջ որեւէ ժամանակ, երբ հայ ժողովուրդն այսպես կամավոր թողներ իր հողը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4