«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ԱՅՆՏԵՂՙ ՈՐՏԵՂ ԲՈՒՐՄՈՒՆՔ ԿԱ

Ամերիկյան դեսպանատան մատույցներում ամենօրյա հերթեր են. սրանով արդեն ոչ մեկի չես զարմացնի: Բաղրամյան պողոտայով երթեւեկում ենք բոլորս, եւ յուրաքանչյուրիս աչքերի առջեւ բացվում է միշտ նույն տեսարանըՙ մարդկային երկար մի շարան, որի ճակատագիրն ու ապագան այդ դեսպանատան, ավելի ճշգրիտՙ հյուպատոսարանի ձեռքում են: Մենք այնքան ենք վարժվել փողոցի ու դեսպանատան անքակտելի մասը կազմող մարդկային այդ զանգվածն ամեն օր տեսնելուն, որ այլեւս չենք արձագանքում ոչնչի:

Երեւի բնականոն երեւույթ է, որ երթուղային տաքսու վարորդին, գործի բերումով, խնդրում ես հենց դեսպանատան մոտ կանգնեցնել մեքենան եւ լսում ես նրա վախվորած պատասխանը. «Չեմ կարող, ընկեր: «Ախրաննիկները» չեն թողնում, ասում ենՙ իրավունք չունես էստեղ մարդ նստեցնելու-իջեցնելու: Մի քիչ վերեւ որ կանգնե՞մ.»: Երեւի բնականոն երեւույթ է, որ արդեն հիշատակված «ախրաննիկները» (ի դեպՙ մեր հայրենակիցները) հերթում կանգնողներին հրահանգում ենՙ որտեղ կանգնել, ինչպես կանգնել. Եվ մարդիկ, որոնց աչքերում պսպղում է վիզան ստանալու եւ Ամերիկա մեկնելու ակնկալիքը, հնազանդորեն կանգնում են մայթեզրին, արեւի տակՙ ստվերը թողած: Ամերիկյան դեսպանատան հայ «ախրաննիկների» հետ խոսակցական շփման «հաճույքը» ճաշակած ՀՀ քաղաքացիներից շատերն անհրաժեշտության դեպքում կվկայեն, թե փոխադարձ քաղաքավարության ինչպիսի «հաճելի» պահեր են ապրել:

Սակայն մուտքի թույլտվություն ստանալու եւ երկրից «պոկվելու» արարողակարգի ամենահետաքրքիր մասն, անշուշտ, փողոցային հերթերը չեն, այլՙ 50 դոլարանոցների դրամաշրջանառությունը, հանրահայտ «ինտերվյուն» եւ հարցաթերթիկը: Վերջինին, թերեւս, արժե անդրադառնալ, քանի որ, ախր, չափից դուրս ուշագրավ են այդ թերթիկում շարադրված հարցերից մի քանիսը: Օրինակՙ «Նացիստական Գերմանիայի կառավարության կամ նրա զավթած այլ երկրի կառավարության կողմից ուղղակի կամ անուղղակի դրդված Դուք հետապնդե՞լ եք որեւէ մեկին ցեղի, կրոնի կամ ազգության պատճառով, կամ քաղաքական համոզմունքներից ելնելով: Դուք մասնակցե՞լ եք ցեղասպանությանը»: Այս նախադասությունները կարդալով ակամա ուզում ես հարցին հարցով պատասխանելՙ ո՞ր ցեղասպանությանը: Հրեաների՞: Եթեՙ այո, ուրեմն բարի եղեք ճշգրտել. քաղաքական ակնհայտ ուղղվածություն ունեցող այս հարցում միայն ինքըՙ բուն բառն է պակասում: Ուզում ես նաեւ պատասխանել. «Ոչ, մենքՙ հայերս, որեւէ կերպ չենք առնչվում նացիստական Գերմանիայի հակամարդկային քաղաքականությանը: Սակայն ցեղասպանություն տեսած ժողովրդիՙ հրեաների հանդեպ նման հոգածությունը մեծ պատիվ է բերում ձեզ»: (Տեսնեսՙ թուրքերն ինչպես են արձագանքում այս հարցին): Կամՙ «Դուք երբեւիցե զբաղվե՞լ եք թմրադեղերի առեւտրով, պոռնկությամբ»: Հետաքրքիր է, որեւէ մեկը կպատասխանի՞, թե, այո, զբաղվել եմ: Ուրեմն էլ ինչո՞ւ հարցնել: Այսպիսի «ինքնանպատակ» հարցեր էլի են պատահում. «Դուք փորձե՞լ եք ԱՄՆ մուտք գործել մաքսանենգ ապրանքներ փոխադրելու, տեռորիստական ակտերին կամ այլ հակաօրինական գործողություններին մասնակցելու նպատակով» եւ այսպես շարունակ: Իսկ ստորեւ, երեւի անկեղծներին ու միամիտներին ի մխիթարություն, նշվում է, որ «վերոհիշյալ հարցերից որեւէ մեկին դրական պատասխանելը չի նշանակում, թե ձեզ մեխանիկորեն կմերժեն վիզա ստանալիս.»: Իհարկե, ոչ:

Սակայն վերադառնանք փողոցային հերթին, ուր մարդիկ լարված սպասում են: Նրանցից շատերն առաջին անգամ են այստեղ, շատերն արդեն մի քանի անգամ դիմել են ու մերժվել, կան նաեւ այնպիսիք, որոնց համար հյուպատոսարանի մատույցներում սպասելը գրեթե դարձել է օրվա գործ. ի՞նչ է պատահել որ. 45-50 դոլարը վճարիր ու սպասիր, չէ՞ որ հյուպատոսարանն այդքան «ձեռնտու» պայմաններ է ստեղծել դիմողների համարՙ այցելիր, վճարիր, մերժվիր, նորից այցելիր. Սոցիալապես անապահով պայմաններում ապրող բնակչության «համբավը» մարդկանց, այդուհանդերձ, չի խանգարում հյուպատոսարանում ունենալիք հարցազրույցի համար պահանջվող գումարը հայթայթելու: Ոմանք իրենց սուղ միջոցներով, ոմանքՙ գումարները հեշտությամբ շռայլելովՙ սակայն ազգովին «նպաստում» ենք ամերիկյան պետբյուջեի բարգավաճմանը:

Շատերը կհակաճառեն, թե ոչ ոք մեղավոր չէ, պարզապես հայերս արտագաղթում ենքՙ ապահով կենսապայմաններ ու կայուն հոգեվիճակ գտնելու, իսկ Ամերիկա կոչված երկիրն ընդունակ է բավարարելու ՀՀ քաղաքացիների պահանջմունքները, հետեւաբար եւ, այս տրամաբանությամբ, ոմանք ենթարկվում են պայմաններին, ոմանքՙ թելադրում: Իրոք, դժվար է աչք փակել ու «չտեսնել» մտավոր ու կրթական բավականին ցածր մակարդակի արտահայտությունը կրող մարդկանց հիմնավոր ու անհիմն ձգտումներըՙ երկիրը լքելու (սա ընդհանուրիս ցավն է), սակայն չենք կարող աչք փակել նաեւ այն իրողության վրա, որ դեսպանատունը, թերեւս ակամա խաղարկելով արտագաղթել ցանկացողների մեծ մասին բնորոշ սկզբունքըՙ միջոցների առջեւ կանգ չառնելու, «ռիսկի» է դիմում ժամանակի ընթացքում վերածվելու դրամ կուլ տվող մեքենայի:

Ու չարժե, հաստատ չարժե «սնուցել» այդ մեքենան: Եթե փողոցային հերթերում չհայտնվելու համար բավականաչափ ծանրակշիռ չենք համարում «երկիրը դատարկվում է» պատճառը, ապա ծանրակշիռ պատճառ համարենք գոնե մեր ինքնասիրությունը, որով հանդերձ նստելու ենք ասես ապակյա հայացքով, սեփական արժանապատվության բարձր զգացումով տոգորված հյուպատոսի առջեւՙ նրա ընտանեկան, անձնական, ֆինանսական եւ այլ բնույթի հարցերին հնազանդորեն պատասխանելու, իսկ մերժման դեպքումՙ նաեւ լսելու նրա «ցավում եմ, սըր, բայց.» ոչինչ չբացատրող բացատրությունը:

Ի վերջո, իսկական հայը պիտի ծառ տնկի, տուն կառուցի, մեծացնի զավակին եւ. անձնագրում ունենա ամերիկյան դեսպանատան մերժող, սեւ դրոշմը:

Անշուշտ, ազգային արյունահոսությունը շարունակվում է, ավելի մեծ ծավալով, դեպի մեկ այլ երկիրՙ Ռուսաստան, բայց այդ մասինՙ հետագայում:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4