Բարձր տեխնոլոգիաների ամերիկյան «Լեդա սիստեմս» ընկերության եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի միջեւ երեկ կնքվեց պայմանագիր նորՙ միկրոէլեկտրոնային համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնի բացման մասին: Պայմանագրի եւ նոր բացվող ամբիոնի մասին տեղեկություններ հաղորդեցին այս օրերին Հայաստանում գտնվող «Լեդա սիստեմսի» հիմնադիրներից Վահրամ Մուրադյանը եւ համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը: Ըստ այդմ, «Լեդա սիստեմսը» փաստորեն դառնում է ամբիոնում սովորող ուսանողների պատվիրատուն: Վերջիններիս թիվը եկող տարի կհասնի 60-ի, գործնական պարապմունքները կանցկացվեն ընկերության նորագույն սարքավորումներով հագեցած բաժնում:
Յուրի Սարգսյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց իրենց «նախկին ուսանող եւ նախկին դասախոս» Վահրամ Մուրադյանինՙ այս ձեռնարկման համար: Նա միաժամանակ նշեց, որ նախկինում պոլիտեխնիկական ինստիտուտը սերտ կապեր ուներ արդյունաբերական ձեռնարկությունների հետ, որոնք փլուզվեցին: Սա այդ կապերը վերականգնելու առաջին փորձն է: Ճարտարագիտական համալսարանի ռեկտորը հայտնեց, որ «Լեդա սիստեմսը» խոստանում է ֆինանսական վերադարձ: Այսինքն յուրաքանչյուր ավարտած եւ ընկերությունում աշխատանքի ընդունված ուսանողի դիմաց համալսարանին կփոխանցվի 2 տարվա ուսման վարձին համարժեք գումար: Ավելի մանրամասնելով ամբիոնի գործունեությունը, Յուրի Սարգսյանն ասաց, որ այստեղ սովորելու են 3 ֆակուլտետների 2-րդ կուրսն ավարտած ուսանողներից լավագույնները: Ուսումնական գործընթացին մասնակցում են նաեւ Դալասի համալսարանի դասախոսները: Նպատակը, ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց «Լեդա սիստեմսի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը, այն է, որ վերջիններիս սովորեցնեն այս ոլորտի ժամանակի պահանջները, քանի որ Հայաստանի բուհերն ավարտած շրջանավարտներն առնվազն 6-7 ամսվա վերապատրաստման անհրաժեշտություն են ունենում:
Վահրամ Մուրադյանն իր հերթին նշեց, որ մոտավոր հաշվարկներով մասնագետների պատրաստման այս ծրագրի համար իրենք մոտ 1 մլն դոլար են առանձնացրել: Մեր հարցին, թե արդյոք բավարարո՞ւմ է Հայաստանի օրենսդրական դաշտը ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար, «Լեդա սիստեմսի» նախագահը պատասխանեցՙ այնքանով, որքանով իր ընկերությունն այստեղ է, բավարարում է: Եվ ընդհանրապես, ըստ նրա, իդեալական պայմաններ օրենսդրության բնագավառում որեւէ երկիր չունի: «Ազգի» թղթակցի մյուս հարցին, որը վերաբերում էր հեռահաղորդակցման վիճակին, Վահրամ Մուրադյանը բացասական պատասխանեց: Նա նշեց, որ ներկայումս գործող արբանյակային կապն իրենց չի բավարարում, սակայն շուտով, երբ օպտիկա-մանրաթելային կաբելով Հայաստանը միանա աշխարհին, այդ կապը կբավարարի:
Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց նաեւ «Ամարաստ» կենտրոնի ստեղծման մասին: Կենտրոնն իրականացնելու է կիսահաղորդչային չիպերի նախագծումն ու առաքումը երրորդ աշխարհի երկրներ: Չնայած Հայաստանում 80 տոկոսով իրականացվելու է վերջնական արտադրանքի նախագծումը, այդուհանդերձ չիպերը կարտադրվեն Տայվանում: Բանն այն է, որ դրանց արտադրությունը 2 մլրդ դոլարի ներդրումներ է պահանջում, ինչը ներկա պահին անհավանական է Հայաստանում: Ի դեպ, «Ամարաստ» կենտրոնի տնօրեն է նշանակվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Արզումանյանը: Ընկերության խորհրդի նախագահն է հայտնի գործարար Խաչիկ Սուքիասյանը, որը նաեւ «Լեդա սիստեմսի» բաժնետերերից է: Հենց նրան էլ դիմեցինք այս ծրագրի եւ ամբիոնի ստեղծման նշանակության մասին իր տեսակետը հայտնելու խնդրանքով.
- Մենք այսօրվանից կարող ենք այնպիսի կադրեր պատրաստել, որոնք կարող են աշխատել աշխարհի բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ցանկացած կազմակերպությունում: Կարծում եմ, որ նման աշխատատեղերի պահանջը Հայաստանում կա, եւ ժամանակի ընթացքում ավելի շատ մարդ կընդգրկվի այս աշխատանքներում: Դա կբերի նրան, որ Հայաստանը չեն լքի մտավոր բարձր կարողություն ունեցող անձինք, քանզի նրանք իրենց գիտելիքներին համարժեք աշխատավարձ կստանան (800-1000 դոլար): Այնուհետեւՙ նրանք մասնակից կլինեն աշխարհում այս ոլորտում կատարվող զարգացումներին: Կարծում եմ, որ նման շերտ ունենալը Հայաստանում մեր թիվ 1 ցանկություններից է: Ինչ վերաբերում է չիպերի արտադրությունն այստեղ կազմակերպելուն, ապա նկատի ունենալով, որ 2 մլրդ դոլարի ներդրում է անհրաժեշտ, թերեւս վաղ է այդ մասին խոսելը: Դա կախված է նրանից, թե արտադրող կազմակերպություններն ինչ ծանրաբեռնվածություն կունենան: Եթե գա այն պահը, որ նրանք ի վիճակի չլինեն բավարարելու պահանջվող ծավալները, պարզ է, որ դրա մասին Հայաստանում ներդրում կատարած կազմակերպությունները պետք է մտածեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ