Երիտասարդական ուխտագնացության գրասենյակի գործունեությունը միտված է հուլիսյան ուխտագնացությունը եւ համահայկական երիտասարդական կառույցի գործունությունը համակարգելու, ինչպես Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների միջեւ կապերի, մամլո եւ լրատվության հետ կապված աշխատանքներ, համագործակցում 1700-ամյակի Էջմիածնի կենտրոնական գրասենյակի ենթակայությամբ ստեղծված տուրիստական հանձնախմբի հետՙ ապահովելով ուխտագնացների դիմավորումը եւ կեցությունը Հայաստանում: Ստեղծվել է նաեւ ուխտագնացությունը լուսաբանող ինտերնետային էջ: Գրասենյակը գործում է 2000 թ. հոկտեմբերիցՙ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ 1700-ամյակի կենտրոնական գրասենյակի վարիչ-քարտուղար Հովնան արք. Տերտերյանի նախաձեռնությամբ: Գրասենյակում տեղի ունեցած երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում Հովնան արք. Տերտերյանը լրագրողներին տեղեկացրեց հուլիսի 10-20-ը սպասվող համահայկական ուխտագնացության նպատակների, ծրագրերի մասին: Ուխտագնացությանը կմասնակցեն 500 երիտասարդներ արտերկրից (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Եգիպտոս, Ռուսաստան, Իտալիա) եւ 1500 հայաստանցիներ:
Այս ուխտագնացությունը ենթադրում է դառնալ համահայկական երիտասարդական մնայուն կառույցի սկիզբ, կամրջող նոր մի օղակ սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդության միջեւ, իսկ հիմնական նպատակը հայ երիտասարդության ներգրավումն է եկեղեցական կառույցներից ներս եւ նրանց հոգեւոր արժեքներին, հավատքի իրական աղբյուրին մերձեցնելը:
Երիտասարդական ուխտագնացությունը բաղկացած է լինելու մեկօրյա փոքր ուխտագնացություններից Հայաստանի հոգեւոր մշակութային հուշարձաններ (Օշական, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, Էջմիածին եւ այլն) եւ հիմնական եռօրյա ուխտագնացությունիցՙ Խոր Վիրապ-Էջմիածին-Երեւան: Հուլիսի 14-ի առավոտյան ուղեւորվելով Խոր Վիրապՙ ուխտավորները կմասնակցեն մոմավառության արարողությանը, բեմականացված հոգեւոր երաժշտական կոմպոզիցիայինՙ տաղերի, սաղմոսերգերի, շարականների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզների ուղեկցությամբ, իսկ հաջորդ օրըՙ լուսաբացին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ հայրապետը կդիմավորի նրանց օրհնանքի խոսքով, ապա Արեւագալի արարողությունից հետո կայցելեն Մայր տաճար:
Երեւանում (կասկադում) հաջորդ օրը կներկայացվի «Սբ. Գր. Լուսավորիչ» ռոք օպերան: Այսօրվա երիտասադրությանը հետաքրքրող ժամանակակից լուծումներով, զանգվածային տեսարաններով օպերան, ըստ Հովնան արք. Տերտերյանի, հարազատ է մնացել պատմական անցքերին, պահպանել է ժամանակի ոգին, բովանդակալից է եւ ամենակարեւորըՙ զուսպ:
Արտերկրից ժամանած ուխտավորները կտեղավորվեն Սեւանի հյուրանոցային համալիրում, հանգստյան տներում եւ ճամբարներում, կենցաղային բավարար պայմաններով: Ուխտագնացության ընթացքում ավտոբուսներին ուղեկցելու են ՆԳ նախարարության պետավտոտեսչության մեքենաները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ