«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2001-07-06 | #126, 2001-07-07 | #127, 2001-07-10


«ԿԻԼԻԿԻԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐ

Նոր արտադրամաս Երեւանի գարեջրի գործարանում

Լինսի հիմնադրամից ստացած 1 մլն դոլարի ներդրման շնորհիվ Երեւանի գարեջրի գործարանում այսուհետ կսկսի գործել բնական հյութերի արտադրամասը: Այստեղ առայժմ արտադրվում է միայն ծիրանի բնական հյութ, սակայն ապագայում արտադրվելու են նաեւ դեղձի, մասուրի, խնձորի հյութեր: Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս արտադրամասի տարեկան հզորությունը կկազմի 2500-3000 տոննա, իսկ նրա գործունեությամբ արդեն ստեղծվել են 80-100 աշխատատեղեր:

Նոր արտադրության բացման կապակցությամբ շաբաթ օրը գործարան էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը շրջեց նաեւ այլՙ գարեջրի եւ ոչ ոգելից խմիչքների արտադրամասերում եւ իր տպավորությունները հայտնեց լրագրողներին. «Սա այն արտադրություններից է, որ մեր գյուղի համար առանցքային նշանակություն է ունենալու: Վերամշակումն է գյուղն ընդգրկում բիզնեսի մեջ, այլապես այն կմնա մենատնտեսային: Այս արտադրությունն ուղղված է նաեւ արտահանմանը, քանի որ Հայաստանի շուկան փոքր է, եւ առանց արտահանման ծավալների ավելացման ավելորդ է խոսել Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին: Ժամանակին մենք խոսում էինք ներմուծման փոխարինման մասին: 2-3 տարում հաջողվեց դրան հասնել: Արտահանման աճին կնպաստի նաեւ մեր անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Չնայած մեր արտադրողները երբեմն ասում են, թե դա կվնասի իրենց շահերին, սակայն համոզված եմ, որ այդպես չէ: Այդ կազմակերպությանն անդամակցելը մեր արդյունաբերության համար կբացի 150-ից ավելի երկրների շուկաները: Կարծում եմ, մինչեւ տարեվերջ անդամակցության հարցը կլուծվի»:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ կառավարության կազմի եւ կառուցվածքային փոփոխություններին: Մասնավորապես պետեկամուտների նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի առնչությամբ նշեց, որ նա «իսկապես լավ աշխատեց, եւ գնահատելի է այդ աշխատանքը», սակայն միաժամանակ կարեւորեց, որ հարկահավաքումը լինի «կանոնակարգված եւ տնտեսության մեջ հանգիստ միջավայր ապահովելով»: Նախագահը նաեւ կարծիք հայտնեց, որ նոր նշանակումն Անդրանիկ Մանուկյանի «կամքից դուրս չէր», քանի որ նախկին աշխատանքը նյարդային էր եւ այդ համակարգում երկար աշխատելն «իսկապես դժվար է»: Ուժային նախարարների փոփոխության մասին լուրերը Ռոբերտ Քոչարյանը հերքեց, նշելով, որ որեւէ քննարկում չի եղել:

Վերադառնալով Երեւանի գարեջրի գործարանին, նշենք, որ այն շարունակում է հաջողություններ արձանագրել իր հիմնականՙ «Կիլիկիա» գարեջրի արտադրության ոլորտում: Այդ եւ ընդհանրապես ձեռնարկության գործունեության արդյունքների մասին էր «Ազգի» հարցազրույցը ընկերության նախագահ Աշոտ Բաղդասարյանի հետ:

- Նոր արտադրության մասին ի՞նչ կասեք:

- Արտադրելու ենք բնական հյութեր: Մեր հպարտանալու հիմնական պատճառն այն է, որ նոր աշխատատեղեր ենք ստեղծումՙ 100-ը մեզ մոտ, շուրջ 1000 աշխատատեղՙ գյուղում:

- Իսկ ընդհանրապես որքա՞ն մարդ է աշխատում ձեռնարկությունում:

- 400 աշխատակիցՙ 40 հազար դրամ միջին աշխատավարձով:

- Այս տարի ի՞նչ արդյունքներ ունեք:

- Արտադրության 15 տոկոսի աճ ունենք: Ավելի շատ ոչ ալկոհոլային խմիչքների, մի քիչ պակասՙ գարեջրի: Դա երեւում է նաեւ հարկային պարտավորություններից: Անցյալ տարի պետբյուջե ենք վճարել 412 մլն դրամ: Ընդ որում, առաջին կիսամյակում այդ գումարը կազմել է 164 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին կիսամյակումՙ 212 մլն դրամ:

- Արտահանման ուղղությամբ աշխատո՞ւմ եք:

- 2000 թ. 550 հազար շիշ ենք արտահանելՙ հիմնականում գարեջուր, մասամբՙ ոչ ալկոհոլային խմիչքներ: Դա, իհարկե, չնչին ծավալ է: Աշխատանքներ ենք տանում հիմնականում Ռուսաստան եւ ԱՄՆ արտահանումն ավելացնելու համար: Սովորաբար մեր արտադրանքը գնում են հայերը, սակայն աշխատում ենք, որ օտարներն էլ գնեն: Կարծում եմ, որ դրան կնպաստի հունիսին Լոս Անջելեսում տեղի ունեցած ցուցահանդեսը: Որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաեւ Նյու Յորքի գործարար համաժողովի ժամանակ:

- Դարձյալ անդրադառնանք բնական հյութերին: Ինչպիսի՞ գնային քաղաքականություն եք վարելու:

- Բնական հյութի գինը կլինի ներմուծվողից ցածր (300-350 դրամ 1 լիտրի համար): Դրա եւ բարձր որակի շնորհիվ մենք դուրս կմղենք տարեկան 1500-2000 տոննա ծավալներով ներմուծվող բնական հյութերը, որոնց մի մասն է իսկապես բնական: Դա կարվի առանց ինչ-որ ուժային միջոցների, ինչպես գարեջրի պարագայում, որի ներմուծումն ամբողջի 3 տոկոսն է այժմ կազմում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4