«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2001-07-07 | #127, 2001-07-10 | #128, 2001-07-11


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Երեկՙ հուլիսի 10-ին, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի ունեցավ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի եւ ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամ, հայտնի հեռուստալրագրող Ռոբերտ Մավիսակալյանի հանդիպումն ընթերցողների եւ հեռուստադիտողների հետ:

«Հանրապետական լրատվամիջոցները դարձել են մի տեսակ մայրաքաղաքային եւ կենտրոնանում են բացառապես Երեւանի վրա, քիչ լրատվամիջոցներ թղթակիցներ ունեն մյուս բնակավայրերում: Մենք բարեբախտաբար ունենք մեր թղթակիցը Վանաձորում: Եվ շատ կուզեինք ավելի մանրամասն եւ հանգամանալից լուսաբանել նաեւ մյուս վայրերի դեպքերն ու իրադարձությունները», ասաց «Ազգի» գլխավոր խմբագիրը, տեղեկացնելով, որ թերթի նյութերի տարածման «աշխարհագրությունն» այսօր շուրջ 60 երկիր է ընդգրկում: Թերթը էլեկտրոնային տարբերակով չորս լեզուներով տարածվում է ամբողջ աշխարհում:

Հ. Ավետիքյանը խոսեց բազմակարծության, իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման մասին, ընդգծելով, որ մամուլը կոչված է վերացնելու ժողովրդի եւ իշխանության միջեւ առաջացած անջրպետը: Անջրպետ, որն առաջացավ այն պահից, երբ իշխանության ներկայացուցիչներն առաջ քաշեցին «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը:

Ռոբերտ Մավիսակալյանն իր խոսքում շեշտեց, որ «Ազգը» երբեք կուսակցական թերթ չի եղել, թեեւ գլխավոր խմբագիրը Ռամկավար Ազատական կուսակցության անդամ է:

Հ. Ավետիքյանը հավելեց, որ թերթը որպես ընդհանուր գաղափարախոսություն է որդեգրել ռամկավարությունը եւ ազատականությունըՙ ժողովրդավարությունն ու լիբերալիզմը: Նա անդրադարձավ այսպես կոչված ընդդիմադիր մամուլինՙ պարզաբանելով ինքնանպատակ քննադատության եւ լուրջ, փաստարկված քննադատության տարբերությունը:

Ներկաները Հ. Ավետիքյանին եւ Ռ. Մավիսակալյանին դիմեցին բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցերով:

Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ բուժաշխատողներ, եւ բնական էր, որ հարց եղավ առողջապահության բնագավառում կատարվող փոփոխությունների մասին: Հ. Ավետիքյանը սխալ համարեց «շոկային թերապիայի» միջոցով հիմնահարցերի լուծումը եւ ասաց, որ այդ բնագավառում փոփոխությունները պետք է կատարվեին փուլային տարբերակովՙ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերն ու իրավունքները, այլընտրանքային համակարգերի ստեղծմանը զուգահեռ: Իսկ այժմ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ նման «բարեփոխման»: Ռ. Մավիսակալյանն ասաց, որ Հայաստանի բախտն առողջապահության նախարարների հարցում վերջին 10 տարում չի բերել, որը եւս բացասաբար է անդրադառնում համակարգի վրա:

Եղան նաեւ զբոսաշրջության զարգացմանը, ՀՌԱԿ ծրագրերին, ազգային հեռուստատեսության ժամանակին գոյություն ունեցող «Մամուլի ակումբ» հաղորդաշարի փակմանը, Հայաստանի եւ զարգացած երկրների ինտեգրմանը վերաբերող հարցեր, որոնք ստացան հանգամանալից պատասխաններ:

Հարցերի մեջ կային նաեւ ջերմ խոսքեր «Ազգ» օրաթերթի հասցեին:

Հետաքրքրական էր չորրորդ իշխանության կայացմանը վերաբերող հարցը, որին պատասխանելով, Հ. Ավետիքյանը նշեց, որ 1993-ին թերթն ունեցել է 40 հազար տպաքանակ, իսկ այժմ 3 հազար է: Նա ասաց, որ չորրորդ իշխանությունը հանրապետության տնտեսական զարգացմանը զուգընթաց ավելի մեծ ազդեցություն կունենա: «Ազգի» գլխավոր խմբագիրը կարեւորեց ժողովրդի եւ լրատվամիջոցների սերտ կապը, նշելով, որ բնակչությունից նամակներ քիչ են ստացվում, որոնք առավել կնպաստեին շատ հիմնահարցեր ներկայացնելու թերթում: Ինչ վերաբերում է քննադատական հրապարակումների արձագանքներին, դրանք որոշ գերատեսչություններ ցավոտ են ընդունում, սակայն երբեմն էլ հրաժարվում են պատասխան հոդվածով հանդես գալուց:

Հանդիպումն անցավ անկեղծության մթնոլորտում, որի համար հյուրերին շնորհակալություն հայտնեց Լոռու փոխմարզպետ Արամ Քոչարյանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4