«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2001-07-07 | #127, 2001-07-10 | #128, 2001-07-11


ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՔԵՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տոնավաճառների, կրպակների, շուկաների եւ առեւտրի մյուսՙ «հանրամատչելի» կետերի կողքին Երեւանում գործում են նաեւ շքեղատես, քչերի գրպանի պարունակությանը մատչելի խանութներ: Այնքան շքեղ, որ դրանց կողքով անցնելիս ակամա կաշկանդվում ես, էլ ո՜ւր մնաց թե մտնեիր եւ գնումներ կատարեիր: Այդօրինակ խանութներում, եթե նկատել եք, մշտապես դատարկություն է. այցելուներ գրեթե չեն լինում, եւ միայն կարճափեշիկ վաճառող-վաճառողուհիներն են պարապ պտտվում այդ ողջ շքեղության շուրջը: Ինչի՞ հաշվին են գոյատեւում այդ խանութները, ուր առեւտուր գրեթե չկա, եւ շաբաթներ ու ամիսներ շարունակ, ցուցափեղկերի կողքով անցնելիս, աչքովդ է ընկնում ապրանքներիՙ հագուստի, օծանելիքի, կոշիկի, զարդեղենի եւ այլնի միեւնույն, անփոփոխ տեսականին. այս հարցը մի «գաղտնիք» է, որի պատասխանը հավանաբար միայն իրենքՙ խանութների տերերը գիտեն: Երեւի ժամանակ առ ժամանակ այդօրինակ խանութներից որեւէ մեկի մոտ կանգնում է արտասահմանյան թանկարժեք մի ավտոմեքենա, որից դուրս է գալիս ապահով կյանքի դրոշմը դեմքին, ինքնավստահ, բջջայինը ձեռքին մի տիկին. հեքիաթից իջած իսկական կախարդուհի, որ եկել է «փրկելու» մեծ ծախսերով կառուցված եւ այդ ծախսերն իր գոյությամբ ո՚չ մի կերպ չփոխհատուցող խանութը: Տիկինը երեւի մի քանի հազար դոլար կվատնի այդ խանութում եւ, գնումներով ծանրաբեռնված, կհեռանա: Սա էլ տարբերակ է: Սակայն այս տրամաբանությամբ ստացվում է, որ խանութը կառուցվել եւ գործում է վերոհիշյալ մեկ տիկնոջ (կամ մի քանիսի) համար.

Գլխավորապես օտարալեզու անվանումներ կրող երեւանյան շքեղ խանութները, թվում է, ոչ մի առնչություն չունեն իրական քաղաքի ու մարդկանց հետ: Սակայնՙ լոկ արտաքուստ: Իրականում այստեղ էլ կարող ես բախվել երեւույթների, որոնք բնորոշ են մանր կրպակներին, շուկաներին, տոնավաճառներին ու առեւտրի այլ կետերին: Պարզապես այսօրինակ խանութներում նման երեւույթներն ավելի ցայտուն են ու անմիջապես աչքի են զարնում, ինչը եւս բացատրելի է. արտաքին շքեղությունը ենթադրում է նաեւ համապատասխան վարվեցողություն: Իսկ այս վերջինը հաճախ լիովին բացակայում է: Օրինակները բազմաթիվ են, երբ այդօրինակ խանութներում վաճառքի է դրվել (եւ հաջողվել է վաճառել) ժամկետանց ապրանք («Պարտեզ» խանութում, ուր, իմիջիայլոց, ոտք ես դնում թե չէՙ վաճառողուհիների ստվար խումբն անմիջապես սկսում է «հետապնդել» քեզՙ ավելորդ ուշադրությամբ նյարդայնացնելով ու ասես պարտադրելով, որ անպայման գնում կատարես), երբ գնորդի կարոտ վաճառողուհիները պարզապես հրճվում ենՙ հազվադեպ այցելուին ի տես, եւ արագորեն ու անթաքույց հիասթափվում, եթե հաճախորդը «պարապ» պտտվում է ու ոչինչ չի գնում («Իմպերիալ» խանութում): Օրինակներ կան, երբ կասկածամիտ վաճառողուհիները պահանջում են իրերդ հանձնել իրենց, ապա միայնՙ շրջել խանութում, եթե ձեռքիդ պայուսակը «սխալմամբ» մեծ է («Առոմա»), երբ գնելու ցանկությունդ իսպառ վերացնում ենՙ քեզ այդպես էլ չարժանացնելով ընտրածդ օծանելիքի բուրմունքն անձամբ զգալու «պատվին»ՙ փոխանակ վաճառողների ձեռքերն ու թղթերը, որ քթիդ առջեւ պահում են, հոտոտելու («Բուրմունք»), կամ հակառակըՙ երբ օծանելիքի փորձանմուշային սրվակից օգտվում ես, որոշում գնել, իսկ տանը, փաթեթը բացելով, հայտնաբերում ես, որ գնել ես ո՚չ թե թարմ սրվակը, այլ հենց նույնՙ կիսով չափ դատարկ փորձանմուշը, նաեւՙ երբ մինչ խանութ մտնելդ քիչ է մնում անձնագրով ներկայանաս, որովհետեւ թիկնապահ տղաները, մուտքի մոտ պատ կազմած, մանրազնին ուսումնասիրում են քեզ («Եվրոպա») եւ այլն, եւ այսպես շարունակ: Բնականաբար, գների մասին ավելորդ է խոսելն իսկ («Սիլ պլազա», «Էդելվեյս» եւ այլն). նույն ապրանքատեսակը, որ կարող ես գնել առեւտրի մյուս կետերում եւս, այսօրինակ խանութներում վաճառվում է կրկնակի, եռակի թանկ արժեքով: Ընդ որում, նման օրինակները չես վերագրի միայն տվյալ խանութին, քանի որ այսպիսի երեւույթները բնորոշ են առհասարակ բոլոր խանութներին:

Եզրակացությունը պարզ է. արտաքին փայլի, «պատկառելի» գնացուցակի, հարուստ ապրանքատեսականու առկայությունն ապահովելուց զատՙ հարկ է նաեւ հոգալ գնորդի կամ պարզապես հաճախորդի պահանջները, ցանկությունները: «Գնորդը միշտ իրավացի է» բանաձեւը դեռեւս բավականաչափ լավ չեն յուրացրել մեր վաճառող-վաճառողուհիները: Նրանց քաղաքավարությունն առայժմ չի անցնում «վաճառողը միշտ իրավացի է» բանաձեւի սահմանները: Այնինչ իսկական քաղաքավարությունը ենթադրում է, որ ապրանքդ տոնավաճառային առեւտրականի պես ամեն գնով իրացնել փորձելու փոխարենՙ նախ տարրական տեղեկություններ ունենաս վաճառքիդ առարկայի վերաբերյալ, որպեսզի գնորդի հարցերին ի պատասխան չկմկմաս, չհորինես ու չնյարդայնանաս, կամ էլ կդիմես տնօրենին, այլ հանգիստ բացատրես, առաջարկես, խորհուրդ տաս: Եվ երբեք ոչինչ չպարտադրես: Մեր վաճառողուհիները, սակայն, հարցերին ի պատասխան միայն աչքերն են ճպճպացնում: Այնպես որ, առանց այդ էլ սահմանափակ թվով մարդկանցՙ սոցիալապես ապահով խավին ծառայող երեւանյան շքեղ խանութներում հարկ է գոնե ներդաշնակություն ստեղծելՙ ձեւի ու բովանդակության:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4