«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2001-07-10 | #128, 2001-07-11 | #129, 2001-07-12


ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 16-17-ը Լոս Անջելեսում (Գլենդեյլ) տեղի էր ունեցել «Էքսպո-2001» ցուցահանդեսը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ տեղի ընկերությունները, որոնք հիմնականում պատկանում էին հայկական համայնքի ներկայացուցիչներին: Մասնակիցների ընդհանուր թիվը 40-ից ավելի էր, որից հայաստանյան ձեռնարկությունները 21-ն էին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը եւ հայ-ամերիկյան առեւտրային պալատը: Վերջիններիս ղեկավարներ Սամվել Շարբաթյանն ու Կիմ Ալեքսանյանն էլ երեկ մամուլի ասուլիս էին հրավիրելՙ ներկայացնելու գրեթե ամբողջությամբ հայկական «Էքսպո-2001»-ի արդյունքները: Իսկ դրանք, ի տարբերություն նմանատիպ այլ ցուցահանդեսների, որոնց մասին խոսելիս մասնակիցները սահմանափակվում էին «առայժմ վաղ է արդյունքների մասին խոսելը» գնահատականով, առկա էին: Տվյալ դեպքում Լոս Անջելեսում թեթեւ արդյունաբերության «Էդի լոր» ՍՊԸ-ն 25 հազար դոլարի պատվեր ստացավ, մի շարք այլՙ հիմնականում սննդի արդյունաբերության ձեռնարկություններ էլ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին իրենց արտադրանքն ԱՄՆ արտահանելու վերաբերյալ: Բացի վերը հիշատակված երկու ոլորտներից, ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ հայկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջային ընկերությունները:

Մամուլի ասուլիսի մասնակիցներին տեղեկացվեց, որ «Էքսպոյի» այցելուները հիմնականում եղել են հայեր եւ նրանց թիվն այդ 2 օրվա ընթացքում կազմել է 4-5 հազար: Հայաստանի ընկերությունների ներկայացուցիչների հաղորդմամբՙ ամերիկահայերի մի մասը զարմացած էր, որ Հայաստանում նման մակարդակի ապրանքներ են արտադրվում, իսկ առավել գործնական տրամադրվածները համագործակցության ցանկություն էին հայտնում: Ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունըՙ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ամերիկացի կոնգրեսականներ, այդ թվումՙ հայկական շահերն առավել ակտիվ ներկայացնողներից Ֆրենկ Փալոնը, բազմաթիվ այլ հրավիրյալներ: Ցուցահանդեսի հովանավորն էր Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը, ինչն առնվազն զարմանալի էր: Պարզվում է, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չստացող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն ի վիճակի են ցուցահանդեսներ հովանավորել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով է դա նրանց հաջողվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4