ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հուլիսի 10-ին Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ժնեւում «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով» է ստեղծվել, ընդ որումՙ «բարձր մակարդակի»: Հաղորդագրությունն անակնկալ էր: «Ազգը» դրան անդրադարձավ «Ստեղծվել է իրեն «Հայ-թուրքական հանձնաժողով» կոչող խումբ» խորագրով եւ ներկայացրեց մասնակիցների անունները: «Վտանգավոր արկածախնդրություն» խորագրով «Երկիրը» ոչ միայն անդրադարձավ դրա ստեղծմանը, այլեւ թարգմանաբար ընթերցողի ուշադրությանը ներկայացրեց Ստամբուլում «Նյու Յորք թայմսի» թղթակից Դուգլաս Ֆրանցի հոդվածը, որը «Ոչ պաշտոնական հանձնաժողովը գործում է թուրք-հայկական թշնամությունը մեղմելու համար» խորագրի տակ տպագրվեց նույն թերթի հուլիսի 10-ի համարում:
Ծանոթանալով Ֆրանցի հոդվածի բովանդակությանըՙ Ամերիկայի հայկական համագումարի վերոհիշյալ հաղորդագրության հետ անակնկալ է դառնում նաեւ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումը: Հաղորդագրությունն ու հոդվածը միմյանց լրացնում են, լրացման պայմաններում այդ անակնկալը ստանում է միանգամայն տհաճ բնույթ: Ինչ վերաբերում է ստեղծման միտումներին, ապա դրանք բխում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիային Հայաստանի միակողմանի զիջումներով պայմանավորելու, Լեռնային Ղարաբաղի հարցում թուրք-ադրբեջանական, իսկ Հայոց ցեղասպանության հարցում իսրայելա-թուրքական տեսակետները հայ ժողովրդին պարտադրելու պաշտոնական Վաշինգտոնի շահախնդիր շահագրգռություններից:
«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման միտումների առումով ուշագրավ են դրա հիմնադիր անդամներից Լոնդոնում Թուրքիայի նախկին դեսպան Օզդեմ Սանբերքի խոսքերը. «Նպատակը ոչ թե ճշմարտությունը գտնելն է, այլ ապագայի նոր հորիզոններ բացելն ու փոխըմբռնումները խորացնելը»: Ակամա հարց է ծագումՙ ինչպե՞ս: Այդ հարցին Թուրքիայի արտգործնախարարությունը «Պատմության հետ հաշտվելու եւ իր հարեւանների նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու» Հայաստանին հասցեագրված կոչով դեռ նոյեմբերի 13-ին էր պատասխանել:
Եթե Թուրքիայի արտգործնախարարության այս կոչը համադրենք հանձնաժողովի ստեղծման նպատակի մասին Սանբերքի խոսքերին, ապա կեղծիքը որպես «ապագայի նոր հորիզոններ բացելու» նախապայման, գերադասելի է դառնում ճշմարտությունից, իսկ փոխըմբռնման խորացումը ենթադրում է Հայոց ցեղասպանության ուրացման հարցում աջակցել թուրքերին: Ենթադրվող աջակցության արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովի կազմում ընդգրկում են ծագումով հայ գործիչներին, պայմանով, որ նրանք հանձնաժողովի նպատակներին անվերապահորեն ծառայելու պատրաստակամություն ունենան, իսկ առաջադրանքները նրանց հոգեհարազատ լինեն:
Ահա թե ինչու, Ֆրանցի վկայությամբ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աջակցությունը վայելող «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» կազմում Հայաստանից ընդգրկվել են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ-իցՙ Հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: Ներկայումս Արզումանյանը ՀՀՇ նախագահն է, Հովհաննիսյանըՙ ՀՀՇ-ական: ՀՀՇ-ի վարած քաղաքականությունըՙ առավել եւս Թուրքիայի եւ Հայոց ցեղասպանության նկատմամբ դրա որդեգրած դիրքորոշումը թերեւս հանձնաժողովի կազմում վերջիններիս ընդգրկման գրավականն է: Ինչ վերաբերում է Վան Գրիգորյանին, ապա նա իր մասնակցության նպատակահարմարությունը նախանձելի ակտիվ գործունեությամբ ապացուցել էր դեռ 1991-ին, երբ շրջանառության մեջ էր դրվում «ալաթոնյան» մութ ծրագիրը:
Հատկանշական է, որ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ հանձնաժողովի ձեւավորումը պայմանավորվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկումով: Մինչդեռ ՀՀՇ-ն քաղաքական կուսակցություն է, էլ չենք խոսում Սադի Էրգյուվենչիՙ թուրքական զինված ուժերի պաշտոնաթող գեներալի մասին: Քանի որ քաղաքական կուսակցությունները, առավել եւս զինված ուժերը որեւէ առնչություն չեն կարող ունենալ հասարակական կազմակերպությունների հետ, ուստի խնդիրը հանձնաժողովի կազմում այդ կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկումը չէ, այլ զուտ քաղաքական նպատակներով ստեղծված քաղաքական այս հանձնաժողովը որպես հասարակական մատուցելը:
«Նյու Յորք թայմսի» թղթակից Դուգլաս Ֆրանցը նշում է, որ հանձնաժողովի կազմավորման աշխատանքներն արդեն մի քանի ամիս ծավալվում են: Ուրեմն մասնակիցները գաղտնի էին հանդիպում: Համենայն դեպս, հուլիսի 9-ին Ժնեւում նրանք հայտարարել են հանձնաժողովի կազմավորման մասին: Ավելինՙ Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը, որ դրա հիմնադիր անդամներից է, վերադարձել է Ստամբուլ: Նա, ինչպես վկայում է «Զամանը» հուլիսի 12-ի համարում, հենց օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել, մասնավորապես ասելով. «Թուրքերի եւ հայերի միջեւ բազմաթիվ շփումներ են եղել, բայց նման մակարդակի շփման սկզբնավորումն աննախադեպ երեւույթ է: Կազմավորվեց այնպիսի մի խումբ, որի անդամներն արդեն սովոր էին միմյանց հետ հանդիպելու եւ մտքեր փոխանակելու»:
Թուրքմենը գոհունակությամբ նշել է, որ հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը Թուրքիայում արժանացել է դրական արձագանքի: Այնուհետեւ նա ավելացրել է. «Ուրեմն նման բան ակնկալվում էր եւ ցանկալի էր: Ցեղասպանության հարցում մոտեցումները երկուստեք մնում են անփոփոխ: Մենք մտադիր ենք այս հարցը երկխոսությամբ հաղթահարել: Այլ կերպ, ուզում ենք թափ հաղորդել հաղթահարման ընթացքին»:
Վերջում Թուրքմենն ընդգծել է, որ հանձնաժողովին ֆրանսահայերը դրական մոտեցում չեն ցուցաբերել, ընդգծելով միաժամանակ այն մտադրությունները, ըստ որոնց նախատեսվում է հանձնաժողովի հաջորդ նիստերը համապատասխանաբար Ստամբուլում եւ Երեւանում գումարել: Իլթեր Թուրքմենի վերոհիշյալ խոսքերը Ֆրանցի հոդվածի ֆոնին նորություն չեն: Բայց եւ այնպես դրանք հերթական անգամ հաստատում են Հայոց ցեղասպանության հարցը երկխոսության միջոցով չեզոքացնելու թուրքերի մտադրությունները: Ուրեմն, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման միտումներից բխող ԱՄՆ-ի շահախնդիր շահագրգռություններն էլ պետք է բխեն Թուրքիայի շահագրգռություններից: