«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2001-07-11 | #129, 2001-07-12 | #130, 2001-07-13


ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանքարդյունաբերությունը, քիմիական եւ թեթեւ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը ոլորտներն են, որտեղ հայ-իրանական համագործակցությունն արդեն հստակորեն ուրվագծվում է: Ինչպես տեղեկացանք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության լրատվական ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Յահայա Մոհամադզադեի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Արեւելյան Ատրպատականի նահանգապետը ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության Հայաստանում ձեռք բերած պայմանավորվածություններըՙ Գորիսի «Գամա» ձեռնարկությունում մեքենաների մասերի համատեղ արտադրություն, Սիսիանի, Կապանի քարամշակման ձեռնարկությունների հետ համագործակցություն, Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայի վերագործարկում, Երեւանումՙ օճառի եւ ըմպելիքի, Թավրիզումՙ ծխախոտի եւ լամպերի համատեղ արտադրություն, Հայաստանից պղնձի խտանյութի գնում: Թերեւս առավել հետաքրքրական էր «Նաիրիտի» եւ Թավրիզի նավթաքիմիական համալիրի համագործակցության հարցը, որը նույնպես քննարկվել է հանդիպման ընթացքում:

Քննարկված հարցերի հետագա ուսումնասիրության եւ տեղեկատվության փոխանակման նպատակով ստեղծվել է համատեղ փորձագիտական խումբ, իսկ որպես բարեկամության դրսեւորման քայլՙ իրանական կողմը օգոստոսի 12-19-ը Թավրիզում կայանալիք միջազգային ցուցահանդեսում հայկական կողմին կհատկացնի անվճար տաղավար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4