«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 14-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով կազմված պետական քննական մասնագիտական հանձնաժողովները պետական ավարտական քննություններ ընդունեցին Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանումՙ օտար լեզուներ, տնտեսագիտություն (կառավարում) եւ իրավագիտություն մասնագիտություններից:

Պետական քննական հանձնաժողովների աշխատանքը Վանաձորում եւ Երեւանում կազմակերպել էր բուհերի լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունըՙ ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի ղեկավարությամբ:

Վերջինիս հավաստմամբ, ըստ գործող օրենքի, բուհը պետական կարգավիճակ է ստանում, եթե բուհի շրջանավարտները պետական-ավարտական քննություններում երկու տարի անընդմեջ ապահովում են 60 եւ ավելի տոկոս առաջադիմություն: Պետական քննաշրջանի ընթացքում շրջանավարտների ցուցանիշները բավարարեցին եւ գերազանցեցին պետական չափորոշիչների պահանջը:

Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանն անցած տարի եւս իր ցուցանիշներով նույն մասնագիտությունների գծով բավարարել է պետական չափորոշիչների պահանջը:

Ռ. Գաբրիելյանը մեր զրույցի ժամանակ մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Լոռու մարզում գործող բուհերից միայն «Մխիթար Գոշ» համալսարանն է դիմել եւ ավարտել պետական հավատարմագրման գործընթացը: Նա նշեց, որ պետական հավատարմագրման վերջնական փուլը հաղթահարելուց հետո այդ բուհերը գործելու են պետական բուհերում առկա բոլոր օրենքներովՙ օգտվելով նաեւ նրանց տրված արտոնություններից: Ինչպես հավաստեց պրն. Գաբրիելյանը, ըստ գործող օրենքի որոշակի քանակով պետպատվերի տեղեր կհատկացվեն նաեւ այդ բուհերին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4