«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մի պայծառ օր մոսկվացի ոսկերիչ Սամվել Գեւորգյանը որոշեց տեղի հայոց եկեղեցում կնքել իր որդի Հայկինՙ դրանով իսկ նշանավորելով վերջինիս ինստիտուտ ընդունվելու հաճելի իրադարձությունը: Բայց Ռուսաստանի մայրաքաղաքի հայ կրոնական կյանքում տեղի ունեցող անցանկալի կատակլիզմները բացառում էին սուրբ արարողության անցկացումը Ս. Հարություն եկեղեցում: Եվ Գեւորգյանն ընտրեց մոսկովյան նշանավոր «Արտիկո» կոնցեռնի տարածքում գտնվող Ս. Գեւորգ մատուռը, որն իր սեփական միջոցներով կառուցել է կոնցեռնի նախագահ, ղարաբաղցի բարերար Արթուր Բաղրյանը: Բայց Գեւորգյանը հանկարծ հիշեց, որ, ախր, ինքն էլ կնքված չէ, որ մյուռոնի սուրբ բույրը ծանոթ չէ նաեւ հարազատ կնոջըՙ Լիլիային: Պետք է օջախով մկրտվել, որոշեց նա: Մանավանդ որ քավորի հարցն էլ լուծվեց օպերատիվորեն. նույն շենքում մի հայ ընտանիք էլ է ապրում, եւ որ ամենակարեւորն էր տվյալ իրադրությունում, նրա ղեկավարըՙ պոտենցիալ քավոր բաքվեցի Յուրա Մուսայելյանը, փառք Աստծո, վաղուց կնքված էր.

Վճռվեց ու արվեց: Հայ եկեղեցու սպասավորներ Տեր Գեւորգ քահանա Վարդանյանի եւ Տեր Տիրան քահանա Ավագյանի օրհնությամբ Ս. Գեւորգ մատուռում տեղի ունեցավ մկրտության հիրավի վսեմ արարողությունը: Պետք էր միայն տեսնել ինչպես կնքվողների, այնպես էլ բոլոր ներկաների հուզառատ դեմքերը:

Իսկ հետո նույն «Արտիկոյի» հայկական ռեստորանի բացօթյա տաղավարներից մեկում կարմիր գինով նշվեց երեք «օրինականացված» հայ քրիստոնյաների հոգեւոր վերածնունդը: Հնչում էր հայկական հոգեպարար երաժշտությունը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4