Անթիլիասի ներկայացուցչի կարծիքով, սփյուռքը պիտի թողնել Կիլիկիո կաթողիկոսությանը, Հայաստանըՙ Մայր աթոռին
Սովորաբար Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա եւ Անթիլիասի մյուս ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում բացի «քրիստոնեական սիրո եւ եղբայրության» կոչերից հայտարարում են նաեւ, որ Հայ եկեղեցին երկփեղկված չէ, որ Անթիլիասը Սբ. Էջմիածնին հակաթոռ չէ եւ այլն: Նման հայտարարությունների մեջ անգերազանցելին մնում է, անշուշտ, Արամ Ա կաթողիկոսը, որին թվում է, թե ինչքան որոտաձայն հնչեցնի ու կրկնիՙ «Հայ եկեղեցին մեկ է եւ մեկ պիտի մնա», այդքան ավելի համոզիչ կլինի իր խոսքը:
Սակայն խոսքը մի բան, գործքըՙ այլ: Անթիլիասի ներկայիս ղեկավարությունը, ի գլուխ ունենալով Արամ Ա կաթողիկոսը, վերջերս նոր ոգեւորությամբ շարունակում է 1956 թ.-ին սկսված գործըՙ ոչ միայն պահել ապօրինաբար գրավված թեմերը, այլեւ փորձել ամեն ինչՙ սահմանափակելու Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ազդեցությունը, խրախուսելու նվիրապետական կարգուկանոնից շեղումները: Ստորեւ ներկայացվող բանավեճը, որը տեղի է ունեցել Կիպրոսում մի հայ երիտասարդի եւ տեղի հոգեւոր թեմի (անթիլիասական) կաթողիկոսական փոխանորդ Վարուժան եպս. Հերկելյանի միջեւ, երեւան է հանում այն բուն, հետին նպատակները, որոնց հետամուտ է Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Ըստ Հերկելյան սրբազանի, «Հայոց օրինավոր կաթողիկոսությունը Անթիլիասի մեջ է», «Միայն սփյուռքյան կաթողիկոսությունը կրնա առաջնորդել սփյուռքի հոտին, եւ ո՚չ թե հեռավոր Հայաստանի Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կաթողիկոսությունը», «Մոսկվայի մեջ, որ հայկական ամենեն մեծ գաղութներեն մեկն է, կրնա կաթողիկոսություն հիմնվիլ նույն առաքելության համար»: Պնդումներ, որոնց այնքան լուրջ ու տեղին պատասխանել է 15-16 տարեկան հայ երիտասարդը: Ինչպես ասում ենՙ տան գաղտնիքը երեխայից իմացիր: Այս պարագայում անշուշտ երեխան այդ երիտասարդը չէ:
ԽՄԲ.
Կիպրոսի ՀԲԸՄ Մելգոնյան կրթարանիՙ արդեն չորրորդ տարին գործող «Հայացք» ամսագրի թիվ 13 համարում, հաստատության 4-րդ (10-րդ) դասարանի սան Հովիկ Աթաբեկյանի հեղինակությամբ, «Հայրենի տան մեջ գերի լինելը մեծագույն ազատություն է, օտարության մեջ ազատ լինելըՙ իսկական գերություն» պարույրսեւակյան խորագրովՙ Հայ եկեղեցու երկփեղկվածության մտահոգությամբ բավականին սուր, աչալուրջ հարցադրումներով հրապարակումը խորհել-խորհրդածելու առիթներ է տալիս ընթերցողին:
Մայիսի 12-ին Նիկոսիայի «Յություճյան» սրահում կազմակերպված «Հավատք եւ ինքնություն» թեմայով բանախոսություն-քննարկումների ընթացքում Հայ եկեղեցու պատմության, հավատի, ինքնության եւ այլ հարցեր շոշափող ելույթների ունկնդիր երիտասարդության շրջանակներում բուռն հետաքրքրություն է առաջացրել մասնավորապես Հայ եկեղեցու այսօրվա ազգային առաքելության ու դերի մասին հարցադրումը: Մտահոգություն է արտահայտվել երիտասարդության եկեղեցի չայցելելու առիթով, թե ինչպես է, որ Պարսկաստանի Նոր Ջուղա շրջանն ունի 20-30 եկեղեցի, մինչդեռ Ստեփանակերտում եկեղեցական կառույցները սակավ են: Բանավեճին սուր բնույթ է հաղորդել աշակերտներից մեկի համարձակ հարցը Հայ եկեղեցու երկփեղկվածության մտահոգությամբ, երբ Հայ եկեղեցու երկու թեւերի իրար հակասող գործունեությունն ու ծրագրերը խոչընդոտում են եկեղեցու ազգային առաքելությունների իրականացմանը: Քննարկմանը ներկա Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան եպս. Հերկելյանը հակադրվել է այդ կարծիքինՙ վստահաբար գտնելով, որ Հայ եկեղեցու երկու թեւերի միջեւ որեւէ հակասություն չկա, եւ իրենց գործունեությամբ նրանք լրացնում են միմյանց: Չնայած գերաշնորհ Սրբազանի տոնի անառարկելիությանը, երիտասարդը համոզվածությամբ հայտարարել է, որ Հայ եկեղեցու երկու թեւերի միջեւ վաղուց արդեն ստեղծված եւ գնալով խորացող անհամերաշխության մթնոլորտը թուլացնում է Հայ եկեղեցին, խարխլում նրա հիմքը: Երիտասարդի եւ Սրբազանի միջեւ ծավալված հետաքրքիր բանավեճը (ըստ հանդեսի հրապարակման) երկխոսության վերածած ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Սրբազան - Հայ եկեղեցու գոյատեւումը երկու կաթողիկոսություններով, երկու թեւերով արդարացվում է սփյուռքահայության ստվարացումով: Մոսկվայի մեջ այսօր մեծաքանակ հայություն կա, որոնց համար հնարավոր է կաթողիկոսություն հիմնելը, նույն առաքելությամբ: Եվ ընդունելի է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքությունների Մայր աթոռ Սբ. Էջմիածնից անկախ գործունեությունը:
Երիտասարդ - Բայց չէ՞ որ Հայոց եկեղեցին պիտի զորավիգ կանգնի Հայաստանի ազատ եւ անկախ երրորդ հանրապետությանը: Ամենայն հայոց կաթողիկոսությունըՙ Հայ եկեղեցու ամրակուռ հիմքը մայր հողի վրա, Հայաստանը ազգահավաքման, ազգապահպանման, հայեցիության կենտրոնը պիտի դարձնեն, աշխարհասփյուռ հայության տունը, վերջին հանգրվանը: Համահայկական պետականության ղեկավար մարմինը չի կարող սփյուռքում լինել: Հայ եկեղեցու գլուխը չի կարող անջատ լինել հայոց պետականությունից: Հայ եկեղեցին պիտի երաշխավորը լինի հայոց պետականության: Մենք պիտի հետեւենք մեծ բանաստեղծի պատգամին, խորապես ըմբռնելով, որ հայ ժողովրդի հավաքական ուժն իր միասնության մեջ է: Ո՞ւր մնաց երջանկահիշատակ Գարեգին Ա-ի պատգամըՙ «Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ»:
Սրբազան - Այսօր Հայաստանը պարպվում է, սփյուռքը ստվարանում է, հայ մշակութային գործիչները լքում են հայրենիքը: Սփյուռքը հզորանում է: Հետեւաբար սփյուռքյան կաթողիկոսությունը կարող է առաջնորդել սփյուռքի հոտին, այլ ոչ հեռավոր Հայաստանի Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կաթողիկոսությունը: Ամենայն հայոց կաթողիկոսությունը թող կարգավորի հայաստանյան գործերը, իսկ սփյուռքի գաղութներին քաջածանոթ եւ հոգեբանությանը հասու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կառաջնորդի սփյուռքի հայությանը: Մանավանդ որ սփյուռքի հայերը ՀՀ քաղաքացիներ չեն, եւ նրանցից շատերը միգուցե երբեք Հայաստան չգնան:
Երիտասարդ- Իսկ մի՞թե հայ լինելը ՀՀ քաղաքացիություն է պարտադրում: Իրական վտանգը, հայի ինքնության տագնապը, մեր անհամերաշխության պատճառն այն է, որ նույնիսկ կրոնական, եկեղեցական խնդիրներում դրվում է հայաստանցի-սփյուռքահայ տարբերակումը: Ամենայն հայոց կաթողիկոսությունը կաթողիկոսություն է աշխարհի չորս ծագերում:
Սրբազան - 70 տարի շարունակ հայոց կաթողիկոսությունը, հայ հոգեւորականի միտքն ու գործունեությունը կաշկանդված էին խորհրդային իշխանությունների կողմից:
Երիտասարդ - Այնուհանդերձ, ամբողջատիրության պայմաններում Հայ եկեղեցին Հայաստանում չի թերացել երբեք իր ազգային, մշակութային, ազգապահպանման գործունեության մեջ: Եվ հայոց կաթողիկոսությունը չի կրել որեւէ քաղաքական մտքի ազդեցություն, չի դարձել որեւէ քաղաքական ուժի գործակատարը: Մինչդեռ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որդեգրեց հայ ավանդական հեղափոխական կուսակցություններից մեկի գաղափարախոսությունը եւ ստանձնեց դրա իրականացումը: Զարմանալի եւ անհամատեղելի երեւույթ. ինչպե՞ս կարող են կրոնականն ու քաղաքականը միակցվել, նույնանալ: Կաթողիկոսությունը մտահոգ պիտի լինի ոչ թե քաղաքական հարցերով, այլՙ սփյուռքի առանց երգի նահանջի գործընթացով:
Սրբազան - Պոլսի պատրիարքությունը ստեղծվեց ի հակակշիռ հունական կաթողիկոսության ազդեցության:
Երիտասարդ - Չեմ ընդունում ձեր կարծիքը: Պոլսի պատրիարքությունը ստեղծվեց թուրքական սուլթանի կողմից ապազգային նպատակովՙ թուլացնելու Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հեղինակությունը եւ ազդեցությունը Արեւմտյան Հայաստանի ներքին գավառների մեջ եւ այդ գավառների հայությանը Պոլսի պատրիարքությանը ենթակա դարձնելու համար: Սուլթանը հիանալի գիտակցում էր Հայ եկեղեցու պառակտվածության վտանգավոր հետեւանքները հայ ազգի համար:
Սրբազան - Հայոց օրինավոր կաթողիկոսությունն այսօր Անթիլիասում է, քանզի 1441 թ. կաթողիկոսությունը չլքեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսական աթոռը:
Երիտասարդ - Հայոց կաթողիկոսական աթոռը տարբեր ժամանակներում գտնվել է այնտեղ, ուր հայկական պետականությունն է: Կաթողիկոսության աթոռը Հայաստանից Կիլիկիա տեղափոխվեց միմիայն անվտանգության պատճառով, քանի որ Հայաստանում պետականություն չկար: 1375-ին կաթողիկոսական աթոռը կրկին տեղափոխվեց հայրենի նստավայր, Սբ. Էջմիածինՙ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո: Այսօր առավել եւս հայոց հողի վրա հայկական պետականության առկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսության հանգրվանը հայրենի հողն է: Իհարկե, ոչ միանգամից, բայց ժամանակի ընթացքում պիտի ստեղծվի մեկ, միասնական կաթողիկոսական աթոռՙ Ամենայն հայոց կաթողիկոսություն:
Համոզմունքների այս բեւեռացած «երկխոսության» ընթացքում որեւէ զիջում, «փոխհամաձայնություն» չի եղել, երիտասարդ հարցատուին միայն մնացել է գերաշնորհ Սրբազանի խորհուրդն իրենՙ մեծանալու, կրթվելու եւ սխալ մտածելակերպը փոխելու: Բայց ո՞րն է երիտասարդի սխալը, այդպես էլ Սրբազանը չի կարողացել բացատրել:
Մ. Բ.