Գյուղնախարար Զավեն Գեւորգյանի երեկվա մամուլի ասուլիսի հիմնական նպատակը կառավարության որոշմամբ խողովակաշարերի ապամոնտաժման եւ վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելն էր: Վերջերս պատգամավոր Արթուր Բաղդասարյանն անդրադարձել էր այս հարցինՙ հերթական անգամ իրեն բնորոշ ոգով ամբոխավարական շոու սարքելով: Գյուղնախարարն այս առնչությամբ նշեց, որ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության նախարարությանը «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով թույլատրվել է անավարտ շինարարության 15 օբյեկտներում ապամոնտաժել մետաղյա, ցինկապատ, պոլիէթիլենային եւ այլ խողովակներ: Որոշումն ընդունվել էր նկատի ունենալով, որ հաճախակիացել էին այս օբյեկտներից շինանյութերի գողության եւ թալանի դեպքերը: Ներկա դրությամբ ապամոնտաժման ենթակա 301 կմ խողովակներից ապամոնտաժվել է 54 կմ: Դրանից 37 կմ-ը մարզպետների եւ համայնքապետների խնդրանքով օգտագործվել է ջրատնտեսական օբյեկտների շինարարության համար: Վաճառքի արժեքը կազմել է 161 մլն դրամ: Զավեն Գեւորգյանը հերքեց Արթուր Բաղդասարյանի այն պնդումը, թե այդ խողովակների մեկ մետրի շուկայական գինը 500 դոլար է: Դրանք վաճառվում են ըստ կշռի եւ տրամաչափի: Ավելին. խողովակները վաճառվել են շուկայական գնից 1,5-3 անգամ ավելի թանկ, «Ադամանդ» ապրանքային բորսայում, որի տնօրենի տրամադրած տեղեկանքը բաժանվեց ասուլիսին ներկա լրագրողներին: Եվս 17 կմ խողովակ պահեստավորվել է: Այնուհետեւ, մնացած 247 կմ-ից 32 կմ պետք է օգտագործվի Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղի ջրամատակարարման օբյեկտի շինարարության համար: Մնացած 215 կմ-ը եւ 17 կմ պահեստավորված խողովակները դարձյալ պետք է վաճառվեն, որից ակնկալվում է ստանալ 640 մլն դրամ: Դրանից 320 մլն դրամը դարձյալ կուղղվի Ոսկեթասի ջրամատակարարման բարելավմանը: Մնացած գումարները կուղղվեն պետբյուջե: Գյուղնախարարը ընդգծեց, որ շատերը կցանկանային այդ խողովակները վաճառել տեղերում, ինչի շնորհիվ որոշակի գումարներ իրենց գրպանը կդնեին: Հենց այդ մարդկանց դրդմամբ էլ, Զավեն Գեւորգյանի կարծիքով, աղմուկ է բարձրացվել:
Գյուղատնտեսության նախարարի ասուլիսի ժամանակ բնականաբար հնարավոր չէր շրջանցել բուն գյուղատնտեսության խնդիրները: Երաշտի վտանգի առնչությամբ նշվեց, որ որոշակի վտանգ կա Սյունիքում եւ Վայոց ձորում: Հայաստանի մյուս մարզերում առայժմ այդ վտանգը չկա: Տեղեկացվեց, որ Հայաստանը շարունակում է մնալ դաբաղի տարածման հնարավոր շրջանում, սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ չի տարածվել: Մթերումների խնդիր, Զավեն Գեւորգյանի հավաստմամբ, բացի խաղողից, այս տարի չենք ունենալու: Անցյալ տարի մթերող գործարաններին տրվել է 2,8 մլն, այս տարիՙ 2 մլն դոլար վարկ: Մթերումները ընթացքի մեջ են եւ ոչ միայն ավելցուկ, այլեւ ընդհակառակըՙ խնձորի եւ ծիրանի լրացուցիչ պահանջարկ գոյություն ունի: Այս տարի սպասվում է կարտոֆիլի եւ կաղամբի առատ բերք, որը, նախարարը հույս ունի, կսպառվի: Այդ առնչությամբ նա կարեւորեց կառավարության վերջերս ընդունած որոշումը, համաձայն որի արտոնություններ են սահմանվել Վրաստանից Հայաստան մուտք գործող ավտոմեքենաների համար, որոնք մեր գյուղմթերքները պետք է արտահանեն:
Ոռոգման ջրի մատակարարման եւ դրա դիմաց վճարելու արդեն հավերժական դարձած խնդրի մասին Զավեն Գեւորգյանն այն կարծիքին է, որ պետք է գտնել ձեւեր, որպեսզի գյուղացին ջուր ստանա եւ վճարի դրա դիմաց: Սակայն եթե այս պահին գյուղացին չի վճարում, ապա ոռոգման ջուրը չպետք է կտրվի: Այսպիսի համոզմունք հայտնելով, նախարարը նշեց, որ ինքն այս հարցում գյուղացու կողմից է:
Տեղեկացվեց, որ ճապոնական դրամաշնորհով գնված քիմիական պարարտանյութն արդեն ստանում են: «Որ սելիտրայի պարկերը հաճախ ավելի թեթեւ են լինում նախատեսվածից» հարցին գյուղնախարարը պատասխանեց, որ վրացական գործարանի տնօրենը ճապոնական կողմին խոստացել է լրացնել պակասը: Ինչ մնում է հայկական կողմին, ապա վերջինս խնդրել է, որ այս տարի ճապոնական դրամաշնորհով գնվելիք պարարտանյութը լինի ցանկացած այլ, բայց ոչ վրացական գործարանի արտադրության:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ