Ընկերներով նստած էինք Մոսկվայի հայկական ռեստորաններից մեկում: Կողքի ընդարձակ սեղանին մի ողջ գերդաստան էր հավաքվածՙ ահել-ջահելներով: Զգացվում էր, որ ուշադրության կենտրոնում մոտ 5 տարեկան մանչուկն է: Մտածեցինք, որ երեւի ծնունդ են նշում: Բայց ռեստորանի սպասավորը «այդ սեղանից մեր սեղանին» գառան խաշած միս դրեց եւ ասաց, որ «մատաղ» է: Հետո, ինչպես հաճախ է պատահում հայկական կերուխումերի ժամանակ, մեր սեղանների միջեւ «ջերմ հարաբերություններ» հաստատվեցին, եւ մենք ունկնդիր եղանք անսովոր ու անհավատալի մի պատմության:
Հնգամյա Նարեկի մայրըՙ Հերմինեն, գնդակով խաղացող տղային մենակ թողնելով չորրորդ հարկի բնակարանում եւ բանալիով փակելով դուռը, իջնում է բակՙ ներքեւում չարություն անող 6-ամյա մյուս որդունՙ Պարգեւին տուն բերելու: Բայց կարելի է պատկերացնել մոր դեմքը, երբ նա, դուրս գալով շքամուտքից, իր առջեւ տեսնում է. Նարեկին: Անակնկալից ապշած մոր հարցին, թե որտեղից նա հայտնվեց, քչախոս Նարեկը պատասխանում էՙ չորրորդ հարկի պատշգամբից թռա. Գլուխը կորցրած մայրը մեքենայաբար բռնում է տղայի ձեռքը եւ հապշտապ բարձրանում չորրորդ հարկ: Դուռը իրոք փակ է: Նայում է որդունՙ ոչ մի քերծվածք, ոչ մի վախի նշան: Շտապ զանգում է ամուսնունՙ Աբրահամ, վռազ արի, բան չեմ հասկանում: Հաջորդ օրը միայն ծնողները նկատում են, որ տղայի ոտքերը մի քիչ ուռել են:
«Նարեկյան» թռիչքը, իրոք, աննախադեպ է ինչպես «կատարման» անթերիությամբ, այնպես էլ մի շարք այլ առումներով: Ինչպես պատմեցին Աբրահամն ու Հերմինեն, ներքեւում համատարած ասֆալտ է, եւ միայն մի բարակ շերտով գազոն հատել է այդ մեռյալ տարածությունը: Եվ Նարեկը, բարեհաջող հաղթահարելով չորսհարկյա բարձրությունը, վայրէջք է կատարել հենց այդ մետրանոց հողաշերտի վրաՙ ընդսմին ոչ թե, ասենք, գլխիվայր կամ թեքված, այլ հենց զույգ ոտքերի վրա:
«Որդուս Աստված է հովանավորում, ուրիշ բացատրություն չունեմ, ասում է Աբրահամ Կարապետյանըՙ մեր հերոսի հայրը: Մի տարի առաջ էլ մեր բարեկամներից մեկը պատահաբար նրան կիսախեղդ վիճակում դուրս էր հանել ջրամբարից: Ես չգիտեմՙ տղայիս թռիչքը հավակնո՞ւմ է Գինեսի ռեկորդներին, թե՞ ոչ (ես հիմա կարող եմ ինձ թույլ տալ նույնիսկ սրամտել), բայց եկեղեցում խունկ վառելով, Աստծուց խնդրեցի հետայսու հեռու պահել Նարեկիս նման պատահարներից»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա