Նախորդ ամսին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում ներկայացումները ժամանակավորապես դադարեցվեցինՙ պայմանավորված կառույցի վթարային վիճակով: Թատրոնի շենքը հիմնավոր վերանորոգելու ակնկալիքով իշխանությունների ուշադրությունը հրավիրելու այդ ակցիային «Ազգը» անդրադարձել է ժամանակին: Այս ընթացքում թատրոնի աշխատանքները շարունակվում էին, եւ հասարակության մեջ տարածված կարծիքը թատրոնի փակման վերաբերյալ անհիմն էին, որի ամենավառ վկայությունը եւ ուրախալի նորությունը հուլիսի 7-11-ը Կերչում կազմակերպված անտիկ դրամայի «Բոսֆորյան խաղեր» երրորդ միջազգային թատերական փառատոնին թատրոնի մասնակցությունն էր: Փառատոնի լավագույն ներկայացում ճանաչվեց եւ գլխավոր մրցանակին արժանացավ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացրած Արիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումըՙ հանդիսականի ջերմ, երկարատեւ ծափողջույնների ուղեկցությամբ: (Արդեն երկրորդ տարին անընդմեջ շահած գլխավոր մրցանակները կիսաթանկարժեք քարերով կերտված փոքրիկ եկեղեցիներ են):
Կերչի այս տարվա հունիսյան փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած թատերական 11 այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են Մոսկվայի Օբրազցովի անվան ակադեմիական, Լվովի Կուրբասի անվան, Գերմանիայի EX-RE, Մակեդոնիայի «Յորդան Ձինոտ» թատրոնները: Նման հեղինակավոր կոլեկտիվների մրցակցությամբ, անվանի արվեստագետների ներկայությամբ, բծախնդիր ժյուրիի հայացքի ներքո (ԽՍՀՄ ժող. արտիստ Կիրիլ Լավրով, Կիեւի ազգային օպերայի գլխավոր դիրիժոր, ժող. արտիստ Իվան Գամկալո, ՌԴ ժող. արտիստ Ալեքսանդր Գոլոբորոտկո, ժող. նկարիչ Ալեքսեյ Միշչենկո, Հայաստանի ԹԳՄ-ի նախագահ, Պարոնյանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյան) գլխավոր մրցանակ շահելն իրոք նվաճում է, նաեւ թատրոնի կոլեկտիվի համար հոգեբանորեն կարեւոր եւ ոգեւորիչ փաստ:
Պիեսի բեմականացումն ընդհանրապես, դերասանական խաղի վարպետությունը (Արմեն Սանթրոսյանՙ Ստրեպսիադես, Արթուր Կարապետյանՙ Սոկրատես), պիեսի ազատ մեկնաբանությունըՙ կարեւորել այն, ինչ այսօր հնչում է ավելի արդիական (սուտ խոսքեր սովորելու ցանկությունը գլխավոր հերոսին տանում է խորհրդարան, որով էլ պայմանավորվում են գործողության վայրը եւ գործող անձերի տեսակները), հաջողության հիմնական գրավականն են: Ներկայացման ռեժիսորինՙ Հակոբ Ղազանչյանին, հաջողվել է կենցաղային նյութին հաղորդել լուրջ քաղաքական բնույթՙ առանց բնագրից հեռանալու:
«Ազգի» ընթերցողներին տեղեկացնենք, որ «Բոսֆորյան խաղեր» փառատոնի մանրամասներին կարող են տեղեկանալՙ դիտելով «Պրոմեթեւս» հեռուստաընկերության ուրբաթ օրվա «Բեմական խաչմերուկներ» հաղորդումը:
Այս հաջողությունը հուսադրող է, եւ Հակոբ Ղազանչյանը համոզված է, որ թատրոնը երկար ժամանակ փակված չի մնա: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը լուրջ աշխատանքներ է կատարում շենքի վերանորոգման ուղղությամբ, քանի որ պատանի հանդիսատեսի թատրոնը նրա համար եւս թանկ եւ կարեւոր օջախ է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ