«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2001-07-21 | #137, 2001-07-24 | #138, 2001-07-25


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Սկսվեց աղետի գոտու ծրագրի քննարկումը

Ազգային ժողովի երեկվա նիստը կարելի է արդյունավետ համարել: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքները: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը նախորդ քննարկման ժամանակ ընդունելու համար չբավարարեց ընդամենը մեկ ձայն: Խորհրդարանը երեկ ընդունեց նաեւ ՀՀ նախագահի առարկությունը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի վերաբերյալ: Այսինքնՙ բանակի օր հաստատվեց հունվարի 28-ը, նախկինում ընդունված սեպտեմբերի 20-ի փոխարեն:

Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը վերաբերող նոր օրենքի քննարկումից հետո էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը երեկ ներկայացրեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը: Նախկինում բաշխիչ ցանցերի սեփականատեր դարձած ընկերությունն իրավունք ուներ առանց էներգետիկայի հանձնաժողովի թույլտվության գնել էներգիա արտադրող որեւէ ձեռնարկության բաժնետոմսերի միայն 25 տոկոսը: Այժմ այդ դրույթն առաջարկվում է հանել: Դա նշանակում է, որ արտադրող ձեռնարկությունների մասնավորեցման ժամանակ բաշխիչ ցանցերի սեփականատեր ընկերությունը կարող է մասնակցել այդ գործընթացին մյուս ընկերությունների հետ հավասար իրավունքներով: Նախարար Կարեն Գալուստյանն անընդունելի համարեց այն կացությունը, երբ որեւէ ընկերություն ցանկանա ներդրումներ կատարել, իսկ մենք օրենքով դա չթույլատրենք: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուսՙ «Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւս կառավարության բաշխիչ ցանցերը ներդնողի համար գրավիչ դարձնելու նպատակի բաղկացուցիչ մասն էին կազմում: Միանշանակ է, որ այս փոփոխությունների փաթեթն ակնհայտորեն գալիս է հաստատելու, որ կառավարությունն ամեն ինչ անելու է բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործում երկրորդ սայթաքումը թույլ չտալու համար:

Արտահերթ նիստի քննարկած վերջին հարցը աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրին էր վերաբերում: Համապատասխան օրենքի նախագիծը ներկայացնող քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ներկայումս աղետի գոտում 15 հազար ընտանիք չունի բնակարան: Դրանցից շուրջ 11 հազարին պետությունը պարտավորվել է աջակցել: Մնացածը ամրացման ենթակա բնակարաններն են: Ըստ նախարարի, մինչեւ 2003թ. աղետի գոտու խնդիրը կլուծվի: Այդ նպատակով ճշտվել են նաեւ ֆինանսավորման աղբյուրներըՙ Լինսի հիմնադրամ, Կարմիր խաչ, USAID, անհատական բնակարանային շինարարություն եւ այլն: Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ այն ժամանակ աղետի գոտու համալիր վերականգնման մասին կարելի է խոսել, երբ անօթեւան բնակիչներից յուրաքանչյուրն ունենա իր բնակարանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4