Ինչպես տեղեկացանք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանից, ամերիկյան «Թի Էս ինվեստմենտ» ընկերությունը «Դողագործը» գնելու առաջարկ է ներկայացրել: Այսօր սպասվում է, որ կառավարության նիստում կքննարկվի այս հարցը եւ կընդունվի համապատասխան որոշում: Ամերիկյան ընկերությունը ձեռք է բերելու վերակազմավորված «Դողագործ-1» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը, մնացած 25 տոկոսը մնալու է «Դողագործին»: Նախատեսվում է այստեղ 1,5 տարվա ընթացքում ներդնել ռադիալ (շառավղային) դողերի արտադրության հոսքագիծ: Միեւնույն ժամանակ շարունակվելու է գործարանի վերանորոգումը, վճարվելու են աշխատավարձերի նախկին տարիների պարտքերը, նոր պարտքերի կուտակում չի թույլատրվելու: «Թի Էս ինվեստմենտը» հայտնի է որպես հիմնականում դողերի առեւտրով զբաղվող ընկերություն եւ ընդգրկված է «Եվրո-պակ» ընկերության մեջ: Այս գործարքով, ըստ նախարարի, «Դողագործի» գորդյան հանգույց դարձած հարցը կլուծվի: Իսկ Կարեն Ճշմարիտյանի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակենք առաջիկա համարներից մեկում:
Ա. Մ.