«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2001-07-25 | #139, 2001-07-26 | #140, 2001-07-27


Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Գեւորգ Եղիազարյանը ծնվել է 1963 թ. Գյումրիում, ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. ուսումնարանը, 1985-86թթ. սովորել է Ս. Պետերբուրգի Ռեպինի անվ. արվեստի ակադեմիայում, իսկ 1987-1991 թթ.ՙ Երեւանի գեղարվեստի ինստիտուտում: 1994 թ. Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Օգոստոսի 3-ին Վաշինգտոնի (5-ինՙ Բոստոնում) «Wentworth» հեղինակավոր պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանի աշխատանքներիՙ արտերկրում արդեն թվով 7-րդ անհատական ցուցահանդեսը: 1992-ից նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներումՙ Բեյրութում, Երուսաղեմում, Ամստերդամում, Բոստոնում (2 անգամ), Ատլանտայում, խմբակայինՙ Գյումրիում, Երեւանում, Սանկտ Պետերբուրգում, Ստոկհոլմում, Լառնակայում, Բուենոս Այրեսում, Տորոնտոյում, Մոնրեալում եւ այլուր, մի բան, որ 38-ամյա երիտասարդ նկարչի համար բավականին խոսուն ցուցանիշ է:

Արտերկրում առաջին իսկ ցուցադրումից հետո Գեւորգ Եղիազարյանն ունեցավ հաջողություն. ինքնատիպ մտահղացումներով եւ կոմպոզիցիաներով նրա աշխատանքներն անմիջապես գրավեցին արվեստասերների ուշադրությունը: Թեքեյան մշակութային միության հրավերով 1998-ին Բոստոնում կազմակերպած ցուցահանդեսն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց մասնավորապես ամերիկյան արվեստասեր շրջանակների մեջ: 35 պատկերասրահների լայն ցանցից բաղկացած Վաշինգտոնի «Wentworth» արվեստի խոշոր կորպորացիան նրան համագործակցության առաջարկություն արեց, եւ 1999 թ. այնտեղ բացված ցուցահանդեսն ունեցավ բավական մեծ հաջողություն:

Արտերկրում բազմիցս հանդես եկած նկարիչը զարմանալիորեն մինչ այսօր Երեւանում չի բացել իր աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որի անհրաժեշտությունն ինքըՙ նկարիչը, անպայմանորեն զգում է, եւ բարձր գնահատելով տեղի արվեստասեր հասարակայնության կարծիքը, լրջորեն ու պատասխանատվությամբ է պատրաստվում Երեւանում բացվելիք ցուցահանդեսին:

Առաջիկայում «Ազգը» կանդրադառնա Գեւորգ Եղիազարյանի «Wentworth»-յան ցուցահանդեսին ավելի հանգամանորեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4