Նշանավոր «Լառուս» հանրագիտարանում գրված է, որ Ֆրանսիայի «Պուատու մարզից սերող Լուսինյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ Գի դը Լուսինյանը (1129-1194) 1186 թ. դարձավ Երուսաղեմի թագավոր եւ 1192 թ. Կիպրոսում հիմնեց Լուսինյանների գահատոհմը»: Անվիճելի է Լուսինյանների դերը Կիլիկիայի հայկական թագավորության պատմության մեջ, որի վերջին միապետը 1374 թ. Լեւոն Ե Լուսինյանն էր: Սակայն նվազ հայտնի է, որ ֆրանսիական Լառոշֆուկո իշխանական տոհմը սերում է Լեզինյեմ կամ Լուսինյան տոհմից եւ պահպանել է նրա զինանշանն ու կարգախոսը: «Ֆրանս-Արմենի» հանդեսը տեղեկացնում է, որ Լառոշֆուկո տոհմի նախահայրը 11-րդ դարում ապրած Ֆուկո դը Լառոշի թոռ Ֆրանսուան է: 15-րդ դարում ապրած մեկ ուրիշ Ֆրանսուա դը Լառոշ միավորեց Լառոշ եւ Ֆուկո տոհմանունները եւ դարձավ Լառոշֆուկո իշխանական տոհմի փաստական հիմնադիրը: Այսօր Լառոշֆուկո գերդաստանը մոտ հարյուր անդամ ունի:
Չնայած Հայաստանի հետ վաղեմի կապերի խզմանը, մի զարմանալի զուգադիպությամբ Լառոշֆուկո դղյակի 19-րդ դուքս Ֆրանսուան 1950 թ. ամուսնացավ կահիրեցի ծխախոտավաճառի դուստր Սոնյա Մաթոսյանի հետ, որից ամուսնալուծվեց 25 տարի անց: Այսօր նախկին դքսուհին մեկուսի բնակվում է Անգուլեմից ոչ հեռու գտնվող Լառոշֆուկո դղյակում: Ծանոթների եւ մերձավորների համար նա մնում է «տիկին դքսուհի»:
Հայաստանի ֆրանսիացի թագավորներ եւ Ֆրանսիայի հայ դքսուհի. Բայց հայ-ֆրանսիական դարավոր կապերն արտահայտվել են նաեւ այլ ոլորտներում, մասնավորապես ճարտարապետության մեջ: Օռլեանի մոտերքում է գտնվում մոտ 500 բնակիչ ունեցող Ժերմինյի դե Պրե գյուղը, որտեղ 806 թ. կառուցված եկեղեցին հնագույնն է Ֆրանսիայում: 843 թ. այնտեղ անցկացվեց եկեղեցական ժողով: 864 թ. եկեղեցին հրկիզվեց, 1067 թ. վերածվեց մենաստանի, 1839 թ. դասվեց պատմական հուշարձանների թվին, 1868 թ. սկսվեցին վերականգնման աշխատանքները: Եկեղեցու խճանկարները Ֆրանսիայում եզակի են համարվում: Ֆրանսիայի հնագույն այս եկեղեցու ճարտարապետՙ Օդո լը Մեսենը ծագումով հայ է, եւ դա նկատվում է հուշարձանի կառուցվածքում եւ հատակագծում: Քառաբսիդ եկեղեցու քառակուսի ավագ խորանը շրջապատված է հայկական եւ բյուզանդական ծեսերին հարմարեցված խորաններով:
Ժերմինյի դե Պրեի եկեղեցու նախօրինակներն են Բագարանի եկեղեցին եւ Էջմիածնի Մայր տաճարը: Դա զգացվում էՙ չնայած դարերի ընթացքում կատարված փոփոխություններին: Խճանկարների մեջ առանձնանում է հրեաների ուխտի տապանակի պատկերը, որի վերաբերյալ ժամանակին մեծ գովեստով է արտահայտվել Կառլոս Մեծ կայսրը: Ճարտարապետ Օդո լը Մեսենը ավելի վաղ կառուցել է Էքս լա Շապելի պալատական մատուռը: Ճարտարագետ Էդուար Ութուջյանը 1962 թ. «Տեխնիկական առաքելություն Հայաստանում» աշխատության մեջ պատմում է, որ Բաղդադի խալիֆը Կառլոս Մեծի մոտ է ուղարկել մի պատվիրակություն, որի ղեկավարը հայ էր: Խմբի կազմում կային հայ շինարար վարպետներ: Կայսեր մերձավորներից մեկը Օդո անունով հային խնդրել է կառուցել պալատական մատուռ, ապաՙ Ժերմինյի դե Պրեի եկեղեցին, որի առաջին եպիսկոպոսըՙ Սեն Գրեգուար դը Պիթիվիեն, Ֆրանսիայում հաստատված հայ վանական էր:
Պ. Ք.