«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


ԻՆՔՆ ԻՐԵՆ ԾԱՌԱՅՈՂ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Նոր զարգացումներ են ի հայտ գալիս Ռուսաստանի հայոց թեմի ներսում, որի առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանը վերջերս կարգալույծ արվեց Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի կողմից: Նախկին կրոնավորի բացահայտ անհնազանդությունը թեմում ճգնաժամ է առաջ բերելՙ սրելով հարաբերություններն իր հետզհետե նվազող պաշտպանների եւ չարախոսների միջեւ: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են պրն Ղազարոսի անցած ուղուն եւ բնավորությանը, կարող են ցանկացած հանդուգն քայլ ակնկալել նրանից: Մայր աթոռ Սբ. Էջմիածնի իշխանությանն ընդդիմանալուց հետո նա դիմել է մեկ ուրիշ հուսահատ քայլի, որը նոր հարթության վրա է դնում ստեղծված ճգնաժամը:

Մոսկվայից հասնող լուրերը հաստատեցին Անթիլիասի կաթողիկոսականի կողմից առ այն, որ այս նախկին հոգեւորականը, չմտածելով օրինական հետեւանքների մասին, դիմել է Արամ Ա կաթողիկոսինՙ Ռուսաստանի թեմը Անթիլիասի Կիլիկյան աթոռի իրավասությանը տեղափոխելու խնդրանքով: Իր կողմից ձեւականորեն պահպանելով գործերի ընթացքը, Արամ Ա-ն քննել է այդ չարամիտ խնդրանքը Ազգային կենտրոնական խորհրդի (դաշնակցական կուսակցության եւ նրան համախոհ հոգեւորականների կողմից ղեկավարվող մի մարմին) անդամների հետ եւ մեծահոգաբար մերժել խնդրանքը, խորհուրդ տալով ապստամբ նախկին հոգեւորականին իր տարաձայնությունները հարթել Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հետ:

Արտաքուստ մեծահոգության դրսեւորում բնութագրվող այս քայլն իրականում միայն ինքն իրեն ծառայող մի ժեստ էՙ պարզապես հասարակությունից հնարավոր միավորներ կորզելու ակնկալիքով:

Առաջին հերթին զանգվածային լրատվական միջոցներն արդարացիորեն հարց բարձրացրին, թե ինչու Արամ Ա-ն կարեւորություն պիտի տար մի անհատի, որը զրկված է իր բոլոր կրոնական աստիճաններից, եւ պաշտոնական մի մարմնի օրակարգի հարց դարձներ նրա խնդրանքը, որը չարժե անգամ այն թղթի գինը, որի վրա գրված է:

Երկրորդՙ մի շարք հարցեր պարզապես վկայում են, որ այդ «շնորհը» ծառայում է միայն ու միայն այն վայրին, որտեղ արվել է:

ա) Արամ Ա կաթողիկոսը քաջ գիտի, որ Ռուսաստանը չէր հանդուրժի Անթիլիասի տարածական հանդգնությունները, իմանալով, թե որ քաղաքական կուսակցության հետ են նրա կապերը:

բ) Ճակատագրի հեգնանքով, Անթիլիասն ինքն է դիմակայում նմանատիպ անհանդուրժողություն իրանյան Ադրբեջանի թեմում, որտեղ առաջնորդը մարտահրավեր է նետում Կիլիկյան Աթոռի իշխանությանը: Եթե Արամ Ա-ն ընթացք տար Կյուրեղյանի խնդրանքին, հստակ չէր կարող պատկերացնել, թե ինչպես կզարգանային դեպքերն Իրանում: Այնպես որ, Մոսկվայից եկող խնդրանքի մերժումը նրբորեն հասկացնում էր Էջմիածնին, որ ձեռքերը հեռու պահի Իրանի թեմից:

Պետք է նշել, սակայն, որ շատ մեծ տարբերություն կա ներկայացված երկու իրավիճակների միջեւ, քանի որ պատմականորեն Իրանի թեմերը եղել են Սբ. Էջմիածնի իրավասության ներքո մինչեւ շահի իշխանության տարիներին Անթիլիասի կողմից դրանց բռնազավթումը: Եկեղեցիներ եւ թեմեր իրենց իրավասության տակ առնելու բացատրությունն այն էր, որ Էջմիածինը խորհրդային ծիրում գտնվելու հանգամանքով չէր կարող բավարարել նրանց հոգեւոր պահանջները: Այդ ժամանակ միջոցառումը ժամանակավոր բնույթ էր կրում, եւ այդ ամբողջ ժամանակաշրջանում Անթիլիասը հիրավի բավարարեց նրանց բոլոր պահանջները... բացի հոգեւոր պահանջներից: Եվ շահի գահընկեցությունից ու ավելի ուշ խորհրդային կայսրության փլուզումից հետո Անթիլիասը շարունակեց եւ շարունակում է իր ձեռքերում պահել այդ թեմերն արդեն առանց որեւէ արդարացի հիմքի:

գ) Արամ Ա-ի քայլը մեկ ուրիշ նուրբ ակնարկ էլ է հղում Ս. Էջմիածին առ այն, որ Ռուսաստանի թեմերը մնում են, ըստ դաշնակցական կուսակցության գծած սահմանների, իրենց իրավասությունից դուրս: Բանն այն է, որ սառը պատերազմի տարիներից դաշնակցական ղեկավար Սիմոն Վրացյանն անսխալական հովեր ընդունելով, սահմաններ էր գծել եկեղեցական թեմերի համար, ըստ որի սփյուռքի թեմերը պետք է Անթիլիասի իրավասության տակ գտնվեին, իսկ Հայաստանի եւ Խորհրդային Միության մյուս թեմերըՙ Էջմիածնի: Բոլոր եկեղեցական ու պատմական կանոններին հակասող մի սահմանագիծ, որը միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում եւ ոչ մի առնչություն չուներ հայկական եկեղեցու կառուցվածքի կամ առաքելության հետ: Թվում է, թե այդ փիլիսոփայությունը դեռ առկա է դաշնակցական շրջանակներում, քանի որ վերջերս նորից երեւան եկավ հարցազրույցի ձեւովՙ տրված Կիպրոսի առաջնորդ Հերգելյան եպիսկոպոսի կողմից, որը բառացիորեն կրկնեց իր քաղաքական ուսուցչի խոսքերը:

Իհարկե, ո՚չ դաշնակցական առաջնորդները, ո՚չ էլ նրանց ծառայող հոգեւորականները ոչ մի անգամ չեն մտածել հարցնել սփյուռքահայերի կարծիքը, թե կուզենայի՞ն արդյոք գտնվել քաղաքականացված մի եկեղեցու գերիշխանության տակ: Իրականում սփյուռքահայերի մեծամասնությունն ուժգնորեն դատապարտել եւ դատապարտում է եկեղեցու քաղաքական վերահսկումը կուսակցության կողմից եւ Կիլիկյան աթոռի քայքայիչ «ասպատակություններն» իր պատմական սահմաններից դուրս:

դ) Փաստորեն Կիլիկյան աթոռի ոտնձգությունները Էջմիածնի իրավասության տակ գտնվող թեմերի նկատմամբ երբեք էլ ընդունելի չեն եղել, եւ եկեղեցու միասնության շուրջ քննարկումներում միշտ էլ մնացել են ամենասուր վիճելի հարցերից մեկը:

Եթե Արամ Ա-ն իր իրավասությունները տարածեր նաեւ Մոսկվայի թեմերի վրա, նա ավելի խորացրած պիտի լիներ եկեղեցու պառակտումը, եւ մի անգամ եւս առաջացներ ժողովրդի ցասումն ու բողոքի ձայնը:

Ահա այս բոլոր պատճառների համար Անթիլիասն ընտրեց չարաբաստիկ արկածախնդրությանը մաս չկազմելու խելամիտ ուղին: Բայց այդ մեծահոգությունը հետադարձորեն միայն Անթիլիասին է ծառայում եւ հեռու է «լավ պահվածքի» համար ժողովրդից միավորներ պոկելու հնարավորությունից:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4