Թուրքիայի ոստիկանության ղեկավար Հասան Յուչեսանն օրերս Անատոլու կիսապաշտոնական գործակալությանը տված հարցազրույցում ժողովրդավարական նվաճում համարեց ոստիկանական տեղամասերում թեյի ավտոմատների տեղադրումը: Նրա կարծիքով, այցելուներին թեյ առաջարկող ոստիկանը չի կարող մարդկանց կտտանքների ենթարկել: Այս կապակցությամբ Ժնեւի «Տան» օրաթերթը գրում է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը հասկանում են պարզունակ ձեւով, երբ արվում են հայտարարություններ, տրվում խուսափողական խոստումներ, ձեռնարկվում կիսամիջոցներ եւ այլն: Մինչեռ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարումները շարունակվում են:
Հուլիսին ոստիկանությունը տարբեր ամբաստանություններով ձերբակալեց մի քանի լրագրողների եւ մտավորականների: Մշակույթի նախարարության նախկին փոխքարտուղար Էմրե Քոնգարը կարող է 6 տարով բանտարկվել, որովհետեւ համարձակվել է քննադատել խորհրդարանին: «Ռադիկալ» թերթի լրագրող Նեզե Դուզելին եւս սպառնում է 6 տարվա բանտարկություն: Նրան մեղադրում են «ցեղային եւ կրոնական ատելություն սերմանելու» մեջ, քանի որ անդրադարձել է շիա փոքրամասնությանՙ հալեւիների վիճակին (նրանց վերջին ջարդը 1993 թվականին էր):
Հուլիսի 17-ին Անատոլու գործակալությունը հաղորդեց, որ 5 լրագրողներ հետապնդվում են 2000-2001 թթ. հոդվածներում զինվորականներին վիրավորելու համար: Նրանք դատապարտել էին բանակի քաղաքական դերը եւ հակաքրդական գործողությունները:
Թուրքական բանտերում նույնպես վիճակը չի փոխվել: Արդարադատության նախարարը հրաժարվում է երկխոսություն սկսել հացադուլավոր բանտարկյալների հետ, թեեւ հացադուլից արդեն 29 մարդ է զոհվել: 32 բանտարկյալներ էլ սպանվել էին անցյալ դեկտեմբերին ոստիկանության ձեռնարկած գրոհի ժամանակ: Հալածանքների է ենթարկվում նաեւ խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ տիկին Սեմա Պիսկինսյութը: Անցյալ տարի նրա ներկայացրած զեկուցագրում նշված էր կտտանքների 980 դեպք: Դատարաններից ոչ մեկը մինչեւ օրս չի զբաղվել դրանց ստուգմամբ, իսկ Սեմա Պիսկինսյութը հեռացվել է հանձնաժողովից: Ներկայումս արդարադատության նախարարությունը պահանջում է նրան զրկել անձեռնմխելիությունից:
Պ. Ք.