Հայ բանտարկյալները Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայի նահանգի բանտերում տեղերը չեն բավականացնում. ներկայումս պետությունն այնտեղ 35 նոր բանտ է կառուցում: Իսկ այժմ գործում են 11 տեղական, 35 պետական եւ 11 դաշնային բանտեր: Բավարար կենսապայմաններից զուրկ եւ արագ հարստանալու մարմաջով բռնված ներգաղթյալներից շատերը հայտնվում են բանտերում: Հայերը բացառություն չեն կազմում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, միայն Կալիֆոռնիայի նահանգում բանտարկված հայերի թիվն այժմ հասնում է 14339-ի: Մեծ մասը դատապարտված է թմրադեղերի վաճառքի, գողության, կավատության համար: «Լոս Անջելես թայմսի» անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ նահանգի բանտերում խոսվող 200 լեզուների մեջ հայերենը 4-րդ տեղն է զբաղեցնում իսպաներենից, վիետնամերենից եւ կորեերենից հետո:
Կալիֆոռնիայի բանտերում լավ են ճանաչում Նազարեթի ավետարանական եկեղեցու հովիվ Պետրոս Հաջյանին: Նա խուսափում է բարձրաշխարհիկ ճաշկերույթներից եւ ջանք չի խնայում մասնավորապես հայ բանտարկյալների վիճակը թեթեւացնելու եւ նրանց ապավեն կանգնելու: Հաջյանը ցավով նշում է, որ հայ համայնքը չի ուզում տեսնել աղետալի երեւույթը: «Երեք տարի առաջ այցելեցի երկու հայ կաթողիկոսներին: Կալիֆոռնիայի բանտերում արդեն 7000 հայ կար, եւ ես կանխագուշակեցի, որ նրանց թիվը կրկնապատկվելու է: Երկու վեհափառները դա համարեցին չափազանցություն եւ տարտամ խոստումներ տվեցին ինձ: Մինչդեռ ես նրանց ներկայացրել էի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները», հայտարարեց Հաջյանը «Նուվել դ՜Արմենի» ամսագրի թղթակցին:
Նահանգում կենցաղային բռնարարքների գծով նույնպես հայերն աչքի են ընկնում: Հարկ է նշել, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչները բանտերում հայտնվում են տարատեսակ պայմաններում: Այսպես, հրեա 500 կալանավորին ընկնում է 120 ռաբբի: Հրեական համայնքը հոգում է փաստաբանական ծառայության, սննդի եւ ուսուցչի ծախսերը: Մինչդեռ հայ համայնքի բոլոր բանտարկյալների հոգսերի բեռը կրում է միայն մեկ սոցիալական աշխատող:
Ճիշտ է, ոստիկանությունն ազգությունների միջեւ որոշ խտրություն է դնում, բայց ամենամեծ խտրությունն իրականացվում է դպրոցում: Հայաստանից եկած հայերը պարտավոր են քննություն հանձնել: Մաթեմատիկայից նրանք, որպես կանոն, բարձր գնահատականներ են ստանում: Մինչդեռ անգլերենի իմացությունը մեծ մասամբ շատ ցածր է գնահատվում: Ուստի հայերին սովորաբար ուղարկում են կրթական հատուկ խմբեր, որոնք նախատեսված են թույլ աշակերտների համար: Ուսումն ավարտելուց հետո նրանց տրվում է համապատասխան վկայական, որը փորձանք է դառնում ամբողջ կյանքում եւ բացառում որեւէ լուրջ աշխատանքի հնարավորությունն անգամ: Կամա թե ակամա այդ հայերը հայտնվում են հանցագործների միջավայրում: Թմրադեղերի առեւտուր, գողություն, կավատություն. Ի վերջո նրանք բանտարկվում են: Այսպիսով, հիշյալ «փաբլիք սքուլ»-ները (հանրային դպրոց) պոտենցիալ հանցագործներ են պատրաստում:
Ի դեպ, հայ բանտարկյալների հոգսերով ապրող հոգեւոր հովիվՀաջյանը եւս անցյալում բանտարկված է եղել: Այդ նախկին լիբանանահայը մանկուց ճաշակել է լքվածության եւ մերժվածության դառնությունը: Կալիֆոռնիայում հասարակության անարդարությունների դեմ հանդիման նա միայն մեկ ելք գտավՙ սեփական բռունցքները: Նա հաճախ էր կռվում շրջապատի մեքսիկացիների հետ եւ մի քանի անգամ դատապարտվեց կարճաժամկետ բանտարկության: Մի անգամ էլ 8 ամսով բանտարկվեց գողության համար: Հուսահատության պահին ըմբռնեց, որ Աստված իր միակ ապավենն է: Սկսեց զբաղվել տեղեկագիտությամբ, ամուսնացավ, բայց չմոռացավ նախկին բախտակիցներինՙ բանտարկյալներին, որոնց օգնելն այժմ իր գլխավոր զբաղմունքն է: Նա վերհիշում է հայերի ու մեքսիկացիների բանտային կատաղի բախումները: Այսօր Հաջյանը կարողացել է հաշտեցնել նրանց:
Հաջյանն առաջարկում է հայ բանտարկյալների համար ստեղծել 1000 տեղանոց վերականգնողական կենտրոն, որը կարելի է բացել միայն համայնքի ուժերով: Իսկ առայժմ Հաջյանի կենտրոնն օթեւան, խորհրդատվություն է տրամադրում երկու տասնյակ բանտարկյալների, ինչպես նաեւ աշխատանք է գտնում նրանց համար:
Պ. Ք.