Տխուր, ցավալի լուր ստացվեց Լոս Անջելեսիցՙ 65 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող Հակոբ Պողոսյանը: Պահը զգալու, կարեւորն անկարեւորից զատորոշելու, հարցերն ուղիղ, ճակատային ձեւով դնելու եւ իր համոզմունքները կրքոտ պաշտպանելու եւ, վերջապես, արագ ստեղծագործելու արտակարգ հատկություններով օժտված մի լրագրող, որի համար լրագրության ասպարեզը չի եղել կենսապահովման միջոց, գոնե մինչեւ 1989 թ.-ին Բեյրութից Մ. Նահանգներ փոխադրվելը:
Ավարտելով ՀԲԸ Միության Հովակիմյան-Մանուկյան վարժարանը, Հ. Պողոսյանը նետվել է կյանքի ասպարեզ եւ 2 տարի անց հավաքած խնայողություններով սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանում: Բիզնեսի ղեկավարման մասնագիտությամբ ավարտելով համալսարանը, երկար տարիներ աշխատել է «Միդըլ իսթ էրլայնզ» ավիաընկերության մեջ որպես թռիչքների ծրագրավորման բաժնի պետ: Հենց շնորհիվ այդ հանգամանքի կարեւոր դեր է կատարել այդ ընկերության ինքնաթիռներով 1975 թ. Բեյրութ-Երեւան չվերթի բացման մեջ, իսկ քիչ ավելի ուշ հիմնական աշխատանք է կատարել այդ չվերթին նվիրված Արարատի նկարով լիբանանյան դրոշմանիշի ստեղծման գործում: Բազմաթիվ թռիչքներ է կազմակերպել դեպի եվրոպական այն քաղաքները, որտեղ փառապանծ «Արարատը» ֆուտբոլային հանդիպումներ էր ունենում:
Դարձյալ նույն պաշտոնի շնորհիվ 1988թ. Սպիտակի երկրաշարժից ընդամենը 4 օր հետո նրան հաջողվեց «Միդըլ իսթ» ընկերության օդանավով տեղ հասցնել Երեւանի բուհերի լիբանանահայ շրջանավարտների ջանքերով շտապ ի մի բերված առաջին օգնությունն աղետյալներին: Արկածալից այդ թռիչքի ավարտին օդանավակայանից ուղղակի «Զարթօնքի» խմբագրություն էր հասցնում հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստված ռեպորտաժը, որը սփյուռքահայ մամուլում լույս տեսած թերեւս առաջին վկայությունն էր «դեպքի վայրից»:
Ռեպորտաժի, հարցազրույցի ժանրերի վարպետ էր Հ. Պողոսյանը: Աշխատանքի ընթացքում հեռակայել եւ որպես լրագրող վկայվել էր Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնից: Սակայն, անկախ դրանից, լրագրողը միշտ էլ ներկա է եղել նրա մեջ: Հասարակական երեւույթների, հարաբերությունների նկատմամբ շահագրգիռ մոտեցումը, իր դիտարկումներն ու տպավորությունները մարդկանց հետ կիսելու բնածին ցանկությունը նրան դարձրել են փնտրված լրագրող: Հարյուրավոր թղթակցություններ, հարցազրույցներ ու վերլուծություն է ստորագրել նա Բեյրութում հրատարակվող «Մեր նշանաբանն է Յառաջ», «Զարթօնք» եւ «Արարատ» թերթերում: Սակայն Հ. Պողոսյանի լրագրողական տաղանդը լրիվ դրսեւորվեց 1989 թ. Բեյրութից Մ. Նահանգներ փոխադրվելուց հետո, երբ նշանակվեց Լոս Անջելեսում լույս տեսնող ՌԱԿ պաշտոնաթերթ «Նոր օրի» խմբագիր: Մինչեւ 1996 թ., երբ անարդար մի որոշմամբ աշխատանքից ազատվեց, Հ. Պողոսյանի խմբագրած «Նոր օրը» վերագտավ իր երբեմնի փառքը, հեղինակությունը, կապը ընթերցողի հետ: Այս ընթացքում դրսեւորվեց նաեւ նրա հեռուստալրագրողի կարողությունը: Շուտով նա դարձավ կարեւորագույն լրագրող-մեկնաբան Լոս Անջելեսի «Հայաստան» հեռուստակայանի, «Բարեւ», «Վարագույր», «Սիլուետ» եւ այլ ծրագրերի, ինչպես նաեւ Armenian National Network-ի: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես Կալիֆոռնիա հաստատված հայաստանցիների շրջապատում, որոնք մինչեւ 1990-ական թթ. անտեսված մասն էին կազմում տեղի հայության եւ Հայաստանի անկախացմամբ ստացել էին ազգային շունչ ու շնչառություն, եւ դրսեւորման առիթներ էին փնտրում: «Նոր օրը» դարձել էր նաեւ նրանց արտահայտիչը: Պատահական չէ, որ 1997 թ. Հ. Պողոսյանն արժանիորեն ստացավ ԹՄ Միության «Վարդգես եւ Ռիտա Բալյան» տարեկան մրցանակը:
Դեռեւս ուսանողության տարիներից Հակոբ Պողոսյանն ընդգրկված է եղել ազգային-հասարակական աշխատանքներում: Եղել ՀԲԸ Միության համալսարանականների միության անդամ, հիմնադիրներից է եղել 1970-ական թթ. շատ ազդեցիկ Լիբանանահայ համալսարանավարտների միության, մաս է կազմել Թեքեյան մշակութային միության եւ «Գրական շրջանակի» վարչություններին, իսկ այնուհետեւ, արդեն Լոս Անջելեսում, Ռամկավար Ազատական կուսակցության շրջանակին, ինչպես նաեւ կարեւոր դերակատարություն է ունեցել հօգուտ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների կազմակերպման ու ներկայացման մեջ:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, Հոլիվուդի Սբ. Հովհաննես հայոց եկեղեցում, ընկերների եւ հիացողների մեծ բազմության ներկայությամբ: Դամբանական են խոսել Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը, ԹՄՄ Կենտրոնական վարչության անդամ, «Ապրիլ» գրահրատարակչության տնօրեն Հարություն Երեցյանը, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Հարություն Սաղրյանը եւ «Նոր օրի» աշխատակից Գեւորգ Քյոշկերյանը: Խոսել է նաեւ «Արմինյն օբզերվեր» շաբաթաթերթի խմբագիր, գրականագետ Օշին Քեշիշյանը, որ խոստացել է տարբեր թերթերից հավաքել եւ հրատարակել Պողոսյանի հոդվածները, որոնք, անկասկած, մի քանի հատոր կկազմեն:
Արժանի գործՙ հայ մամուլի արժանավորագույն մի սպասավորի համար:
Հ. Ա.