«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


ՀՈՒՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ Ալավերդու Հունական բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ողջույնի խոսք ասացին «Միջազգային օգնություն եւ զարգացում» ընկերության նախագահ Արթուր Բոյդ Քեյզը, Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորիս Նիոտիսը, «Հույներն արտասահմանում» համաշխարհային խորհրդի նախագահ եւ բուժգործերի տնօրեն Զալզ Կանակիսը, հումանիտար օգնության բաժնի, ԱՄՆ-ի օգնությունը ԱՊՀ երկրներինՙ կոորդինատորների գրասենյակի տնօրեն Ջերի Օբերդոֆերը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Հունաստանի դեսպանատան հյուպատոս Յակովոս Կարակիդիսը եւ ուրիշներ:

Հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը, ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, համայնքապետներ, բուժաշխատողներ:

Բժշկական կենտրոնը հիմնվել է «Միջազգային օգնություն եւ զարգացում» մարդասիրական կազմակերպության ծրագրային եւ տեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հույներն արտասահմանում» համաշխարհային խորհրդի եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից: Կենտրոնը հնարավորություն կընձեռի թե՚ հույն, թե՚ հայ բնակչությանն օգտվել անվճար բժշկական ծառայություններից: Այն վերականգնվել, համապատասխանորեն համալրվել է բուժսարքավորումներով եւ դեղորայքով:

Ստեղծվել է շրջիկ բժշկական խումբ, բուժքույրերի համար առաջնային առողջության պահպանման ծրագիր է մշակվել, որը կծառայի Ալավերդու շրջակա գյուղերին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4