Մայրաքաղաքի երեկվա օրը մշակութականացված էր բավականինՙ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, ծաղիկներ ու ժպիտ.
ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված լրագրող Վանիկ Սանթրյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մթնոլորտն էլ այդպիսին էրՙ ջերմ ու անկեղծ, ընկերների ու մերձավորների հաճելի ներկայությամբ: Մեր հասարակության մեջ իբրեւ լրագրող է հայտնի Վանիկ Սանթրյանը, որը զբաղվել է նաեւ գրականությամբ: Երեկվա ցուցահանդեսը վկայությունն էր նրա նախասիրությունների բազմազանության: Չլինելով պրոֆեսիոնալՙ նրա գեղանկարչական աշխատանքներն արված են սիրո, գույնի, բնության վառ, կենսաթրթիռ զգացողություններով, նաեւ մեղմությամբ («Ծաղկաձորյան էլեգիա», «Կարմիր իրիկնամուտ», «Քարավան»):
Ցուցահանդեսում ելույթ ունեցողները ջերմորեն արձագանքեցին Վանիկ Սանթրյանի աշխատանքներին: Հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը հիշեց մեր առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի խոսքը, թե հայրենիքը կառուցում են բոլոր այն մարդիկ, ովքեր քարը դնում են քարի վրա: Այդ մարդկանցից է Վանիկ Սանթրյանը, որ տարբեր ուղղություններով է քարը քարի վրա դնում: Իսկ Դանիել Երաժիշտն արվեստագետին համեմատեց հողի հետ (ըստ Ու. Ուիթմենի): Հողը որքան էլ առաթուր, այնուամենայնիվ, փոխարենը ծաղիկ է տալիս. «Այս մտքին ձայնակցում էր դանիացի փիլիսոփա Ս. Կիերկեգորը, որ ասում էր, թե արվեստագետը մի արարած է, որի շուրթերն այնպես են կերտված, որ երբ նրան հարվածում են, եւ նա ցավից ճչում է, քաղցր երգ է ծնվում: Եվ ժողովուրդն ասում էՙ հարվածեք, ծեծեք նրան, որ հարատեւի այդ քաղցրությունը:
Իսկ ընդհանրապես, արվեստագետները երկրի աղն են, որ իմաստավորում են մեր գոյությունը, հոգեկանություն հաղորդում մարդկանց»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ