«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ԵՐԲ ՀԱՎԵՐԺԱՑՎՈՒՄ Է ՊԱՀԸ

Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսում

Իսկական ստեղծագործությունը ներապրումային անմիջական վերարտահայտում է, եւ արվեստագետն արտաքին աշխարհում իրեն ավելի զգալի, ընկալելի եւ հարազատ է համարում հատկապես այն, ինչն ինքն արդեն կրում է իր մեջ: Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանիՙ առանձնության, ներհուն լռությամբ ամփոփուն, գունային մեղմ մոնոտոնայնությամբ բնորոշ ստեղծագործությունները, որ նկարչի ներքին իրականության դրսեւորումներն ենՙ արտահայտված պարզ, անպաճույճ, երբեմն խստաոճ ձեւերով ու նուրբ գծային համադրումներով, վաղուց արդեն հայ կերպարվեստում իրենց մնայուն տեղն ունեն իբրեւ գեղարվեստական արժեք: Նրանք դիտողին տարածության, անսահմանության մեջ են տեղափոխումՙ հանդարտ ու սահուն ընթացքով, այստեղ չկա բազմազանություն ու բազմաձայնություն, երփներանգություն. սա խաղաղ հոգեվիճակ էՙ շատ նրբին դարձդարձում-ելեւէջումներով ու թաքնված մեղմ հուզականությամբ:

Տասը տարիների ընդմիջումով վարպետի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ օրերս նորաստեղծ «Ակադեմիա» պատկերասրահում (Բաղրամյան 24): Առաջին անգամ մեզ մոտ ցուցադրվեցին Հակոբ Հակոբյանի ջրաներկ աշխատանքները (թվով 30 գործ)ՙ հիմնականում բնանկարներ եւ նատյուրմորտներ: Ցուցադրված էր եւս 4 յուղաներկ աշխատանք: Վարպետի աշխատանքների ջրանկարային տարբերակները չնայած էսքիզային փուլ են համարվում, սակայն միանգամայն ավարտուն ու հետաքրքիր ստեղծագործություններ են: Այս ցուցադրությունը նկարչի աշխատանքային խոհանոցի որոշ բացահայտումն է նաեւ: Նրանք բնության հետ նկարչի անմիջական շփման արձագանքներն են: Ջրաներկով այս նկարները ծնվել են հենց բնության գրկում: Պատկերասրահի առանձնամասում տեղադրված գործերից մեկը ժանրային առանձնահատկություններով եւ թեմատիկ առումով առանձնանում էր մյուսներիցՙ կատարված հին հունական դիցաբանության Լեդայի եւ Կարապի հայտնի պատմության մոտիվներով: Անտիկ շրջանից, միջնադարից, վերածնության շրջանից առ այսօր կերպարվեստում եւ գրականության մեջ իր անդրադարձումները բազմիցս ունեցած դիցաբանական առեղծվածային այս թեմային իր ուրույն մեկնաբանությունն է տվել Հակոբ Հակոբյանը: Վերջին շրջանում արված Կարապի եւ Լեդայի կոմպոզիցիոն այս կտավը ստեղծագործական մոտիվների, ոճային եւ թեմատիկ առումներով նոր խոսք է նկարչի արվեստում եւ տարբերվում է մյուսներից:

Ներկայացված բոլոր աշխատանքները հակոբյանական ներաշխարհային ազնիվ արտացոլանքներն են եւ Շահեն Խաչատրյանի խոսքերով «գեղեցիկ են այնքան, որքան մարդու սրտից բխած անկեղծ խոսքը, սիրո խոստովանանքը եւ կամ բանաստեղծության տողը»:

«Ակադեմիա» պատկերասրահը գեղագիտական իր սկզբունքներով եւ տենդենցներով հետամուտ է որոշակի նպատակների: Այս համագործակցումը դասական համարվող նկարչի եւ երիտասարդության հետ հոգեւոր կապի ճանապարհ է բացում նաեւ: «Ես առաջարկում եմ երիտասարդներին այցելել այս տարածք, երկխոսություն սկսել վարպետի անցած ուղու հետ, նաեւ առաջարկում եմ սերունդների փոխկապակցության խնդիրը դնել, հարաբերվել, հասկանալ գեղագիտության, գեղեցիկի եւ բարձր խոսքի իմաստը», այսպիսին էր ցուցահանդեսի նպատակներից մեկն ըստ Մանվել Բաղդասարյանի:

Երեկոյի տաք մթնոլորտի, խոսքերի, հույզերի «աղմուկի» մեջ փորձեցի իմանալ Արա Գուրզադյանի տպավորությունը, որի աշխատանքները վերջերս ցուցադրվեց նույն պատկերասրահում: «Հակոբ Հակոբյանին համարում եմ այսօր ապրող միակ վարպետը, որ ստեղծել եւ շարունակում է ստեղծել իսկական արվեստ իր հնչեղությամբ, իր սահմանների, ձեւերի մեջ, որը տարբերվում է Հայաստանում ընդունված գունային առատությունից հաճախ անճաշակության ոլորտը տանող արվեստից: Հակոբյանին հաջողվել է ստեղծել բարձրագույն որակի մի էսթետիկա, որտեղ Հայաստանը եւ հայկական բնությունը ներկայացված են բարձր էսթետիկական մակարդակով:

Պատկերասրահը, քանի որ հետապնդում է հնարավորինս ճշմարիտ արվեստ ներկայացնելու միտումներ, եւ Հակոբյանը մեր դասականներից մեկն է, ուստի եկանք համաձայնության, որ ժամանակակից նկարիչների հետ մեկտեղ ներկայացնենք արդեն մեծ կյանք ապրած վարպետին, որ երեւույթ է մեր մշակութային իրականության մեջ, եւ կարծում եմՙ տասնամյակներ հետո նրան ըստ արժանվույն կգնահատեն եւ ի տարբերություն այսօրվա վսեվդոժամանակակիցների, նա կմնա պատմության մեջ իբրեւ մի շատ հետաքրքիր եւ լուսավոր կետ: Սրանով ժամանակակից արվեստի տենդենցները փորձում ենք կապել դասականի հետ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4