«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ՆՅՈՒ ՅՈՐՔՆ ԱՂՈԹՈՒՄ, ԱՍՏԾՈՒՑ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Է ԱՂԵՐՍՈՒՄ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք

Ամերիկյան հետախուզական ծառայությունները չեն բացառում, որ ահաբեկիչները ԱՄՆ տարածք մուտք գործած լինեն Կանադայից: Անշուշտ, չի բացառվում: Մինչդեռ ամերիկացի լրագրողները հարցնում ենՙ ինչպե՞ս է ահաբեկիչներին հաջողվել միաժամանակ զավթել չորս ինքնաթիռ երեք տարբեր, ընդ որումՙ կարեւոր, կենտրոնական օդակայաններումՙ Բոստոնում, Վաշինգտոնում, Նյուարքում: Ինչո՞ւ է օդակայանի անվտանգությունը «քնել»: Ինչո՞ւ օդային երթեւեկության հսկողությունը չի արձանագրել, որ օդանավերը դուրս են եկել ուղեգծից: Ինչո՞ւ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն կանխել ահաբեկչությունը: Ինչպե՞ս է ահաբեկիչներին հաջողվել հարվածել ԱՄՆ հզորության, անպարտելիության խորհրդանիշ Պենտագոնին: Այս վերջին հարցին Սպիտակ տան խոսնակ Ֆլեյշերն արդեն պատասխանել էՙ ահաբեկիչները նպատակ են ունեցել հարվածել Սպիտակ տանը, բայց չեն հաջողել, եւ օդանավը բախվել է Պենտագոնին:

Մյուս հարցերին անիմաստ կամ ուշ է պատասխաններ փնտրելը: Փլատակների տակ հազարավոր մարդիկ սպանված են, լավագույն դեպքում, այն էլ փոքր մասը, դանդաղ մեռնում է: Բջջայիններով ավերակներից տուժածները զանգահարում, օգնություն են խնդրում: Ավերակների տակ գտնվողներից շատերի բջջայինը չի պատասխանում: Սարսափելի, աննկարագրելի բան է: Մանհեթենի ֆինանսական թաղամասում ժամանակը վազում է, թռչում վայրկյանի պես:

Զոհերի մասին ստույգ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվումՙ ենթադրվում է մեկ, երկու, երեքտասն հազարից ավելի: Սեպտեմբերի 11-ը արդեն համարվում է ամերիկյան ողբերգության օր: Հետաձգվել են բեյսբոլի լիգայի հերթական տուրի բոլոր 15 հանդիպումները: Նման բան չէր եղել վերջին 56 տարիներին: Միայն 1945 թ. ապրիլին, երբ մահացավ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, հետաձգվեցին բեյսբոլի հանդիպումները:

Երեկ ֆեդերալ հետախուզությունների բյուրոյի (FBI) տնօրեն Ռոբերտ Մյոլլերը հայտարարեց, որ ահաբեկիչները զինված են եղել դանակներով (ենթադրվում էՙ պլաստիկ), ունեցել են ռազմական օդանավեր վարելու հմտություն: Ահաբեկչության մեջ ուղղակի կասկածվող որեւէ մեկը դեռեւս չի ձերբակալվել: ABC հեռուստատեսությունը ցուցադրեց, թե ինչպես են ձերբակալում մեկին, որի անուղղակի մասնակցությունը չի բացառվում: Եվս երկուսը ձերբակալվել, ապա ազատ են արձակվել: Կենտրոնական հետախուզության (CIA) պաշտոնյաները չեն կասկածում, որ ահաբեկիչներն օգնություն են ստացել Բոստոնի, Նյուարքի եւ Վաշինգտոնի օդակայաններից: Ասվում է, որ ահաբեկիչ-կամիկաձեներից առնվազն երկուսը վերջին 1-1,5 տարիներին բնակվել են Ֆլորիդայում, այսինքն այն ժամանակ, երբ նախագահ Բուշը նահանգի նահանգապետն էր: FBI-ի պաշտոնյաները վստահ են, որ Փենսիլվանիայում կործանված օդանավն ահաբեկիչները նպատակ են ունեցել իջեցնել Քեմպ Դեյվիդի վրա, այսպես փորձելով նշել 1978 սեպտեմբերի 11-ին Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ պայմանագիր ստորագրելու օրը:

Այնուամենայնիվ, թիվ 1 կասկածյալը շարունակում է մնալ Ուսամա բեն Լադենը, որի «Ալ Ղաիդա» ահաբեկչական կենտրոնակայանում իբր վարժվել են ահաբեկիչները: Նյու Յորքի հեռուստատեսությունները (սեպտեմբերի 12-ին թերթեր լույս չտեսան, նույնիսկՙ «Նյու Յորք թայմսը») մեջբերում են Լոնդոնում լույս տեսնող արաբատառ «Ալ գադա» թերթի խմբագիր Աբդել Արվանին, որը մի քանի շաբաթ առաջ բեն Լադենին մերձավոր մահմեդական ահաբեկիչներից զգուշացում էր ստացել, որ ԱՄՆ-ի դեմ խոշոր հարձակումն անխուսափելի է:

Նյու Յորքի բացառապես բոլոր TV-ները բավականին լուրջ աշխատում են հասարակական կարծիք ձեւավորելով, անընդհատ շեշտում, որ այդ ահաբեկչությունն առնչություն չունի ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականության հետ: Քարոզչությունն առավել վստահելի դարձնելու նպատակով ուղիղ կապ է հաստատվում Թել Ավիվի հետ: Ահա էկրաններին Իսրայելի նախկին վարչապետ Եհուդ Բարաքն է, որն իր ջարդուփշուր անգլերենով հայտարարում է, թե պետք է հետաքննություն կատարվի Իրաքի, Իրանի, Սիրիայի, Եմենի, Սուդանի, Լիբիայի նկատմամբ: Այս պետություններին ԱՄՆ-ը դասում է ահաբեկիչ կամ ահաբեկչությունը հովանավորող երկրների շարքում: Ահա եւ Վաշինգտոնի մյուս հարգարժան հյուրըՙ Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը, որն ահաբեկչություն կազմակերպելու մեջ չի բացառում Պաղեստինի, ընդհանրապես մահմեդական կազմակերպություններինՙ «Համաս», «Իսլամական ջիհադ», «Հզբոլլահ»: Էկրանի մյուս հատվածում ցույց է տրվում Արեւմտյան ափին ցնծություն ապրող պաղեստինցիներին, ապա մեջ է բերվում Յասեր Արաֆաթը եւ խորը ցավ հայտնում նախագահ Բուշին, ամերիկացիներին: Պերեսին հարց է տրվումՙ Դուք հավատո՞ւմ եք Արաֆաթի անկեղծությանը: Պերեսի պատասխանը կարեւոր չէ, հասարակ ամերիկացին էկրանի վրա տեսնում է ծերությունից դողացող Արաֆաթին, մտածումՙ գող, սիրտըՙ դող: TV-ներով ելույթ են ունենում տասնյակ վերլուծաբաններ, վստահեցնում, թե այս ահաբեկչությունը կապ չունի ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականության հետ, ընդհակառակը, փորձ է արվում կարծիք ձեւավորել, որ ահա այսպես, ինչպես Նյու Յորքը ենթարկվեց ահաբեկչության, ամեն օր նույնը կատարվում է Իսրայելում: Անշուշտ, ԱՄՆ-ում շատերը չեն մոռացել Ջորջ Բուշի խոսքերը, որ Արիել Շարոնը չպետք է բանակցի ահաբեկիչների հետ: Մինչդեռ հասարակ ամերիկացիները, մասնավորապես ԱՄՆ մահմեդական քաղաքացիները կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է խորհի իր միջինարեւելյան քաղաքականության մասին, այլապես նման ահաբեկչությունները կարող են խրոնիկ դառնալ:

Արտահայտվում են նաեւ ֆանտաստիկ կարծիքներ, ինչպես օրինակ, մեկ օր ժամանակ տալ, Քաբուլի բնակիչներին հորդորել հեռանալ ապահով վայրեր, ապա սկսել Քաբուլի ռմբահարումները: Նույնըՙ Իրաքին, Իրանին, Լիբիային, Սիրիային: Անշուշտ, Վաշինգտոնը նման գործողությունների հարուստ փորձ ունի: Հիշենք Հարավսլավիան, երբ Միլոշեւիչին ձերբակալելու նպատակով ԱՄՆ-ը եւ իր նատոական դաշնակիցներն ավերեցին Սերբիայի ինֆրակառուցվածքը: Կամ հիշենք Իրաքը. Մի Սադդամ Հուսեյն ոչնչացնելու համար ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդուժը տարիներ շարունակ ռմբահարում է Իրաքը, որի հետեւանքով զոհվում են հազարավոր անմեղ քաղաքացիներ: Դժվար թե այս պարագայում Բուշը օգտագործի Քլինթոնի մեթոդոլոգիան: Մեկ բան ակնհայտ է. Բուշը չի փոխի ԱՄՆ միջինարեւելյան քաղաքականությունը, կշարունակի միակողմանի պաշտպանել Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ Վաշինգտոնի միջինարեւելյան քաղաքականությունը կառուցված է նավթի վրա եւ քանի դեռ ԱՄՆ տնտեսությունն ուղղակի կապ ունի Միջին Արեւելքի նավթից, այդ քաղաքականությունը, ռազմավարությունը չի փոխի եւ կշարունակի աջակցել Իսրայելին:

Երեկ Նյու Յորքը, Ամերիկան աղոթում, Աստծուց ողորմություն, գթասրտություն էին աղերսում:

Աղոթենք բոլոր զոհերի համար:

Աղոթենք Սերբիայի զոհերի համար:

Աղոթենք Իրաքի զոհերի համար:

- Արդեն հայտնի են կոնկրետ անուններով 3.700 կորածների, այսինքնՙ զոհերի անունները:

- ԱՄՆ գլխավոր դատախազ Ջոն Ալքրովթը հայտարարեց, որ յուրաքանչյուր օդանավ զավթել է 3-6 ահաբեկիչ, որոնք որպես սովորական ուղեւորներ տեղավորվել են իրենց տեղում, ապա թռիչքից քիչ անց դանակներով հարձակվել օդանավի անձնակազմի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4