«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԴ ԼԻՆԵՆ ՎՍՏԱՀԵԼԻ ՈՒ ՀԱՎԱՏԱՐԻՄ...

ՀՌԱԿ Գյումրու մասնաճյուղը համալրվեց եւս մեկ ակումբով

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Գյումրիում գործող 5 ակումբներինՙ «Արշալույս», «Թերլեմեզյան», «Շիրակացի», «Մխո Շահեն», «Վահան Թեքեյան», ավելացավ եւս մեկըՙ «Գյումրին»: Ակումբի 13 անդամների երդման արարողությանը ներկա գտնվելու նպատակով Գյումրի էին մեկնել կուսակցության ներկայացուցիչներըՙ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի գլխավորությամբ: Մինչ երդման արարողությունը, ՀՌԱԿ փոխատենապետը զրուցեց նորընծա կուսակցականների հետ, ներկայացրեց ՌԱԿ-ի անցյալն ու ներկան թե՚ սփյուռքում, թե՚ Հայաստանում: Մասնավորապես նշեց, թե ներկայումս առիթ-անառիթ ձեւավորվում են կուսակցություններ ու քաղաքական ուժեր, սակայն «կուսակցություն կարող է ձեւավորվել ու կայանալ միայն մեկ դեպքումՙ եթե կա հստակ գաղափարախոսություն»: Այդօրինակ գաղափարախոսության առկայությունն է, նրա խոսքերով, հիմք հանդիսացել, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը գոյատեւի ավելի քան 100 տարի եւ շարունակի մնալ արդիականՙ թե՚ իր գաղափարներով, թե՚ գործելակերպով: Փոխատենապետը հիշեցրեց նաեւ, որ այս տարին նշանակալից է լինելու կուսակցության համար, քանզի տոնվելու է միանգամից 2 հոբելյանՙ ՀՌԱԿ-ի հիմնադրման 10-ամյակը եւ ՌԱԿ-ի հիմնադրման 80-ամյակը:

Ակումբի անդամներին, որոնք համալրեցին Գյումրու բազմամարդ մասնաճյուղը, ՀՌԱԿ փոխատենապետն անկեղծ հարց ուղղեցՙ անկեղծ պատասխանի ակնկալիքով. «Այսօրվա նորագիր անդամների շարքում կա՞ն այնպիսիք, որոնք դեռեւս վերջնականորեն չեն կողմնորոշվել, թե ինչո՚ւ են անկուսակցականի կարգավիճակը փոխարինել կուսակցականով, մարդիկ, ովքեր դեռեւս տատանվում են.»: Ակումբի անդամների պատճառաբանություններից կարելի էր տարանջատել մի միտք, որի շուրջ բոլորն էլ համակարծիք էին. «Այս կուսակցության մեծաթիվ առավելություններն էլ գիտենք, առկա թերություններն էլ, սակայն մեր որոշումը հաստատ է եւ թելադրված ՀՌԱԿ-ի գաղափարների հավատով ու հարգանքով, քանի որ մեզ այսօր այդպիսի գաղափարախոսություն է անհրաժեշտ.»: ՀՌԱԿ փոխատենապետը հավելեց, թե Հայաստանում կուսակցության 10-ամյա կենսագրության ընթացքում եղել են պահեր, երբ կուսակցականների թվաքանակը գերազանցել էր 6 հազարը, իսկ ներկայումս 2 հազար է, սակայն խնդիրն այն չէ, որ լոկ թղթի վրա ունենաս 10 հազար կուսակցականի անուն (ինչը եւ ապացուցեց ՀՌԱԿ-ի տխուր փորձը), այլ որ ունենաս վստահելի ու հավատարիմ կուսակցական ընկերների միասնական կազմ, թեպետՙ ոչ մեծաքանակ:

Նույն օրը տեղի ունեցան «Գյումրի» ակումբի ատենապետի, փոխատենապետի եւ վարչության անդամների ընտրությունները. ատենապետ ընտրվեց Վաղարշակ Հովհաննիսյանը, փոխատենապետՙ Լեւոն Մխիթարյանը:

Ընտրությունների ավարտին մենք եւս դիմեցինք նորագիր կուսակցականներինՙ պարզելու, թե ինչո՞ւ այլ կուսակցությունների, քաղաքական շատ ավելի ազդեցիկ ուժերի թվում նախընտրեցին ՀՌԱԿ-ը: Մի քանիսի պատասխանը մեզ համար անակնկալ էր. «Որովհետեւ ռամկավարները համեստ են»: Իսկ մեկ այլ հարցի, թե ի՞նչ են ակնկալում այս կուսակցությանն իրենց անդամակցությունից, պատասխանեցին. «Մեր ակումբի անդամների թվում գործազուրկներ չկան, այնպես որ, աշխատանք չենք ակնկալում ՀՌԱԿ-ից: Սակայն ակնկալում ենք պաշտպանություն, քանի որ մենքՙ սովորական քաղաքացիներս, ամեն պահի, ամեն իրավիճակում բախվում ենք մեր իրավունքների ոտնահարմանը, մեր պահանջների անտեսմանը: Եվ ամեն անգամ ուզում ենք որեւէ մեկին դիմել մեր հոգսերով ու խնդիրներովՙ վստահ, որ այդ դիմումներն անհետեւանք չեն մնա: Վստահ ենքՙ ՀՌԱԿ-ը կդառնա այդ հենարանը մեզ համար.»:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4