ՆԱՏՕ-ի օդային հարվածներով փոխահատուցողի դերում թերեւս առաջինը հայտնվի Աֆղանստանը
Հին աշխարհի խոշորագույն զորավարներից Կարթագենի պետական եւ ռազմական գործիչ Հաննիբալն ասել էր. «Չկա ավելի վտանգավոր զենք, քան հանուն գաղափարի անձնազոհությունից չխուսափող մարդը»: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական աննախադեպ գործողությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում մի անգամ եւս հաստատեցին Հաննիբալի թեւավոր այս խոսքերի ճշմարտացիությունը:
FBI-ի տվյալներով, առեւանգված 4 ինքնաթիռներից յուրաքանչյուրում եղել է 3-6 ահաբեկիչ, որոնց, ընդամենը սառը զենքի կիրառմամբ, հաջողվել է ոչնչացնել ոչ միայն օդաչուներին, այլեւ առեւանգել եւ վարել դրանք: Սա խոսում է ահաբեկիչների պատրաստվածության բարձր մակարդակի մասին, ինչը չեն թաքցնում ամերիկացիները: CNN-ն իր հերթին ենթադրում է, որ ամբողջ գործողություններին 50 մարդ է մասնակցել: Խոսքը տվյալ դեպքում գործողություններն իրագործողների եւ նրանց անմիջականորեն աջակցողների մասին է: Ահաբեկչության հարցերի մասնագետները միահամուռ նշում են, որ ահաբեկչական գործողությունները ծրագրումից իրագործմանն անցնելու համար ահաբեկիչներն առնվազն 1 տարվա կազմակերպչական աշխատանքներ պետք է ծավալեին: Հենց այս հանգամանքն էլ վիճարկման առարկա է դարձնում ինչպես CIA-ի, այնպես էլ FBI-ի գործունեության արդյունավետությունը: Ամերիկացիները ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել վերոհիշյալ ծառայությունների անգործության փաստի հետ: Թուրքական հեռուստատեսության վկայությամբ CIA-ի եւ FBI-ի դեմ հետզհետե սաստկանում է ամերիկացիների զայրույթը: Սակայն դա ամենեւին չի նպաստում ահաբեկչության կազմակերպիչների բացահայտմանը: Նույնիսկ չի հաջողվում ճշտել գործողություններն իրագործողների ինքնությունը: Պարզապես չստուգված տվյալներով կարծիք է հայտնվում, թե վերջիններսՙ շուրջ 20 մարդ, մեծ մասամբ Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, իսկ նրանցից երկուսըՙ հավանաբար Արաբական Միացյալ Էմիրությունների:
Այլ կերպ, ԱՄՆ-ի պատմության մեջ աննախադեպ այս ահաբեկչությունը շատ թանձր մշուշով է ծածկված: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ահաբեկիչների թիկունքում կանգնած կազմակերպությունը նորաստեղծ է, ուստի ամերիկյան եւ արեւմտյան հետախուզությունը չի հասցրել նրա մեջ ներթափանցել, կամ հին կազմակերպություն է, բայց երկար տարիներ զերծ մնալով ահաբեկչական գործողություններից, իր գոյությունը մոռացության է տվել, ուստի վրիպել է ուշադրությունից, կամ դրսից ղեկավարվելով հանդերձ, ներսից լուրջ աջակցություն է ստացել, կամ ապավինել է որեւէ հզոր պետության հետախուզական ծառայությունների աջակցությանը, կամ էլ ձեւավորել է հենց ամերիկյան քաղաքական համակարգի ներսում: Կասկածյալների թվին կարելի է դասել նաեւ գլոբալիզմի հակառակորդներին:
Հարկ է սակայն նշել, որ ենթադրությունները վերջնական հետեւությունների համար լուրջ հիմքեր չեն տալիս: Նկատի ունենալով կատարված ահաբեկչական գործողությունների ծավալները, որոնք նախնական տվյալներով առնվազն 10 հազար մարդու կյանք են խլել եւ նվազագույնս պատճառել 20 մլրդ դոլարի նյութական վնաս, վերոհիշյալ ենթադրություններն ընդամենը նոր հարցեր են առաջացնում: Առհասարակ ահաբեկչական գործողությունները համապատասխան ազդանշանի հաղորդման նպատակ են հետապնդում: Այս իսկ պատճառով էլ գործողություններից հետո դրա պատասխանատվությունն իր վրա է վերցնում իրականացնող կազմակերպությունը:
ԱՄՆ-ի պարագայում ոչ մի կազմակերպություն գործողությունների պատասխանատվությունը դեռ չի ստանձնել: Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ: Արդյոք ահաբեկչական որեւէ կազմակերպություն ունի՞ այդպիսի ծավալների գործողություններ ծրագրելու, դրանք կազմակերպելու եւ իրականացնելու կարողություններ: Ինչ վերաբերում է ահաբեկչության դրսից պետականորեն կազմակերպման հանգամանքին, ապա ո՞ր պետությունը, նախապես քաջատեղյակ լինելով ԱՄՆ-ի հակազդեցության կարողություններին, կհամարձակվի նման քայլի դիմել:
Սրանք հարցեր են, որոնք սպառիչ պատասխաններ են պահանջում: Բայց ահաբեկչական աներեւակայելի գործողությունները պաշտոնական Վաշինգտոնին կաթվածահար են արել, ամերիկյան ժողովուրդը հայտնվել է մղձավանջի մեջ, իսկ ԱՄՆ-ի դաշնակիցները մատնվել են խուճապի: Ահա թե ինչու նախագահ Բուշը «ահաբեկչության համար վախկոտ ահաբեկիչներին փոխհատուցելու» մղումով կատարվածը ոչ թե ահաբեկչություն է որակում, այլՙ ռազմական գործողություն, որպեսզի ԱՄՆ-ը դեռ չբացահայտված թշնամու դեմ կարողանա դիմել նման գործողությունների: Նա միաժամանակ նախազգուշացնում է այն երկրներին, որոնք գտնվում են «ահաբեկչությունն աջակցողների» ամերիկյան ցուցակում: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն այդ հարցում, թուրքական մամուլի վկայությամբ, քաջալերում է Բուշին, ասելով. «Մեղավորների հայտնաբերմանն սպասելն իմաստ չունի, պետք է անհապաղ հարվածել: Նման իրավիճակում ապացույցների որոնումը խիստ վտանգավոր է»: Իր հերթին Կոնգրեսը պահանջում է «բնակչության վիշտը թեթեւացնելու համար ահաբեկչության պատասխանատուներին շուտափույթ հայտնաբերել եւ առանց ժամանակ կորցնելու պատժել»:
CIA-ն եւ FBI-ն ըստ երեւույթին ընդառաջ գնալով Բուշի եւ Կոնգրեսի մտահղացումներին, իրենց պարտքն են համարում որոնել ԱՄՆ-ի հավանական թշնամիներին: Այսպիսով, ահաբեկչության կազմակերպիչների ցուցակում հերթականությամբ հայտնվում են Ուսամա բեն Լադենը, Եգիպտոսի «Իսլամական Ջիհադ» կազմակերպությունը, թալիբների կառավարությունը, եւ վերջապես, Լիբիայից Աֆղանստան ընկած տարածքում գտնվող այն բոլոր երկրները, որոնց իշխանություններն ամերիկամետ քաղաքականությամբ բոլորովին աչքի չեն ընկնում:
Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը մտահոգված է ոչ թե ահաբեկիչների թիկունքին կանգնածների բացահայտմամբ, այլ կատարված ահաբեկչությունը որպես առիթ օգտագործելու միջոցով երկրներին պատժելու, ինչպես նաեւ Աֆղանստան-Լիբիա հատվածում ՆԱՏՕ-ի ներկայության ու ծավալման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համար: Այդ առումով պատահական չէ ահաբեկչության համար փոխհատուցման հարցում ԱՄՆ-ին աջակցելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը եւ հատկապես Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի ռազմական այս կառույցի պատմության մեջ առաջին անգամ կիրառումը: Համաձայն դրա, ՆԱՏՕ-ի անդամներից մեկի դեմ կատարված հարձակումը մյուս բոլոր 18 անդամների դեմ կատարված է համարում: Այսպիսով, ԱՄՆ-ն առանց կազմակերպիչներին բացահայտելու «գլոբալ ահաբեկչության» դեմ թե՚ պատերազմ է հայտարարում եւ թե՚ այդ պատերազմում ապահովում է ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը:
Իսկ թե ո՞վ կամ ովքե՞ր են դառնալու առաջիկա պատերազմի զոհը, շուտով կերեւա: Համենայն դեպս, թուրքական պետհեռուստատեսությունը սեպտեմբերի 13-ի առավոտյան նշեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է օդային հարված հասցնել Աֆղանստանին: Սա հավանակա՞ն է, միանգամայն: Ի վերջո, չմոռանանք, որ Ուսամա բեն Լադենը որպես ահաբեկիչ CIA-ի ճամբարներում է անցել իր պատրաստվածությունը: Իսկ թալիբներին Աֆղանստանում իշխանության են բերել ամերիկացիները, բայց ժամանակի ընթացքում, եթե վերջիններս դուրս են եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից, ապա բեն Լադենը պատերազմ է հայտարարել նրանց:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ